«Դատախազությունը չի պարզաբանում, թե ինչո՞ւ առաջացավ դատավորի աշխատասենյակի խուզարկության անհրաժեշտություն». Ռուբեն Մելիքյան

«Քրեական դատավարության օրենսգրքի 227, 228 հոդվածներն ամրագրում են, որ, երբ տվյալ անձը գտնվում է վարույթ իրականացնող մարմնի հետ նույն տեղում, ապա չի կարող չմասնակցել գործողությանը։ Սա տրամաբանական չէ և հակաօրինական է։ Գտնվելով դատարանում՝ նրան ուղղակի մասնակից չեն դարձրել քննչական գործողություններին»,- այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Իրավական ուղի» հ/կ համահիմնադիր, Արցախի Հանրապետության մարդու իրավունքների նախկին պաշտպան Ռուբեն Մելիքյանը՝ անդրադառնալով  դատավոր Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակում ՀՔԾ-ի կողմից իրականացված գործողություններին։

Ըստ նրա՝ քննիչը գնացել է դատավորի աշխատասենյակ դատարանի որոշման հատուկ իր առգրավելու, մասնավորապես՝ համակարգիչ, և որոշման մեջ առկա բոլոր իրերը քննիչն առգրավում է։ Ռուբեն Մելիքյանի համար հարց է առաջանում, ինչպե՞ս է քննիչի մոտ դիտավորություն առաջացել դրանից հետո աշխատասենյակում իրականացնել խուզարկություն։

«Իրերի առգրավումը կատարվել է, ինչո՞ւ է հետո առաջացել խուզարկության միտքը, որից հետո դուռը կնքում են և ոստիկան կարգում։ Ցավոք, այս ամենը ցույց է տալիս այն իրականությունը, թե ինչպես է դատարանի դուռը գործադիր իշխանության կողմից փակվում և կնքվում։ Դատախազությունն իր պարզաբանումները տալուց հետո ինչո՞ւ այս հարցին չի անդրադառնում, ամենակարևոր հարցը սա է՝ ինչո՞ւ առաջացավ խուզարկության անհրաժեշտություն»,- նշեց Ռ. Մելիքյանը։

Նրա խոսքով, եթե այսօր հանրության համար կարևոր են իրավական պետության արժեքները, ապա առաջարկում են միանալ իրենց նախաձեռնած «Ես իրավունքի դեսպանն եմ» նախաձեռնությանը, որով մարդիկ կարող են իրենց վերաբերմունքը դրսևորել՝ ինչպես այս, այնպես էլ՝ նմանատիպ շատ գործերի հետ կապված։

«Դատական իշխանությունը բոլոր իրավունքների երաշխավորն է, եթե այս համակարգում մենք չկարողացանք ապահովել, որպեսզի կարմիր գծերը չհատվեն, ապա մնացած բոլոր իրավունքները հատվելու են»,- նշեց Ռ. Մելիքյանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Զվարթ Խաչատրյան

Տեսանյութեր

Լրահոս