Օլիմպիական խաղերի մեկնարկին մնաց մեկ տարի
32-րդ ամառային Օլիմպիական խաղերի մեկնարկին մնացել է մեկ տարի:
2020 թվականի հուլիսի 24-ին Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում կտրվի քառամյակի ամենասպասված իրադարձության՝ Օլիմպիական խաղերի մեկնարկը:
32-րդ ամառային Օլիմպիական խաղերը կհյուրընկալի Տոկիոն: Դրանք կմեկնարկեն հուլիսի 24-ին և կեզրափակվեն օգոստոսի 9-ին: Մոտ 11 հազար մարզիկ աշխարհի 206 երկրից կմրցեն 33 մարզաձևում: Տոկիոն երկրորդ անգամ է հյուրընկալելու Օլիմպիական խաղերը. առաջինը Օլիմպիադան այստեղ տեղի է ունեցել հեռավոր 1964 թվականին:
Տոկիոյի 32-րդ ամառային օլիմպիական խաղերի կազմկոմիտեն արդեն իսկ հասցրել է ներկայացնել խաղերի ջահը: Այն կշռում է 1,2 կգ և ունի ոսկե սակուրայի տեսք: Ջահը վերևից հիշեցնում է սակուրայի ծաղիկ, որը զուգորդվում է Ճապոնիայի հետ: 32-րդ ամառային օլիմպիական խաղերի կրակը կվառվի 2020 թվականի մարտի 11-ին, ըստ ավանդույթի, Հունաստանում: Այն Ճապոնիա կտեղափոխվի 2020 թվականի մարտի 20-ին: Իսկ ջահի փոխանցումավազքը կսկսվի Ֆուկուսիմայում:
Ժամանակակից Օլիմպիական խաղերը հիմնադրվել են 1896 թվականին ֆրանսիացի Պիեռ դե Կուբերտենի կողմից: Իսկ առաջին ժամանակակից Օլիմպիական խաղերը կայացել են Աթենքում այդ նույն թվականին: Օլիմպիական խաղերի պատմության մեջ միայն համաշխարհային պատերազմների պատճառով չեղարկվել են երեք խաղերը` 1916 թվական- Բեռլին, 1940 թվական-Տոկիո և 1944 թվական-Լոնդոն: Մինչ այս Օլիմպիական խաղերն ամենահաճախը հյուրընկալել էր Լոնդոնը (1908, 1948, 2012):
Օլիմպիական խաղերի բոլոր ժամանակների ամենատիտղոսակիր մարզիկը ամերիկացի լողորդ Մայքլ Ֆելփսն է, ով նվաճել է, ընդհանուր առմամբ, 28 մեդալ՝ 23 ոսկե, 3 արծաթե և 2 բրոնզե: