«Հակակոռուպցիոն քաղաքականությունը և գործողությունները պետք է հասնեն նաև մարզեր». Ռուստամ Բադասյան
ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը մասնակցում է «Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն ռազմավարությունը և դրա իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» կառավարության որոշման նախագծի հանրային քննարկմանը: Այն կազմակերպվել է ՀՀ արդարադատության նախարարության և «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության կողմից:
Իր ողջույնի խոսքում նախարարը տեղեկացրեց, որ հակակոռուպցիոն քաղաքականությունը և գործողությունները պետք է հասնեն նաև մարզեր: Վերջինս, ըստ նրա, այն թերի կողմերից է, որը պետք է շտկվի:
Ռ. Բադասյանը նաև ներկայացրեց այն հիմնական տարրերը, որոնցով նոր ռազմավարությունը տարբերվելու է նախորդներից. «Ունենալու է հստակ ֆինանսական գնահատական՝ բոլոր այն միջոցառումների, որոնք ենթադրում են ֆինանսական գնահատական, երկրորդը մոնիտորինգն է լինելու՝ ի՞նչն ենք որպես ելակետ սահմանում, որտե՞ղ ենք հիմա և ո՞ւր ենք մենք հասնելու, և դրա չափերի գնահատականը՝ օրինակ՝ կոռուպցիայի ընկալման ինդեքսը որպես նման չափանիշ կարող է լինել, երրորդը՝ նախատեսվող գործողությունների արդյունքների գնահատումն ու դրա նկատմամբ հետևողական աշխատանքը՝ օրինակ, եթե նախատեսված է, որ ինչ-որ բան պետք է անենք 2020 թվականի երկրորդ կիսամյակում, ապա ո՞ր մարմինն է հսկելու, որպեսզի այդ միջոցառումն իրոք իրականացվի և գնահատվի դրա իրականացման արդյունավետությունը»:
Նախարարն ընդգծեց, որ այն չի լինելու քարացած փաստաթուղթ և ենթակա է լինելու փոփոխման, իսկ թե ինստիտուցիոնալ ինչ համակարգերով կիրականացվի այդ ռազմավարությունը, ըստ նրա՝ կարևորն այն է, թե ինչ ենք հասկանում «ինստիտուցիոնալ» ասելով, և որքանով այդ մարմինները պետք է արդյունավետ պայքարեն կոռուպցիայի դեմ:
Ռուստամ Բադասյանը տեղեկացրեց, որ կարիք է լինելու ազդարարման. «Հասարակության ստվար զանգված, դժվար է գնահատել՝ իրավաբանական մարմիններին վստահելուց է բխում ավելի շատ, թե որոշակի մշակութային երևույթներից, սակայն չի ազդարարում կոռուպցիոն դեպքերի մասին, այսինքն՝ հայտարարագիր ստացող վերլուծող մարմինը պետք է ունենա աջակցություն հասարակության կողմից և աջակցությունը այն երկրորդ մարմնի՝ հակակոռուպցիոն կոմիտեի ստորաբաժանման կողմից: Միաժամանակ այդ ստորաբաժանումը կարիք ունի հասկանալու, թե կանխարգելիչ մարմինը քանի՞ հայտարարագիր է վերլուծել, այդ վերլուծության արդյունքները ստանա, որպեսզի պլանավորի իր աշխատանքները՝ հանցագործության դեպք բացահայտի, քրեական հատկանիշներ լինելու դեպքերի քննություն նախաձեռնի և իրականացնի»:
Իսկ գերնպատակը, ըստ նրա, պետք է լինի կրթական ծրագրերի, միջոցառումների իրականացումը, որպեսզի հասարակության շրջանում հստակ դիրքորոշում ձևավորվի, որ ինչով է կարևոր կոռուպցիոն դեպքի մասին ազդարարելը, ինչքան է դա ազդում երկրի զարգացմանը, և ինչքանով է կարևոր կոռուպցիայի դեմ պայքարը: Նա հույս հայտնեց, որ ճիշտ ժամկետներում կկարողանան իրականացնել այն, ինչ նախատեսել են:
Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման թեմային անդրադառնալով՝ նախարարն ասաց, որ այս հարցը պետք է քննարկել՝ արդյո՞ք դրանով պետք է զբաղվի Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, և ե՞րբ կկարողանա ապօրինի գույքի բռնագանձման վարույթներով ստորաբաժանում ունենալ.
«Տեխնիկական հագեցածության առումով մեր իրավապահ համակարգում կան որոշակի խնդիրներ, և դա պետք է լուծեն, որպեսզի արդյունավետ գործեն կոռուպցիայի դեմ պայքարի մարմինները»:
Զարուհի Դիլանյան