«Սահմանադրական և Վճռաբեկ դատարանների կոնվենցիայով նախատեսված լիազորությունների իրականացման համար պարտադիր չէ համապատասխան օրենսդրական կարգավորումների նախատեսում». սահմանադրագետ

Սահմանադրագետ, Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնի գործադիր տնօրեն Գոհար Մելոյանի հետ 168.amը զրուցել է ՍԴ-ի կողմից Ռոբերտ Քոչարյանի գործով Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դիմումի վարույթ ընդունման վերաբերյալ որոշման իրավաչափության ու այդ հարցի վերաբերյալ քաղաքական իշխանությունների առարկությունների մասին։

Վերջին օրերին քաղաքական իշխանության ներկայացուցիչները պարբերաբար անդրադառնում են Սահմանադրական դատարանի հետ կապված մի շարք հարցերի։ Մասնավորապես, նշվում է, որ իրավաչափ չէր Սահմանադրական դատարանի կողմից Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դիմումի վարույթ ընդունման վերաբերյալ որոշումը։

Անկեղծ ասած, համաձայն չեմ հնչեցված գնահատականների հետ։ Մասնավորապես՝ Սահմանադրական դատարանի հուլիսի 8-ի որոշման համաձայն՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դիմումի հիման վրա գործը, որով Սահմանադրական դատարանի առջև բարձրացվել էր երեք հարց, քննության ընդունվեց միայն Քրեական օրենսգրքի 300.1-րդ` «Սահմանադրական կարգը տապալելը» վերտառությամբ հոդվածի 1-ին մասի` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու համար։

Նշված գնահատականը, որ այդ որոշումն իրավաչափ չէ, անընդունելի է։ Այսպես՝ Սահմանադրական դատարանի կողմից ցանկացած դիմում կամ գործ վարույթ ընդունելու, գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ վարույթ ընդունելու հիմքերը սահմանվում են բացառապես «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքով, որի 29-րդ հոդվածը հստակորեն սահմանում է այն հիմքերը, որոնց առկայության դեպքում Սահմանադրական դատարանն իրավասու է մերժել գործի քննությունը։ Համապատասխան հոդվածի վերլուծությունից բխում է, որ դրանում որևէ կերպ նախատեսված չէ վերաքննիչ դատարանի կողմից առաջին ատյանի դատարանի գործի քննությունը կասեցնելու և Սահմանադրական դատարան դիմելու վերաբերյալ դատական ակտը վերացնելու կամ բեկանելու որոշումը։ Ավելին՝ Սահմանադրական դատարանը նույնիսկ մեծ ցանկության դեպքում իրավասու չէ անդրադառնալ վերաքննիչ դատարանի դատավոր Արմեն Դանիելյանի կայացրած որոշմանը կամ վերլուծել այն։ Սահմանադրական դատարան դիմող սուբյեկտը, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 71-րդ հոդվածի հիման վրա, դատավոր Դավիթ Գրիգորյանն է, այլ ոչ թե նրա որոշումը բեկանած վերաքննիչ դատարանի դատավորը։

Հետևաբար՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դիմումի հիման վրա գործը քննության ընդունելու հարցը որոշելու կամ գործի դատաքննության ընթացքում վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշումը Սահմանադրական դատարանի կողմից չեն կարող դառնալ քննարկման առարկա։ Միաժամանակ՝ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 30-րդ հոդվածի հիման վրա Սահմանադրական դատարան դիմում ներկայացրած սուբյեկտը դատավոր Դավիթ Գրիգորյանն է, իսկ դա նշանակում է՝ միայն նրա կողմից կարող է բարձրացվել Սահմանադրական դատարան ներկայացված իր դիմումը հետ վերցնելու հարցը։ Սակայն, նույնիսկ այդ դեպքում Սահմանադրական դատարանը կարող է մերժել դիմումի հետ վերցնելը, որի հիման վրա գործն ընդունվել է քննության, եթե գտնի, որ դիմումի առարկայի վերաբերյալ գործի քննությունը բխում է հանրային շահերից:

Ավելին, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 71-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատարաններն իրենց վարույթում գտնվող կոնկրետ գործով կիրառման ենթակա նորմատիվ իրավական ակտի սահմանադրականության հարցով դիմում են Սահմանադրական դատարան, եթե հիմնավոր կասկածներ ունեն դրա սահմանադրականության վերաբերյալ և գտնում են, որ տվյալ գործի լուծումը հնարավոր է միայն այդ նորմատիվ իրավական ակտի կիրառման միջոցով, իսկ նույն օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Սահմանադրական դատարան ներկայացված դիմումը դիմողը կարող է հետ վերցնել մինչև գործի դատաքննությունը սկսվելը, բացառությամբ այն դեպքերի, երբ Սահմանադրական դատարան դիմելը դիմողի պարտականությունն է: Այս դեպքում «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 71-րդ հոդվածից տառացի վերլուծությունից բխում է, որ, եթե դատավորն իր կողմից կիրառման ենթակա որևէ դրույթի սահմանադրականության հետ կապված ունի հիմնավոր կասկած, ապա Սահմանադրական դատարան դիմելը նրա օբյեկտիվ պարտականությունն է, իսկ պարտականության պարագայում դիմողը, տվյալ դեպքում՝ համապատասխան դատավորը, իրավասու չէ Սահմանադրական դատարանից հետ վերցնել իր դիմումը։

Բացի այդ՝ խնդրահարույց էր համարվել Սահմանադրական դատարանի կողմից ՄԻԵԴ դիմելը՝ ներպետական կարգավորումների բացակայության պատճառով, և Վենետիկի հանձնաժողով դիմելը՝ ընթացակարգային առումով խնդրահարույց համարելով։ Ի՞նչ կասեք այս մասին։

– ՄԻԵԴ դիմելու վերաբերյալ նշեմ, որ «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի 16-րդ արձանագրությունը ՀՀ-ն վավերացրել է 2016 թվականին։ Արձանագրությամբ սահմանվում են համապատասխան ընթացակարգերը, համաձայն որոնց՝ արձանագրությունը վավերացրած երկրների բարձրագույն դատական մարմինները, մեր դեպքում՝ Սահմանադրական և Վճռաբեկ դատարանները, խորհրդատվական կարծիք ստանալու նպատակով Կոնվեցիայի կարգավորումների շրջանակում կարող են դիմել ՄԻԵԴ։ Դիմումը ստանալուց հետո նախ՝ քննվում է դիմումը վարույթ ընդունելու հարցը, այնուհետև, դրական որոշման պարագայում, դիմումն ընդունվելու է՝ խորհրդատվական եզրակացություն տրամադրելու նպատակով։ Ինչ վերաբերում է ներպետական կարգավորումների բացակայությանը, նախ՝ Սահմանադրական դատարանը նշել է կասեցման համապատասխան հիմքը, այն է՝ գործի քննության կասեցումը «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 56-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի հիման վրա, համաձայն որի՝ Սահմանադրական դատարանը կարող է կասեցնել գործի վարույթը` Սահմանադրական դատարանի պատճառաբանված աշխատակարգային որոշմամբ նախատեսված դեպքերում: Երկրորդ՝ «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի համաձայն՝ միջազգային պայմանագիրը Հայաստանի Հանրապետության իրավական համակարգի բաղկացուցիչ մասն է։

Հետևաբար՝ Սահմանադրական և Վճռաբեկ դատարանների կոնվենցիայով նախատեսված լիազորությունների իրականացման համար պարտադիր չէ համապատասխան օրենսդրական կարգավորումների նախատեսում։ Հակառակ պարագայում, եթե մեկը պնդի, որ Սահմանադրական կամ Վճռաբեկ դատարանները չեն կարող դիմել Եվրոպական դատարան, մինչև Ազգային ժողովի կողմից չսահմանվեն համապատասխան օրենսդրական ընթացակարգեր, ապա ստացվում է, որ Հայաստանի Հանրապետությունում նշված 16-րդ արձանագրությունը դեռևս ուժի մեջ չի մտել, և Հայաստանի Հանրապետության երկու բարձրագույն դատական մարմինները չեն կարող օգտվել Արձանագրությամբ նախատեսված լիազորությունից։

Ինչ վերաբերում է Վենետիկի հանձնաժողով դիմելու խնդրին, չեմ հասկանում տվյալ տարակուսանքի պատճառը, քանի որ առկա են տասնյակ դեպքեր, երբ տարբեր երկրների բարձրագույն դատարանները, առավելապես՝ Սահմանադրական դատարանները, տարաբնույթ գործերով դիմում են Վենետիկի հանձնաժողով՝ խորհրդատվական կարծիք ստանալու նպատակով։

 

Տեսանյութեր

Լրահոս