«Կար քաղաքական գործիչ, որը 1-2 տարի առաջ ասում էր, որ իշխանությունն առաջիկա 20 տարում անցնելու է Մելիք-Ադամյան փողոցով. այսօր որտե՞ղ է այդ կուսակցությունը». Քաղտեխնոլոգը՝ Արման Եղոյանի հայտարարության մասին

Այսօր համացանցում ակտիվ քննարկվում է մամուլում հրապարակված ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Եվրաինտեգրացիայի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանի հայտարարությունը։ Վերջերս  Աղվերանում միջոցառումներից մեկի ժամանակ նա հայտարարել է, որ իրենք իշխանության են եկել 40 տարով։
168.am-ի հետ զրույցում քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանն անդրադառնալով պատգամավորի հայտարարությանը, նկատեց՝ նախկինում կար ևս մեկ քաղաքական գործիչ, որը հայտարարում էր, թե մոտակա 20 տարում իշխանությունն անցնելու է Մելիք-Ադամյան փողոցով, և այս հայտարարությունն անում էր 1-2 տարի առաջ։

«Այսօր որտե՞ղ է այդ կուսակցությունը, որի շենքի մոտով պետք է անցներ իշխանությունը։ Պարզվեց, որ իշխանությունն անցավ, բայց ոչ՝ նրա նշած փողոցով»,- ասաց քաղտեխնոլոգը։

Նրա խոսքով՝ նման հայտարարություններին չպետք է լուրջ վերաբերվել, չնայած փիառի տեսանկյունից  դրանք կարող են ունենալ մի քանի պատճառներ։

«Նախ՝ հնարավոր է՝ դա այդ պատգամավորի տեսակետն է, կամ ցանկությունը՝ որպես տեսակետ, նա  օրենք չի խախտել,  քանի որ կարող է ազատ կարծիք հայտնել։ Չի բացառվում, բայց հնարավոր է՝ այդ հայտարարությամբ իշխող կուսակցությունը փորձում է ստուգում իրականացնել, թե այն ինչպես կընկալվի հասարակության կողմից՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերջին հարցումներով բավականին իջել է ՔՊ-ի վարկանիշը։ Չի բացառվում, որ իշխանության մեջ կան որոշ մարդիկ, որոնք կարող են ուղղակի շատ հպանցիկ ակնարկ անել՝  տեսնելու համար, թե հասարակության ակտիվ մասն ինչպիսի վերաբերմունք կցուցաբերի հնչեցրած տեսակետին։ Այդուամենայնիվ, այս պահի դրությամբ կարող եմ ասել, որ այդ հայտարարությունն ընդամենը պատգամավորի ցանկությունն է, սակայն ապագա իրադարձություններն ամեն ինչ ցույց կտան»,- շեշտեց Արմեն Բադալյանը։

Ըստ նրա՝ կարող է լինել ժողովրդավարական երկիր, սակայն նույն կուսակցությունը 40 տարի ղեկավարի երկիրը, օրինակ՝ նման երկրներից է Ճապոնիան, որտեղ ազատ ու թափանցիկ ընտրությունների արդյունքում մոտավորապես 40 տարի Լիբերալ- դեմոկրատական կուսակցությունն է ղեկավարել։ Կարող է լինել նաև հակառակը՝ ոչ ժողովրդավարական երկրներում, երբ ընտրությունները կեղծվում են, կամ ստեղծվում է քաղաքական այնպիսի իրավիճակ, որի ժամանակ ընդդիմադիրներին թույլ չեն տալիս մասնակցել ընտրություններին, և 40 տարի ղեկավարում է մեկ անձ։

Հարցին՝ այդուհանդերձ ներկայիս իշխանությունները նման օրակարգով կարո՞ղ են 40 տարի երկիր ղեկավարել,  Արմեն Բադալյանը պատասխանեց՝ խնդիրն այն է, որ այսօր իշխանությունները որևէ օրակարգ չունեն՝ ո՛չ ներքին, ո՛չ արտաքին։

«Հեղափոխությունից մեկ տարուց ավելի է անցել, և կարող ենք փաստել, որ իշխանությունները չունեն որևէ օրակարգ, ո՛չ տնտեսության զարգացման, ո՛չ արդարադատության ու սահմանադրության բարեփոխման, և ո՛չ էլ այլ ոլորտների վերաբերյալ։ Դժվար է ասել, թե  որքան կգոյատևեն, երևի այնքան, մինչև կգտնվի այլընտրանք, որն ազատ ընտրությունների արդյունքում կփոխարինի այս իշխանություններին»,- ընդգծեց մեր զրուցակիցը։
Հաջորդ հարցին՝ այս պահին իշխանություններին փոխարինող այլընտրանք կա՞, քաղտեխնոլոգը բացասական պատասխան տվեց։

Զվարթ Խաչատրյան

 

Տեսանյութեր

Լրահոս