Բաժիններ՝

Հնդկաստանը մտադիր է չեղարկել Ջամուի և Քաշմիրի նահանգի հատուկ սահմանադրական կարգավիճակը

Հնդկաստանի կառավարությունը հայտարարել է Սահմանադրության 370 հոդվածի չեղարկման մասին, որը Ջամուի եւ Քաշմիրի նահանգն օժտում է հատուկ կարգավիճակով: Այդ մասին հայտնել է Հնդկաստանի ներքին գործերի նախարար Ամիթ Շահը՝ ելույթ ունենալով երկրի խորհրդարանում: «370 հոդվածը, որը Ջամուի եւ Քաշմիրի նահանգն օժտում է հատուկ կարգավիճակով, պետք է չեղարկել:

Ջամուի եւ Քաշմիրի կառուցվածքը պետք է վերակազմվի»,-ասել է նախարարը, որի ելույթը հեռարձակել են հնդկական հեռուստաալիքները: Որոշումը, որը բովանդակում է համապատասխան առաջարկությունը, ստորագրել է նախագահ Ռամ Նաթհ Քովինդը, հայտնել է Ամիթ Շահը եւ պատգամավորներին ցույց տվել այդ փաստաթուղթը: Հնդկաստանի խորհրդարանի ստորին պալատում (Լոկ սաբխե) մեծամասնությունը պատկանում է կառավարող Հնդկաստանի ժողովրդական կուսակցությանը, ինչն ապահովում է կառավարության որոշումների հաստատումն այս օրենսդիր մարմնի կողմից:

Հնդկաստանի Սահմանադրությամբ Ջամուն եւ Քաշմիրը հատուկ ինքնավարություն ունի, այս նահանգում բոլոր օրենքները, որոնք ընդունվել են կենտրոնական կառավարության կողմից (բացառությամբ պաշտպանության, արտաքին կապերի եւ մի քանի այլ բնագավառների վերաբերողների), պետք է արժանանային տեղական ասամբլեայի հավանությանը: Հնդկաստանի մյուս շրջանների բնակիչներն իրավունք չունեին հող գնել Քաշմիրում: Նահանգն ունի իր սեփական դրոշը, որը կարգավիճակով հավասար է պետականին եւ այլն:

Կառավարության առաջարկության համաձայն, Ջամուն եւ Քաշմիրը կորցնում է նահանգի կարգավիճակը եւ դառնում միութենական տարածք (ավելի քիչ իրավունքներ ունի, քան նահանգը), նրանից անջատվում է Լադաքհ պատմական մարզը, որը նույնպես դառնում էմիութենական տարածք: Նաեւ այլ փոփոխություններ են սպասվում Քաշմիրի կարգավիճակի եւ կառավարման ոլորտում: Ընդսմին Ջամուն եւ Քաշմիրը կպահպանի իր օրենսդիր մարմինը, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս