Հուգադայից այսօր 109 քաղաքացիներ Երևան կտեղափոխվեն «Տարոն Ավիա» ընկերության օդանավով
Այսօր ՀՀ կառավարության նիստի սկզբում ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն անդրադարձավ Հուրգադայից ՀՀ քաղաքացիների տեղափոխման խնդրին:
«Հուրգադայից Երևան մի քանի թռիչքի չեղարկման պատճառով Եգիպտոսում են մնացել ՀՀ հարյուրավոր քաղաքացիներ և շատ արագ մի քանի գերատեսչությունների հետ ինտենսիվ աշխատանքի շնորհիվ և, մասնավորապես՝ ԱԳՆ-ի, Եգիպտոսում ՀՀ դեսպանության և դեսպանի շնորհիվ, կարողացանք կազմակերպել երկու թռիչք Հուրգադայից դեպի Երևան, և առաջին օդանավով հուլիսի 26-ին ՀՀ տեղափոխվեցին 132 ՀՀ քաղաքացիներ, երկրորդ օդանավով հուլիսի 29-ին Հայաստան է տեղափոխվել 183 քաղաքացի, որից 8-ը մանկահասակ:
Հետագայում նաև պարզվեց, որ դեռևս Հուրգադայում են Հայաստանի 109 քաղաքացիներ, որոնք այսօր ժամը 14:25 Երևանի ժամանակով կտեղափոխվեն Երևան «Տարոն Ավիա» ընկերության օդանավով»,- ասաց Տ.Ավինյանը՝ շնորհակալություն հայտնլով այդ ավիաընկերությանը, Քաղավիացիային և «Զվարթնոց» օդանավակայանին, որոնց ջանքերով տեղի ունեցավ տեղափոխումը:
Ըստ նրա՝ պետք է քննարկել պատճառները և նման խնդիրները կանխարգելելու, պատասխանատուներին պատասխանատվության ենթարկելու հարցերը:
ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանի խոսքով՝ ՀՀ քաղաքացիների նկատմամբ առաջացած ընկերության պարտավորությունների պատճառը նաև այն է, որ իրավակարգավորումները բավական ազատական են և տուրօպերատորի գործունեությամբ զբաղվող կազմակերպություններին ՀՀ օրենսդրությունը չի ներկայացնում այնպիսի պահանջներ, որոնք երաշխավորում են այդ կազմակերպությունների կողմից ստանձնած քաղաքացիաիրավական պարտավորությունների կատարումը:
Նա նշեց, որ այժմ ուսումնասիրում են աշխարհում համեմատելի երկրների փորձը:
Նախարարի խոսքով՝ տարածված ու ճիշտ եղանակը այդ գործունեությամբ զբաղվող կազմակերպություններին իրենց ստանձնած պարտավորությունների առնչությամբ ապահովագրության պահանջի ներկայացումն է, որ ինչ-ինչ պատճառներով պարտավորությունը չկատարելու դեպքում աշխատի ապահովագրությունը.
«Մենք ԿԲ-ի հետ համատեղ կաշխատենք նաև ապահովագրական կազմակերպությունների հետ, որպեսզի լավագույն պատկերացում ունենանք, թե ինչ մեխանիզմներ են կրառվում այդ գործիքներն ունենալու համար, որ մի կողմից դա շատ թանկ չարժենա սպառողների համար, բայց մյուս կողմից մենք հասկանում ենք, որ այդ ծառայությունների դիմաց լրացուցիչ փոքր վճար անելով, մեր սպառողները կարող են երաշխավորված լինել, որ անակնկալի չեն գա և չեն հայտնվի այնպիսի անսպասելի և բարդ իրավիճակում, ինչպիսին մենք փաստացի ունեցանք այս դեպքում: Առաջիկա որոշակի կարճ ժամկետում մենք կներկայացնենք համապատասխան ձևակերպված տեսակետներ և հնարավորություն կունենանք ընտրելու, թե ինչ ճանապարհով ենք գնալու առաջ»:
Տ.Ավինյանը հանձնարարեց 2 շաբաթում կազմակերպել քննարկումները: