«Քոչարյանի նկատմամբ հետապնդումն ուղիղ ձևով իրականացվում է Փաշինյանի կողմից». Վիկտոր Սողոմոնյան
Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի պատասխանատու Վիկտոր Սողոմոնյանը դատավոր Դավիթ Գրիգորյանի լիազորությունները կասեցնելու մասով մանրամասներին տեղյակ չէ, սակայն վստահ է, որ այդ ամենն անմիջական կապ ունի Ռոբերտ Քոչարյանի հետ, քանի որ վերջինիս որոշմամբ մայիսի 18-ին Քոչարյանի խափանման միջոց կալանավորումը փոխվել էր։
«Մեր պաշտպանական թիմը դիմում է գրավի միջնորդության, հաջորդ օրը գնում են դատավորի սենյակը խուզարկելու։ Վերաբացում են մի գործ, որը կասեցված է եղել, եթե չեմ սխալվում, 6 ամիս առաջ։ Այս ամենը հաշվի առնելով՝ ինչպե՞ս կարելի է կապը չտեսնել։ Կապը տեսեք, սկսեցին դատավոր Ազարյանի դիսերտացիան ստուգել, պարզվեց, որ ամբողջ աշխարհում դիսերտացիաները ճիշտ են գրել, իսկ Ազարյանն ինչ-որ տեղից արտագրել է։ Հետո պարզվեց, որ վիճակահանությամբ դատավոր է ընտրվել Վերաքննիչում, այնուհետև պարզվեց, որ Վճառաբեկը պետք է վերջնական որոշում կայացներ, բայց չկայացրեց, հետո պարզվեց, որ դատավոր Արմեն Դանիելյանն ընտրվել է ապօրինի ձևով։ Հիմա էլ Դավիթ Գրիգորյանը, որը ազատ է արձակել Քոչարյանին, այն էլ ինչպես է ազատ արձակել, ուրեմն՝ Արցախի երկու նախագահների խոսքը ոչինչ չարժի մեր երկրում, ինչ-որ Արմեն Դանիելյան ասում է, որ թքած ունի այդ երաշխավորագրի վրա, սա խարան է մեր երկրի համար»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Վիկտոր Սողոմոնյանը։
Նրա խոսքով՝ իշխանությունները որոշեցին վեթինգ իրականացնել այն ժամանակ, երբ Քոչարյանն ազատ արձակվեց։ Ավելին՝ Քոչարյանի գործով տեղի ունեցող նենգությունների ձեռագիրն իրեն ծանոթ է, այն ծանոթ է 2008 թվականի մարտի 1-ի դեպքերից, 1996 թվականի սեպտեմբերից, նաև կադրերն են շատ ծանոթ։
«Քոչարյանի տապալված ասուլիսը բոլորդ եք հիշում, վարչապետի ներկայիս խոսնակ Վլադիմիր Կարապետյանն էր բողոքող հանրության անունից կազմակերպում ընդվզումը, Անուշ Հարությունյանն էր, որը հայտնի է՝ 1999 թվականին Նաիրի Հունանյանին անցագիր իջեցրած ԱԺ աշխատակից։ Կա փաստերի համադրություն, որտեղ կասկածները դուրս են մնում։ Մեկ տարի առաջ կասկածում էինք, թե ով է այս ամենի հետևում կանգնած, հիմա այնքան պարզ է, թե ո՞վ է, ի՞նչ է անում, շատ պրիմիտիվ ու նենգ ձևով է անում»,- նշեց Վ. Սողոմոնյանը։
Հարցին՝ ո՞ւմ է ակնարկում, ո՞վ է այս ամենի հետևում կանգնած, Վիկտոր Սողոմոնյանը պատասխանեց, որ Քոչարյանի նկատմամբ հետապնդումն ուղիղ ձևով իրականացվում է Փաշինյանի կողմից։
«Լևոն Տեր-Պետրոսյանի մասնակցությունն այստեղ ֆիզիկապե՞ս է, ուղղակի՞, իր մարդկանց ու կադրերի միջոցո՞վ, որոնք այսօրվա պետական համակարգում բազմաթիվ են, թե՞ այսօրվա փիլիսոփայությունն է, որի կրողներն են ներկայիս իշխանությունները՝ չեմ կարող ասել։ Բայց այսպես ասեմ՝ տեղանքը պարզ է, հիմա ով ում քանի անգամ է զանգում, ինչ տեքստեր է ասում՝ չգիտեմ»,- ընդգծեց Վիկտոր Սողոմոնյանը։
Նա վստահություն հայտնեց, որ Ռոբերտ Քոչարյանն արդարացվելու է հանրության և պատմության առաջ, թե ե՞րբ դա տեղի կունենա, և ո՞ր դատարանը կհամարձակվի նման որոշում կայացնել, Վկտոր Սողոմոնյանը դժվարացավ ասել։
Զվարթ Խաչատրյան