Նիկոլ Փաշինյանի՝ Ստեփանակերտում հրավիրած հանրահավաքին «Ազատ հայրենիք»-ը կմասնակցի ավելի քան 10.000 հոգով. Արայիկ Հարությունյան

Այսօր՝ օգոստոսի 5-ին, Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրավիրած հանրահավաքին Արցախի նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանի գլխավորած քաղաքական ուժը կմասնակցի ավելի քան 10.000 կուսակից և համակիր անդամներով:

«Ազատ հայրենիք» կուսակցության մամուլի կենտրոնի փոխանցմամբ՝ այս մասին քիչ առաջ իր ֆեյսբուքյան էջում գրել է Արայիկ Հարությունյանը՝ մասնավորապես նշելով, որ, ամփոփելով Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում կայանալիք համահայկական նշանակության հանրահավաքի կազմակերպմանն ուղղված «Ազատ հայրենիք» կուսակցության աշխատանքները, հայտարարում է, որ Արցախի բոլոր համայնքներից, (առանց մայրաքաղաքի ակտիվի) կուսակցության անդամ և համակիր ավելի քան 10.000 քաղաքացիներ կմասնակցեն այս շատ կարևոր նախաձեռնությանը:

«Իսկ Ստեփանակերտի մեր համախոհները ժամը 18:30-ին դեպի հրապարակ կշարժվեն «Սպայի տան» հարակից տարածքից՝ իմ առաջնորդությամբ:

Սիրելի՛ հայրենակիցներ

Իմ երախտագիտությունն եմ հայտնում ձեզ կոչիս արձագանքելու համար և մեկ անգամ ևս հորդորում անմասն չմնալ այս պատմական իրադարձության՝ հավուր պատշաճի կայացման գործում մեր լուման ներդնելուց:

Կեցցե՛ն Արցախի և Հայաստանի Հանրապետությունները:
Կեցցե՛ Հայրենիք-Սփյուռք անխախտ միասնությունը:
Կեցցե՛ հայ ժողովուրդը, որ Ազատ Հայրենիքում արդեն իսկ կերտում է իր արժանապատիվ ապագան»,- նշել է Ա. Հարությունյանը:

Տեսանյութեր

Լրահոս