«Պետք է քայլեր ձեռնարկել ԱՄՆ-ում Քիմ Քարդաշյանի ունեցած քաղաքական ազդեցությունը ՀՀ շահերին համապատասխանեցնելու համար». միջազգայնագետ

Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը վերջին օրերին երկու ուշագրավ գրառում էր կատարել, որոնցից մեկը վերաբերում էր ԱՄՆ-ում Մեծ Բրիտանիայի Միացյալ Թագավորության դեսպանի ու նախագահ Թրամփի բացահայտ հակամարտությանը, իսկ մյուսը՝ ծագումով հայազգի, ամերիկյան շոու-բիզնեսի հանրահայտ աստղ Քիմ Քարդաշյանի ու Դոնալդ Թրամփի մտերմությանը։

«Ասեցի, չէ՞, ԱՄՆ-ում ՄԲ դեսպանն այլևս էֆեկտիվ չի կարող աշխատել: Թրամփը նրան չներեց»,- մասնավորապես գրել էր Սուրեն Սարգսյանը։

168.am-ի խնդրանքով՝ վերջինս մեկնաբանեց իր գրառումը։

«Միացյալ Նահանգներում Մեծ Բրիտանիայի դեսպանի՝ իր պետություն ուղարկված տեղեկանքի պատճառով սկանդալ է հասունացել երկու պետությունների միջև։ Մասնավորապես, դեսպանն իր զեկուցագրում բացասական ձևակերպումներով է արտահայտվել Թրամփի ու նրա քաղաքական թիմի, ինչպես նաև նրա քաղաքական ապագայի նկատմամբ։ Այդ տեղեկանքը հայտնվել էր հանրության ուշադրության կենտրոնում. արտահոսք էր եղել, և դրա պատճառով երկու պետությունների միջև հարաբերությունները բավականին լարվել են։ Հարցը հասել է նրան, որ Թրամփն ասել է, որ այդ դեսպանի հետ այլևս չի աշխատելու, և ընդհանրապես նա ոչ ոքի համար ընդունելի կերպար չէ Միացյալ Նահանգներում»,- ասաց միջազգայնագետը։

Նա կարծում է, որ այդ դեսպանի աշխատանքի արդյունավետությունն արդեն չի կարող այդքան բարձր լինել, որովհետև Թրամփի հետ, ըստ էության, կան խնդիրներ։

Մեր այն հարցին, թե սա ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ երկկողմ հարաբերությունների համար, Սուրեն Սարգսյանն ասաց, որ, թերևս, սա նշանակում է, որ Մեծ Բրիտանիան մոտ ժամանակներս հավանաբար այլ հիմնավորմամբ ետ կկանչի իր դեսպանին։

«Մասնավորապես հիմնավորում կարող է լինել այն, որ դեսպանն արդեն շուրջ 3 տարի աշխատում է Վաշինգտոնում, և հաշվի առնելով ռոտացիայի սկզբունքը՝ դեսպանի փոփոխության արդեն իսկ ժամանակն է։ Կփորձեն, իհարկե, այս ճանապարհով հարթել Մեծ Բրիտանիայի և Միացյալ Նահանգների միջև ծագած այս սկանդալը»,- նշեց Սուրեն Սարգսյանը։

Ինչ վերաբերում է իր այն գրառմանը, որ ամերիկյան հանրահայտ աստղ Քիմ Քարդաշյանի ռեսուրսը պետք է օգտագործել՝ հաշվի առնելով նրա ու Նախագահ Թրամփի մտերմությունը, Սուրեն Սարգսյանն ասաց, որ Քիմ Քարդաշյանը միշտ էլ ակտիվ է եղել Հայ դատի խնդիրներով, ու այդ հանգամանքը պետք է ճիշտ օգտագործել։

Wall Street Journal պարբերականն ավելի վաղ գրել էր, որ ամերիկյան Keeping Up With the Kardashians իրապատում շոուի աստղ Քիմ Քարդաշյանն ասել է, որ ցանկանում է Հայոց ցեղասպանության ճանաչումն իր առաքելությունը դարձնել։ Նշենք, որ հայկական արմատներով հեռուստաաստղը վերջին ժամանակներս զբաղվում է իրավաբանական հարցերով և քրեական արդարադատության բարեփոխման խնդիրներով:

Նա պարբերականին հայտնել է, որ ցանկանում է ուշադրությունը կենտրոնացնել Հայոց ցեղասպանության թեմայի վրա, և, որ այն քննարկելու համար արդեն հաղորդագրություն է ուղարկել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի փեսային՝ հրեական ծագում ունեցող Ջարեդ Քուշներին:

«Ցանկանում եմ դա իմ առաքելությունը դարձնել: Հայրիկս շատ կհպարտանար»,- ասել է Քարդաշյանը՝  նկատի ունենալով ամերիկահայ փաստաբան Ռոբերտ Քարդաշյանին:

Հիշեցնենք, որ Սուրեն Սարգսյանը հետևյալ գրառումն էր կատարել. «Էս աղջիկը ուղիղ կապ ունի Թրամփի հետ: Էս աղջիկը sms ա անում Ջարեդ Քուշներին: Էս աղջկան կոնգրեսականները զանգում խնդրում են, որ Թրամփին միջնորդի: Էս աղջիկը Ցեղասպանության վերաբերյալ հանրային կարծիքի ձևավորման համար ավելի շատ բան է անելու, քան…»։

«Վերջերս նա հայտարարել է, որ պատրաստ է ամեն ինչ անել, որ Միացյալ Նահանգներում Ցեղասպանությունը ճանաչվի։ Մենք պետք է հաշվի առնենք, որ այսօր Քիմ Քարդաշյանն ԱՄՆ-ում ամենաճանաչված և ամենաազդեցիկ հայն է և ունի միլիոնավոր հետևորդներ ոչ միայն՝ սոցիալական ցանցերում։ Առհասարակ նրա գործունեությունը մշտապես հանրության ուշադրության կենտրոնում է, և բնական է, որ նրա խոսքն էլ այս առումով ազդեցիկ է։ Բացի դրանից, Քիմ Քարդաշյանը բավականին ակտիվ նախագահ Թրամփին է աջակցում տարբեր նախաձեռնություններում. մասնավորապես՝ ազատազրկման վայրերի ռեֆորմների հետ կապված է լուրջ աջակցություն ցուցաբերում Թրամփին։ Նա պարբերաբար հանդիպում է ԱՄՆ նախագահին, ընկերական հարաբերություններ ունեն նրա հետ թե ինքը, թե իր ամուսինը՝ հանրահայտ երաժիշտ Քանյե Վեսթը, ով նույնպես լուրջ ազդեցություն ունի ամերիկյան տարբեր շրջանակներում։ Եվ կարծում եմ, որ Քիմ Քարդաշյանը սա կփորձի օգտագործել հայկական հարցի համար»,- հավելեց Սուրեն Սարգսյանը։

Մեր այն հարցին, թե հայկական կողմն ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկի Քիմ Քարդաշյանի ազդեցության լծակները ճիշտ օգտագործելու համար, «Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնի» ղեկավարը նշեց, որ հաշվի առնելով  Միացյալ Նահանգներում Քիմ Քարդաշյանի ազդեցությունը, որը, ինչպես տեսնում ենք, կարող է դառնալ նաև քաղաքական ազդեցություն, մենք ինքներս պետք է որոշենք, թե ինչպես կարող ենք նրա ազդեցությունը համապատասխանեցնել Հայաստանի շահերին։

«Այս առումով մեր դիվանագիտական խողովակները կարող են աշխատել և փորձել օգուտներ քաղել Հայաստանի Հանրապետության համար։ Կարծում եմ, որ, եթե այս հարցով մենք նրան դիմենք, չի մերժի և Հայաստանի համար կոնկրետ բաներ կարող է անել»,- եզրափակեց Սուրեն Սարգսյանը։

«Քիմի էֆեկտը»

Հիշեցնենք, 2015թ. Քիմ Քարդաշյանն իր ընտանիքով այցելել էր Հայաստան։

Այժմ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ Տնտեսական հարցերի նախագահ, նախկինում՝ «168 Ժամ» թերթի և 168.am կայքի տնտեսական մեկնաբան Բաբկեն Թունյանը մանրամասն վերլուծություն էր կատարել այն մասին, որ Քարդաշյանի և նրա ընտանիքի այցը բազմամիլիոն նվեր էր Հայաստանին` անվճար գովազդելով Հայաստանն աշխարհով մեկ։

«Հայաստանում գտնվելու 5 օրերի ընթացքում նա իր էջում կատարել է կոնկրետ իր այցելությանը վերաբերող 8 գրառում` լուսանկարներով։ Այս 8 գրառումները միասին հավաքել են շուրջ 1.9 միլիոն հատ լայք և մի քանի հազար անգամ վերահրապարակվել են այլ օգտատերերի կողմից։ Instagram-ի էջն ավելի ակտիվ է։ Ունի 29.9 միլիոն հետևող։ Միայն Գեղարդի վանքում արված լուսանկարն այստեղ հավաքել է շուրջ 970 հազար լայք։ Իսկ ընդհանուր առմամբ, հայաստանյան այցի մասին պատմող գրառումները Քարդաշյանի Intagram-ի էջում հավաքել են շուրջ 6.5 միլիոն հատ լայք։ Twitter-ում Քիմ Քարդաշյանն ունի 31 միլիոնանոց լսարան, որտեղ նույն ակտիվությամբ գրառումներ է կատարում,- գրել էր Բաբկեն Թունյանը՝ ավելացնելով,- Քարդաշյանների շնորհիվ մեծանում է օտարերկրացիների հետաքրքրությունը հայերի և հայաստանցիների նկատմամբ։ Իսկ հետաքրքրության աճը չափելու ուղիներից մեկը Google որոնողական համակարգն է։ Որքան շատ են հետաքրքրվում, այնքան շատ են փնտրում, կամ` գուգլում։
Գոյություն ունի Google Trends հավելված, որը թույլ է տալիս պատկերացում կազմել, թե ինչպիսի փոփոխություններ է կրել որևէ բառի կամ անվանման փնտրման հաճախականությունը։ Տեսեք, վերջին 1 շաբաթվա ընթացքում «Armenia» բառի փնտրումը Google համակարգով աճել է 60%-ով։

Իսկ հիմա շատ ավելի հետաքրքիր տվյալ` «Where is Armenia» արտահայտության փնտրումն աճել է 7.5 անգամ (650%-ով)։ Այսինքն, մարդկանց թիվը, ովքեր ցանկացել են իմանալ, թե որտեղ է Հայաստանը, բազմապատկվել է 1 շաբաթվա ընթացքում։ Սա հենց այն է, ինչի մասին խոսում էինք. Հայաստանի մասին թեկուզ անուղղակիորեն լուրեր կարդալով` մեծանում է հետաքրքրությունը մեր երկրի նկատմամբ։ «Kardashian Armenia» արտահայտության փնտրման հաճախականությունն աճել է 18.5 անգամ, «Kardashian in Armenia», «Kim in Armenia» փնտրումները` ավելի շատ։ Այնքան շատ, որ Google Trends-ում ճշգրիտ թվի փոխարեն` գրվում է «Breakout»»։

 

Տեսանյութեր

Լրահոս