«Ինչի նախկինում ոստիկանի գլուխ չեն ջարդե՞լ, ոստիկան չեն սպանե՞լ օրը ցերեկով, 3 ոստիկան չեն սպանե՞լ». Վալերիյ Օսիպյան
«Այսօր ՀՀ ոստիկանությունն է՛լ ավելի պատրաստակամ է, է՛լ ավելի դուխով է, հանդուրժող չի և կաշկանդված չի, ուժեղ է, բայց նույն հաջողությամբ անպաշտպան է»,- այսօր ասուլիսում հայտարարեց ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը՝ նշելով, որ կան օրենսդրական բացեր, որոնք անպաշտպան են դարձնում ոստիկանությանը։
Նա նշեց, որ պատգամավորներ կան, որոնք նախաձեռնել են օրենսդրական փոփոխություններ, ինչն ավելի կուժեղացնի ոստիկանությանը, և ինքը դա ողջունում է։
«Անթույլատրելի է ոստիկանին վիրավորելը, ոստիկանին չենթարկվելը, ոստիկանին քաշքշել և մնալ անպատիժ։ Դա օրենսդրական բաց է։ Դա եղել է միշտ՝ երեկ, անցած տարիներին, այսօր։ Բայց փորձում ենք, որ վաղը չլինի»,- ասաց Օսիպյանը։
Նա բացառեց, որ ոստիկանների մեջ վախ կա, և հարցադրում արեց՝ վախեցող ոստիկանը մի տարի սահման կպահի՞, ու մի դեպք չի արձանագրվել։ Ոստիկանապետի խոսքով՝ այնպիսի ոստիկաններ կան, որոնց ՊՆ-ն ուզում է տեղափոխել իր համակարգ։
«Չեմ ուզում ասեմ՝ նախկին ոստիկանապետերը վատն են եղել, ամենալավը, պուպուշը ես եմ։ Ո՛չ։ Եղել է բոլոր ժամանակներում և լինելու է, քանի կա հանցագործություն, լինելու է հանցագործ-ոստիկան բախում։ Դա միշտ լինելու է։ Ինչի նախկինում ոստիկանի գլուխ չեն ջարդե՞լ, ոստիկան չեն սպանե՞լ օրը ցերեկով, 3 ոստիկան չեն սպանե՞լ։ Միշտ եղել է։ Բայց տեսեք, որ այս 1 տարին և ավելին օպերատիվ իրավիճակին ոստիկանությունը լիովին տիրապետում է, ունի համապատասխան կամք և սկզբունք՝ պայքարել արատավոր երևույթների դեմ, արդյունավետ պայքար մղել հանցավորության դեմ, հասարակական կարգը պաշտպանել ըստ պատշաճի և թույլ չտալ՝ որևէ մեկը սահմանադրական կարգի նկատմամբ ոտնձգություն կատարի։ Տեղում խստագույնս կպատժվի։ Բա թույլ ոստիկանը կարո՞ղ էր էնպես անել, որ անցած տարի և այս տարի հնչեղություն ունեցող ծառայություններն անցնեն ամենաբարձր մակարդակի, որ Ազգային ժողովի ընտրությունները նախադեպ չունեցող էին մեր պատմության մեջ։ Իհարկե ոչ, թույլ ոստիկանությունը չէր կարող»,- ասաց Վ.Օսիպյանը՝ նկատելով, որ լրագրողներն այդ օրը պարապ էին մնացել։
Հարցին՝ ե՞րբ է մեկնելու արձակուրդ և որտե՞ղ է այն անցկացնելու, Օսիպյանը պատասխանեց, որ դեռ չգիտի։