ԵՄ-ն Հայաստանին բարեփոխումների որևէ մոդել չի պարտադրում․ Պյոտր Սվիտալսկի
«ԵՄ-ն պատրաստ է Հայաստանին տրամադրել աջակցություն արդարադատության ոլորտում բարեփոխումների նպատակով, բայց բարեփոխումների ձևը պետք է որոշվի ինքնիշխան եղանակով ՀՀ իշխանությունների կողմից»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին՝ ՀՀ-ում իր դիվանագիտական առաքելությունն ամփոփող ասուլիսի ընթացքում։
Նա նախ շնորհակալություն հայտնեց հայաստանյան լրատվական դաշտին 4 տարվա համագործակցությւան համար։ «Ես շնորհակալ եմ Ձեզ»,- ասաց նա։
Դեսպանն ուղերձ հղեց ՀՀ մեդիա հանրությանը՝ ասելով, որ պետք է պաշտպանել ազատությունը, կանխարգելել ապատեղեկատվությունը, պայքարել ատելության խոսքի դեմ։
Ապա խոսելով արդարադատության համակարգում ընթացող զարգացումներից՝ ԵՄ դեսպան Սվիտալսկին հիշեցրեց, որ ԵՄ-ն արտահայտել է ուժեղ աջակցություն ՀՀ կառավարության բարեփոխումների ջանքերին արդարադատության համակարգում, այդ ուժեղ աջակությունը տարբեր մակարդակներով է արտահայտվել։
Նա նշեց, որ ամենաբարձր մակարդակով ևս արտահայտվել է, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Դոնալդ Տուսկն իր երևանյան ասուլիսի ընթացքում ասաց այդ մասին, որն արտացոլում էր նրա խոսակցությունը ՀՀ ամենաբարձր պաշտոնյաների հետ՝ վարչապետ և նախագահի հետ։ Նրա վստահեցմամբ՝ ԵՄ-ն որոշել է աջակցել իսկապես անկախ, մաքուր արդարադատական համակարգի ձևավորմանը՝ տեխնիկական, քաղաքական, ֆինանսական աջակցություն տրամադրելով։
«ԵՄ-ն պատրաստ է տրամադրել էական ֆինանսական աջակցություն արդարադատության համակարգում բարեփոխումների համար, ինչը քննարկվել է մի քանի օր առաջ կարևոր առաքելության հետ, որը եկել էր Բրյուսելից՝ մեր գործընկերները հանձնաժողովի տարբեր ճյուղերից ՀՀ կառավարության հետ քննարկումներ են անցկացրել, այդ քննարկումները կառուցողական են, մեր աջակցությունը, ես հավատում եմ, որ կարևոր է շատ ֆինանսական տեսանկյունից։ Մենք խոսում ենք աջակցությունից, որն աշնանից հասանելի կլինի աջակցելու արագ բարեփոխումներին։ Կա նաև բազմամիլիոն աջակցություն, որն ուղղված է դեպի ապագան՝ երեք -չորս տարի, դա տրամադրվելու է բյուջետային աջակցության շրջանակում։ Ես պետք է շեշտեմ՝ մեր քննարկումները Կառավարության հետ շատ կառուցողական, արդյունավետ են եղել։
Մենք սպասում ենք կոնկրետ պլանների, որոնք Կառավարությունը քննարկում է, և մենք կաջակցենք։ Ինչպես հայտարարվել է, ԵՄ-ն չի պարտադրում բարեփոխումների որևէ մոդել, կան տարբեր մոդելներ, դեռ խնդիրներ կան ԵՄ ընտանիքում ևս՝ ԵՄ անդամ երկրների շարքում, ԵՄ-ն չի փորձում պարտադրել ոչինչ, բայց ԵՄ-ն պատրաստ է տրամադրել տեխնիկական աջակություն, մոբիլիզացնել փորձագետների, որոնք կկիսեն հայ մասնագետների հետ այլ երկրների փորձը։
Եթե Հայաստանը հետաքրքրված է որևէ երկրով, որտեղ խորը բարեփոխումներ են այդ ոլորտում կայացել, մենք պատրաստ ենք մոբիլիզացնել փորձագետներ, որոնք կգան Հայաստան և կասեն՝ որն էր լավը, որն այնքան էլ լավ չէր, և Հայաստանը չպետք է կրկնի սխալներն այլ երկրների, որպեսզի Հայաստանը այլ երկրների դրական փորձը ներդնի։ Մենք պատրաստ ենք կազմակերպել տեխնիկական աջացկություն ցանկացած ոլորտում, որը մեր հայ գործընկերները կհամարեն անհրաժեշտ։ Բայց ինչպես ասացի, բարեփոխումների ձևը պետք է որոշվի ինքնիշխան եղանակով ՀՀ իշխանությունների կողմից։ Այն, ինչ մենք շեշտում ենք մեր խոսակցությունների ժամանակ, բարեփոխումների տեսլականը պետք է լինի համապարփակ, պետք է իրականացվի համակարգային եղանակով և պետք է քննարկվի լայնորեն ոչ միայն քաղաքական ուժերի, այլև քաղհասարակության և փորձագետների հետ։
Մենք տեղյակ ենք, որ նման քննարկումներ տեղի են ունենում, մասնավորապես՝ քաղհասարակությունը հրավիրվել է մի շարք հանդիպումների՝ այդ կոնցեպտը քննարկելու նպատակով, բայց բարեփոխումների այդ կոնցեպտը պետք է լինի հայկական ջանքերի արդյունք։ Մենք հավատում ենք, որ Հայաստանում կան այնպիսի իմաստուն գործիչներ, որոնք կարող են նման համապարփակ և երկարաժամկետ բարեփոխումների տեսլական մշակել»,- ասաց Պյոտր Սվիտալսկին։