Իրանի ԱԳ նախարարը «դիվանագիտության ձախողում» է համարել իր դեմ սահմանված ԱՄՆ-ի պատժամիջոցները
Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը դիվանագիտական ջանքերի ձախողում է որակել իր նկատմամբ ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցները: Այդ մասին նա հայտարարել է օգոստոսի 5-ին Թեհրանում կայացած մամուլի ասուլիսում:
«Իմ նկատմամբ պատժամիջոցները նշանակում է հրաժարում երկխոսությունից եւ Վաշինգտոնի դիվանագիտության ձախողումը»,- Զարիֆի խոսքը մեջբերել է ISNA գործակալությունը: Նա հավելել է, որ «ԱՄՆ-ը չկարողացավ կոալիցիա կազմել Հորմուզի նեղուցում, իսկ նրա դաշնակիցները չեն ցանկանում միանալ նրա այդ ձեռնարկմանը»:
Նախարարը հայտարարել է, որ «Իրանի առաջընթացն ու զարգացումը լավագույն պատասխանը կլինեն ԱՄՆ-ի ճնշման ու տնտեսական ահաբեկչության քաղաքականությանը: Ոչ մի կայսրություն հավերժական չէ, եւ մենք կանգուն կմնանք այս պայքարկում՝ հենվելով Իրանի ժողովրդի վրա», հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը: