Իշխանությունների երկու «ճշմարտությունները»
Այսօր ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր.
«Սիրելի՛ քաղաքացիներ
«Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման ու դրա դեմ պայքարի մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիայի շուրջ առաջացած մտահոգությունները հաշվի առնելով՝ այսօր դիմել ենք Վենետիկի հանձնաժողով՝ ստանալու Հանձնաժողովի պաշտոնական կարծիքը ՀՀ Սահմանադրության տեսանկյունից Կոնվենցիայի վավերացման ազդեցության վերաբերյալ: Հանձնաժողովի կարծիքը ստանալուն պես Արդարադատության նախարարությունն այն կհրապարակի»։
Այլ կերպ ասած՝ չարաբաստիկ Ստամբուլյան կոնվենցիայի հարցն էլ կքննարկվի Վենետիկի հանձնաժողովում։
Որևէ խնդիր Վենետիկի հանձնաժողով դիմելու մեջ, իհարկե, չկա, ինչպես և չկար այն ժամանակ, երբ Սահմանադրական դատարանը (ՍԴ) որոշեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով իրացնել իր՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ) և Վենետիկի հանձնաժողով դիմելու իրավունքն ու խորհրդատվական կարծիք ստանալ այդ հեղինակավոր կառույցներից։
Մի կողմ ենք դնում նաև այն հանգամանքը, որ, երբ իշխանություններին է պետք, Վենետիկի հանձնաժողովն անմիջապես դառնում է «վերին ատյանի ճշմարտություն», իսկ երբ նույն այդ հանձնաժողովն ասում է, որ ՍԴ-ն լեգիտիմ է, անդամ-դատավոր բառախաղն էլ՝ անիմաստ, այդ ժամանակ իշխող քաղաքական ուժի ներկայացուցիչները, մեկը մյուսին հերթ չտալով, բոլորին համոզում են, որ Վենետիկի հանձնաժողովը չի հասկանում անդամ-դատավոր եզրույթների տարբերությունը, ու առհասարակ Վենետիկի հանձնաժողովը, ինչպես իշխանությունների առանձին ներկայացուցիչներ են ասում, ի՞նչ մեղքս է։ «Մենք ավելի լավ գիտենք՝ ինչը ոնց է, Վենետիկի հանձնաժողովի կարծիքն ինչների՞ս է պետք»,- հաճախ կրկնում են նրանք։
Մի ուշագրավ հանգամանք կա Վենետիկի հանձնաժողովից Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի՝ խորհրդատվական կարծիք ստանալու ձգտման մեջ, թեպետ նախարարը երևի թե հասկանում է, որ Ստամբուլյան կոնվենցիայի պարագայում խնդիրը ոչ միայն սահմանադրականության կամ առհասարակ օրենսդրական դաշտում է, այլ հասարակական ընկալման։ Այստեղ մի պարզ ճշմարտություն կա. հասարակությունը պատրաստ չէ ընկալել ու ընդունել Ստամբուլյան կոնվենցիան։
Բայց… Վերադառնանք Վենետիկի հանձնաժողով դիմելուն։
Այդ ինչպե՞ս է, որ իշխանությունները չդիմեցին Վենետիկի հանձնաժողով առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագանձման ինստիտուտը ներդնելու ժամանակ, որն ակնհայտորեն հակասում էր թե՛ անմեղության կանխավարկածին, թե՛ օրենքի հետադարձ ուժի, և թե՛ սեփականության անձեռնմխելիության սահմանադրական սկզբունքներին։ Թե՞ այդտեղ սահմանադրականության խնդիր չկար։ Իսկ միգուցե կար, ու իշխանությունները շատ լավ էլ գիտեին, որ կա, բայց ինչո՞ւ դիմեին։ Այսպես անաղմուկ ավելի անվտանգ էր։
Այնպես որ, իշխանությունները լավ կանեն՝ հաշվի առնեն, որ ամեն դեպքում մարդկանց հիշողությունը կարճ չէ, ու բոլորը շատ լավ տեսնում ու հասկանում են, թե որն ինչի համար ու ինչպես է արվում։