Բաժիններ՝

Բողոքի հակակառավարական ակցիաներ են տեղի ունենում Ալժիրի մայրաքաղաքում. TSA

Օգոստոսի 2-ին բողոքի հակակառավարական ակցիաներ են տեղի ունենում Ալժիրի մայրաքաղաքում, դրանց մասնակիցները պահանջում են երկրում իրականացնել իրական ժողովրդավարական բարեփոխումներ, փոխարինել կառավարող էլիտան եւ դատել կոռուպցիոներներին: Այդ մասին հայտնել է TSA տեղեկատվական պորտալը: Խաղաղ երթերին ու հանրահավաքներին մասնակցելու համար հավաքվել են երիտասարդական եւ արհմիութենական շարժումների հազարավոր ակտիվիստներ, իրավապաշտպաններ եւ սովորական քաղաքացիներ:

Նրանք քաղաքի կենտրոն են եկել ազգային դրոշներով: Շատերը երգում են հայրենասիրական երգեր եւ կարգախոսներ վանկարկում ալժիրցիների միասնության մասին՝ անկախ էթնիկական պատկանելությունից:

«Մենք ցանկանում ենք քաղաքացիական, այլ ոչ թե զինվորական կամ ոստիկանական պետություն: Իշխանությունը մարդասպան է»,-վանկարկում են մարդիկ: Նրանք նաեւ զայրալից կարգախոսներ են հնչեցնում կառավարող էլիտայի հասցեին, պահանջում ղեկավարության ներկայացուցիչների, մասնավորապես, ժամանակավոր նախագահ Աբդելքադեր Բենսալեհի, վարչապետ Նուրեդին Բեդուիի պաշտոնաթողությունը:

TSA-ի տեղեկությունների համաձայն, ոստիկանությունը խանգարում է մարդկանց բազմություններին՝ շարժվելու մայրաքաղաքի կենտրոն եւ կատարում է ընդդիմադիր ակտիվիստների ձերբակալություններ: Իրավապահ մարմինների աշխատակիցներն արգելափակել են մի շարք փողոցներ: Բացի այդ, նրանք հսկում են կառավարական կառույցների շենքերը:

Ինչպես նշում է Al-Watan հրատարակությունը, Ալժիրում «ստեղծվել է փակուղային իրավիճակ, երբ քաղաքականության վրա ազդող բանակային վերնախավը ընդդիմությունից պահանջում է երկխոսություն սկսել առանց նախապայմանների, իսկ հասարակության բողոքավոր մասը չի վստահում կառավարող ռեժիմի հետ կապված միջնորդներին», հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս