Նիկոլ Փաշինյանը հույս ունի, որ Գյումրիում կառուցվող ավտոմաքսատունը կաշխուժացնի քաղաքի տնտեսական կյանքը
Կառավարության որոշմամբ Գյումրիում կառուցվող ավտոմաքսատունը և արտաքին տնտեսական գործունեության կենտրոնը կաշխուժացնեն քաղաքի տնտեսական կյանքը: Այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում գրառում է կատարել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Հայ-վրացական սահմանին ունենք երեք մաքսակետ, որոնցից Բագրատաշենը աշխատում է գերբեռնված, Բավրան եւ Գոգավանը՝ թերբեռնված: Այդ կապակցությամբ Կառավարության որոշմամբ 181 մլն դրամ և 21,5 հա հող է հատկացվել Պետական եկամուտների կոմիտեին»,- գրել է Փաշինյանը:
Նրա խոսքով՝ նման որոշումներով նաև պիտի բալանսավորել երեք մաքսակետի աշխատանքը: Փաշինյանը կարևոր է համարում այն փաստը, որ Կառավարությունը գումար է հատկացրել նաև Գյումրի-Բավրա ճանապարհի նորոգման համար:
«Մեր վրաց գործընկերները սկսել են Նինոծմինդա-Բավրա հատվածի նորոգումը: Պայմանավորվածություն է ձեռքբերվել նաև Գուգուտի հայ-վրացական սահման հատվածի նորոգման վերաբերյալ: Մեր կողմից Գոգավանի ճանապարհը լավ վիճակում է»,- ընդգծել է ՀՀ վարչապետը: