«ՍԴ-ն դիմումը վարույթ ընդունելուց հետո Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ պահելն իրավունքի խախտում էր». Սահմանադրագետ
Սահմանադրական դատարանն աշխատանքային որոշմամբ դիմում է ներկայացրել Վենետիկի հանձնաժողով և Եվրոպական դատարան՝ խորհրդատվական կարծիք ստանալու համար։ Սահմանադրագետ Արամ Վարդևանյանի խոսքով՝ գուցե այս ամենը հայաստանյան իրավակիրառական պրակտիկայում նորարարություն է, իսկ միջազգային փորձի տեսանկյունից բոլորովին էլ նորություն չէ։
«Եվրոպական դատարանի մասով սա, իհարկե, նոր գործիք էր, բայց արդեն կա որոշում Ֆրանսիայի դիմումի հիման վրա, որը վերաբերում էր փոխնակ մայրերի ինստիտուտին, և այդ գործիքն արդեն իսկ իրացնում են։ Հայաստանը լիիրավ կարող էր օգտվել այդ գործիքից, և դրանից կարող էին օգտվել Սահմանադրական և Վճռաբեկ դատարքնները»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց Արամ Վարդևանյանը։
Անդրադառնալով իրավական ոլորտի որոշ ներկայացուցիչների այն կարծիքներին, թե արտառոց է, որ Վենետիկի հանձնաժողովին նման դիմում է ներկայացվել, սահմանադրագետը նկատեց՝ այստեղ որևէ արտառոց բան չկա, հատկապես, եթե ուսումնասիրեն Վենետիկի հանձնաժողովի պրակտիկան, գուցե այնտեղ ներկայացվել են հարյուրավոր դիմումներ։
«Այստեղ արտառոց որևէ բան չկա, ինձ համար չափազանց անհասկանալի է քննադատությունը կամ դիսկուրսը, որը ձևավորվում է այս գործընթացի վերաբերյալ։ Մեկ այլ կարծիք էլ եմ լսում, թե ինչո՞վ էր պայմանավորված, որ Սահմանադրական դատարանը դեռևս չէր ստացել ԱԺ-ի բացատրությունները և արդեն ներկայացրել է նման դիմում, ես այստեղ որևէ հակասություն չեմ տեսնում։ Իսկ որտե՞ղ էր ամրագրված, որ ՍԴ-ն պետք է սպասեր ԱԺ-ի կողմից բացատրությունների տրամադրմանը, նոր դրանից հետո դիմեր Վենետիկի հանձնաժողովին և Եվրոպական դատարան»,- շեշտեց Ա. Վարդևանյանը։
Ըստ նրա՝ այսօր շահարկվում է նաև Վերաքննիչ քրեական դատարանի հարցը, երբ բեկանել էր Առաջին ատյանի որոշումը և դիմումը ՍԴ-ին։ Այս ամենը հաշվի առնելով, սահմանադրագետը հռետորական հարց բարձրացրեց, թե որտե՞ղ է գրված, որ Վերաքննիչ քրեական դատարանի բեկանումը որևէ ազդեցություն պետք է ունենա ՍԴ-ի վրա։
«Կար պարզ ճշմարտություն, Սահմանադրական դատարանը կաշկանդված է մեկ իրավական ակտով, դա ՍԴ-ի մասին սահմանադրական օրենքն է։ ՍԴ-ի մասին օրենքով որևէ տեղ չի նշվել և չի էլ կարող նշվել, որ դատարանների կողմից իրեն դիմումները պետք է ՍԴ-ն դիտարկի՝ բեկանվե՞լ են, թե՞ քննության առարկա են դարձել։ Եթե նման կարգավորում լիներ, ապա միայն մեկ դիմող սուբյեկտ էր լինելու ՍԴ՝ Վճռաբեկ դատարանը»,- ընդգծեց սահմանադրագետը։
Նա արձանագրեց, որ, երբ հուլիսի 8-ին դատարանի դիմումը ՍԴ-ն վարույթ ընդունեց, անձն այլևս կալանավորված չէր կարող լինել, քանի որ կալանավորման համար պետք է լինի հիմնավոր կասկած և կալանավորման պայմաններ։ Եթե հիմնավոր կասկածն առկա չէ, ապա չեն անդրադառնում պայմաններին։ Ուստի այդ պարագայում հիմնավոր կասկածի մեխը հանդիսանում է քրեական օրենսգրքի հոդվածը, որն ունի սահմանադրականության խնդիր։
«ՍԴ-ն վարույթ է ընդունել դատարանի դիմումը, որի բովանդակությունը վկայում է այն մասին, որ 300.1 հոդվածը խնդիր ունի, և այդ պարագայում կալանավորումը չի կարող կիրառվել։ Դրանից ի վեր, երբ կալանավորումը շարունակում է լինել որպես խափանման միջոց՝ այն հանդիսանում է իրավունքի խախտում, սա Եվրոպական դատարանի նախադեպից է բխում»,- եզրափակեց Ա. Վարդևանյանը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում
Զվարթ Խաչատրյան