
Էրդողանը հայտարարել է նոր ռազմական գործողություններ սկսելու մասին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Բուրսայի քաղաքային հիվանդանոցի և Ստամբուլ-Իզմիր մայրուղու բացման արարողության ժամանակ հայտարարել է Եփրատ գետի արևելյան շրջաններում ռազմական գործողություններ սկսելու մասին:
Այս մասին հայտնում է թուրքական «Միլլիեթ» լրատվամիջոցը:
«Մենք Սիրիայից Թուրքիային ուղղված սպառնալիքները կանխելու համար մտանք Աֆրին, Ջերաբլուս և Էլ-Բաբ: Հիմա էլ ռազմական գործողություններ ենք սկսելու Եփրատ գետի արևելյան շրջանների նկատմամբ»,- հայտարարել է նախագահը:
Թուրքիան Սիրիայի հյուսիսային շրջանները «Իսլամական պետություն» խմբավորման զինյալներից մաքրելու պատրվակով 2016-2017 թվականների ընթացքում իրականացրել է «Եփրատի վահան» անունը կրող ռազմական գործողությունները, որոնց շրջանակներում հարվածներ են հասցվել Սիրիայի քրդերին: Գործողությունները սկսվել էին սահմանային Ջերաբլուս քաղաքից, ապա թուրքական զորքերը մտել էին Էլ-Բաբ: Ավելի ուշ՝ 2018 թվականին, նույն պատրվակով թուրքական բանակը ռազմական գործողություններ էր սկսել Աֆրինի շրջանում, որը ստացել էր «Ձիթենու ճյուղ» անվանումը: