«Ասֆալտին փռելը շարունակվում է, դուք ուղղակի տեղեկացված չեք». Վալերիյ Օսիպյան
Ալեքսանդր Սարգսյանի որդի Նարեկ Սարգսյանին Պրահայում՝ Ֆրանկլին Գոնսալես անվամբ անձնագրով, հայտնաբերել է ոստիկանությունը՝ արտերկրի գործընկերների հետ համատեղ, իսկ նրան հայրենիք բերելը ոստիկանության խնդիրը չէ։ Այս մասին այսօր ասուլիսի ժամանակ հայտարարեց ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը։
«Ես տեղեկացված եմ, որ համապատասխան մարմիններն աշխատանքներ են իրականացնում, որ այդ հայտնաբերված անձանց արտահանձնեն ՀՀ»,- ասաց նա։
Անդրադառնալով «ասֆալտին փռելու» վարչապետի կոչերին՝ ոստիկանապետը նշեց, որ ոստիկանությունն ունի հստակ գործառութային պարտականություններ, և պարտադիր չի, որ լինի վարչապետի հանձնարարականը: «Ասֆալտին փռելը շարունակվում է, դուք ուղղակի տեղեկացված չեք, վստահեցնեմ ձեզ, որ այն պահից, երբ մենք խստացրել ենք մեր մոտեցումները և դադարել ենք հանդուրժող լինելը, հանցագործների, իրավախախտների նկատմամբ՝ առավել ևս, մարդիկ կան, որ հասկացել են և ՀՀ-ում էլ ավելի օրինապաշտ են դարձել»,- ասաց Վ.Օսիպյանը՝ խորհուրդ տալով ծառայողների հետ գիշերային ժամերին դուրս գալ և սեփական աչքով տեսնել։
Հարցին՝ վերջին անգամ ո՞ւմ եք փռել ասֆալտին, ոստիկանապետը հաստատեց Գագիկ Շամշյանի ռեպլիկը, որ Ալիկ Սարգսյանի եղբոր տղային բերման են «փռել ասֆալտին՝ ճռիկների համար»։
«Բերման ենք ենթարկել, այդ մասով քրեական գործ է հարուցվել խուլիգանության հատկանիշներով»,- ասաց Օսիպյանը։
Սեդրակ Քոչարյանի ավտոմեքենան ոստիկանների կողմից կանգնեցնելու լուրերը Վ.Օսիպյանը նույնպես հաստատեց. «Մշտապես էլ ոստիկանությունը, ովքեր կարգ են խախտում, կաշկանդված չենք, լինի Սեդրակ Քոչարյան, թե այլ, կապ չունի, ով ուզում է՝ լինի, վստահեցնում եմ՝ մենք կաշկանդված չենք, ով կարգ խախտի, նա պատասխան կտա»։
Վերադառնալով Նարեկ Սարգսյանի հարցին, թե ինչպե՞ս է նա հատել ՀՀ սահմանը, Վ.Օսիպյանը նշեց, որ ՀՀ անցակետը հատել է՝ որպես Սարգսյան. «Թե հետագայում ո՞նց է Գոնսալես դարձել, չեմ կարող ասել, մինչև նախաքննությունը կպարզի, կամ տվյալ պետության իրավապահները»։
Անդրադառնալով «Սորոսի» գրասենյակի մոտ իրականացվող ակցիաներին՝ Վ.Օսիպյանը նշեց, որ ահազանգի դեպքում իրենք պարտավոր են արձագանքել՝ անկախ նրանից, թե ով է, ու չեն կարող ասել՝ «վայ, սա «Սորոս» է, սա ընդդիմադիր է». «Մենք պարտավոր ենք արձագանքել և իրավական գնահատական տալ»։
«Ամուլսարի» հետ կապված՝ ակտիվիստների մասով, նրա խոսքով, հարուցվել է քրեական գործ, նախաքննություն է իրականացվում, կար դատարանի վճիռ՝ ներխուժումը դադարեցնելու, և ոստիկանները կատարել են այդ վճիռը. «Ներկայումս սպասում ենք փորձաքննության եզրակացությանը, և այդ պարագայում մենք որոշում կկայացնենք»։