
Արմեն Սարգսյանը հյուրընկալել է ամերիկահայ ակնաբույժ Ռոջեր Օհանեսյանի գլխավորած պատվիրակությանը

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հուլիսի 23-ին հյուրընկալել է «Հայկական ակնաբուժության նախագիծ» բարեգործական հիմնադրամի և Լոս Անջելեսի մանկական հիվանդանոցի պատվիրակությանը՝ կազմակերպության հիմնադիր նախագահ, ամերիկահայ ակնաբույժ Ռոջեր Օհանեսյանի գլխավորությամբ:
Ինչպես տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպմանը նախագահին են ներկայացվել «Հայկական ակնաբուժության նախագիծ» հիմնադրամի կողմից Հայաստանում իրականցվող և առաջիկա ծրագրերը: Նշվել է, որ եթե գործունեության առաջին տարիներին հիմնադրամի ծրագրերն ուղղված էին զուտ տեսողության վերականգնմանը, ապա վերջին տարիներին շեշտը դրվում է կուրության կանխարգելման վրա, հատկապես, ծրագրեր են իրականացվում մանկական կուրության կանխարգելման ուղղությամբ: Բացի այդ, կարևորվում է նաև կրթական ծրագրերի իրականացումը, որոնք ընդգրկում են ինչպես հանրային, այնպես էլ մասնագիտական կրթության ոլորտները:
Նախագահ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել հյուրերին՝ Հայաստանում իրականացրած աշխատանքների և ծրագրերը շարունակելու, ինչպես նաև ակնաբուժության ոլորտի զարգացմանն ուղղված գործունեության համար: «Հպարտ եմ, որ սփյուռքի մեր հայրենակիցները համագործակցում են Հայաստանի իրենց գործընկերների հետ, կիսում փորձն ու գիտելիքները»,- նշել է նախագահը ՝ հաջողություն մաղթելով նրանց հետագա ձեռնարկումներում: