«Այդ ինչպե՞ս է, որ Հայկ Հովհաննիսյանն այն ժամանակ ինքնաբացարկ հայտնեց, իսկ հիմա «մոռացավ»». Արփինե Հովհաննիսյան
Այսօր Բարձրագույն դատական խորհրդի անդամներ Գրիգոր Բեքմեզյանը, Հայկ Հովհաննիսյանը և Լիպարիտ Մելիքջանյանը հրավիրել էին դատական նիստ՝ վերջերս ԲԴԽ անդամ ընտրված Նախշուն Տավարացյանի լիազորությունների դադարեցման պահանջով։
Շատերը ԲԴԽ երեք դատավորների նախաձեռնությանը շատ լավ են վերաբերվում, մի մասն էլ չի հավատում նրանց ազնիվ մղումներին։
Այսօր մեզ հետ զրույցում ԲԴԽ նախկին անդամ Սերգեյ Մեղրյանն այս հարցի վերաբերյալ ասել էր.
«Դրական չեմ վերաբերվում նաև ԲԴԽ 3 դատավորների կողմից հուլիսի 18-ին հրավիրված նիստին: Իմ մոտ այնպիսի տպավորություն է, թե Խորհրդի անդամները ղեկավարվում են «դե, եթե ասում եք, որ պաշտոնը ստանձնել է ընտրվելու պահից, այլ ոչ թե երդման, ուրեմն առանց հարգելի պատճառների ամիսներ շարունակ չի կատարել նաև Խորհրդի նիստերին մասնակցելու իր պարտականությունը» բանաձևով: Սա նույն ֆորմալիստական մոտեցման շարունակությունն է: Ակնհայտ է՝ եթե անձը երդմամբ չի ստանձնել իր պաշտոնը, նրա վրա չեն կարող տարածվել այդ պաշտոնից բխող պարտականությունները, հետևաբար՝ նա չի կարող կրել նաև համապատասխան պատասխանատվություն մինչև երդման պահը կատարածի կամ չկատարածի համար»:
168.am-ը արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանին խնդրեց մեկնաբանել ԲԴԽ շուրջ զարգացումները, այսօրվա նիստը, ու թե ինչպե՞ս է վերաբերվում ԲԴԽ 3 անդամների նախաձեռնությանը։
«Իմ դիրքորոշումը հրապարակային արտահայտել եմ Նախշուն Տավարացյանի երդվելու մասով։ Բայց թույլ տվեք ասել՝ ես համոզված չեմ ԲԴԽ անդամների մոտիվացիայի ազնվության մեջ։ Ինձ հետաքրքրում է մի հարց՝ այդ ինչպե՞ս պատահեց, որ Հայկ Հովհաննիսյանը Վճռաբեկ դատարանի պալատի դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու փուլում ինքն ինքնաբացարկ ներկայացրեց, ինչն էլ հարգվեց ԲԴԽ-ի կողմից: Հիմա նույն պալատի անդամի դեմ «մոռացել» է ինքնաբացարկ հայտնել և ազնիվ նկրտումներ ցուցաբերելու շղարշի տակ ստորագրում է ԲԴԽ անդամների հայտնի նախաձեռնությունը։ Ինչի ինքնաբացարկի հիմքը վերացե՞լ է։ Թե՞ էլ ոչ մեկին բան չկա ապացուցելու։ Մի բան եմ ուզում ասել ԲԴԽ-ի հետ կապված բոլոր դերակատարներին. ձեզ միայն թվում է, թե դուք եք հասկանում ու տեսնում մակերեսից անդին։ Բայց, ինչպես ասում են՝ հերթով, շարքով, կարգով»,- ասաց Արփինե Հովհաննիսյանը։