«Պարտադիր բժշկական ապահովագրությունն անհրաժեշտ է, սակայն ինչպե՞ս են ծախսվելու գումարները». Լևոն Ալթունյան
Երկու օր է՝ Ֆեյսբուք սոցիալական ցանցում ակտիվ քննարկումներ են ընթանում Հայաստանում առողջության համապարփակ պետական ապահովագրության համակարգի ներդրման շուրջ։
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հանրային քվեարկություն է կազմակերպել՝ «Ինչպե՞ս եք վերաբերվում Հայաստանում առողջության համապարփակ պետական ապահովագրության համակարգի ներդրմանը, որն աշխատող բնակչությունից կպահանջի որոշակի ամսական վճարումներ աշխատավարձի 3-5% չափով՝ ի հավելումն եկամտահարկի, կընդգրկի տարիքային բոլոր խմբերը և կներառի պոլիկլինիկական, շտապ և հիվանդանոցային բուժսպասարկման հիմնական ծավալը և անվճար դեղորայք` մի շարք հիվանդությունների տնային պայմաններում բուժման համար»։
Արդեն ավելի քան 10 հազար քվեարկողների մեծ մասը՝ մոտ 80%-ը, «կողմ» է արտահայտվել, իսկ 20%-ը՝ «դեմ»։
Պարտադիր բուժապահովագրության մասին Հայաստանում խոսվում է տարիներ շարունակ։ ՀՀ առողջապահության նախկին նախարար Լևոն Ալթունյանը 2 տարի առաջ հայտարարել էր, որ այն կներդրվի արդեն 2020 թվականին։ Նախապես ենթադրվում էր, որ միջինից բարձր աշխատավարձ ստացող մոտ 250 հազար քաղաքացիներ կվճարեն ոչ միայն իրենց ապահովագրությունը, այլև ընտանիքի անդամների ապահովագրությունը, իսկ միջինից ցածր աշխատավարձ ստացող մոտ 500 հազար աշխատողները միայն իրենց ապահովագրությունը կվճարեն։ Այդպիսով՝ երկրում 1 մլն 250 հազար մարդ ապահովված կլինի պարտադիր բուժապահովագրությամբ, իսկ մնացած մարդկանց բուժման վճարը կստանձնի պետությունը։
168.am-ի հետո զրույցում Լ.Ալթունյանը դրական գնահատեց ցանկացած քայլ, որը դեպի առաջ է։ Ըստ նրա՝ պարտադիր բժշկական ապահովագրությունն անհրաժեշտ է, սակայն կարևոր են մեխանիզմները։
Դիտարկմանը, որ աշխատավարձի 3-5% չափով հարկային բեռ է սահմանվելու բուժապահովագրության համար, Լ.Ալթունյանը նշեց. «Պետք է մանրամասն նայել ծրագիրը, թե այն ինչ է ներառելու իր մեջ, ինչպես է բաշխվելու։ Եթե պետությունն է բաշխելու, ես դեմ եմ, որովհետև պետության ունակություններին չեմ հավատում՝ անկախ նրանից, ով է այդ պետության ղեկավարը։ Եթե մասնավորն է անելու, պետք է նայել, թե ինչպես է կարգավորվելու, և ինչի վրա են այդ գումարները ծախսվելու»։
«Մենք ունեինք մի հիմնական ծրագիր, որը համապարփակ էր, իր մեջ ներառում էր և՛ էլեկտրոնային առողջապահություն, և՛ հիվանդության բուժման ընթացակարգեր, և՛ ապահովագրություն։ Կարծում եմ՝ այդ նախագծերն առանձին-առանձին անիմաստ են, միայն միասին են իմաստավորված»,- նկատեց Լ.Ալթունյանը՝ հավելելով, որ Առողջապահության նախարարության գործունեությանն այժմ չի հետևում և չի կարող գնահատել իրականացվող քաղաքականությունը։