Բաժիններ՝

«2021 թվականից բոլոր բացառությունները սպառվելու են». ՊԵԿ նախագահը՝ երրորդ երկրից ներկրվող մեքենաների մաքսատուրքի մասին

Ըստ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի, եթե ծխելու դեմ պայքարը մեծ թափ հավաքի, ապա պետք է ուսումնասիրվի  ծխախոտի պահանջարկը, այնուհետև իրականացվի մոնիտորինգ՝ ծխախոտ ներկրողների և արտադրողների մոտ, այնուհետև գնահատական կտրվի, թե որքա՞ն կլինի արտադրական ծավալների անկումը։ Միայն այս ամենից հետո պարզ կլինի՝ հարկման օբյեկտները պակասե՞լ են, թե՞ ոչ։

«Նշածս շղթայի մեջ հարկելն ամենավերջինն է, այսինքն՝ այժմ չունեմ որևէ դատողություն, որ, եթե ծխախոտի դեմ պայքարը մեծ թափ հավաքի, ապա այն որքանով կարող է ազդել հարկերի չափերի վրա։ Իհարկե, եթե հանրությունը որոշի, որ քիչ է ծխելու, ապա պակաս ծխախոտ կարտադրվի ու կներմուծվի։ Բայց օրինակ՝ կարող են ավելացնել արտադրման ծավալները, և շահութահարկի ավելացման առումով փոխհատուցվի մնացած հարկերի կորուստը։ Այստեղ մի քանի անհայտով հավասարումներ կան, որ մենք պետք է կարողանանք լուծել»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Դավիթ Անանյանը։

Նա նաև հավելեց, որ ծխախոտի դեմ պայքարում ակտիվ գործունեություն է ծավալել Առողջապահության նախարարը, որին իր աջակցությունն է ցուցաբերում ՊԵԿ-ը։
Անդրադառնալով երրորդ երկրներից ներմուծվող ավտոմեքենաների մաքսատուրքի չափին՝ Դավիթ Անանյանն ասաց, որ այն ժամանակ, երբ Հայաստանն անդամակցում էր ԵԱՏՄ-ին, շուրջ 800 ապրանքների գնով վերցրել է որոշակի բացառումներ, որոնք աստիճանաբար սպառվում են։

«Եթե չեմ սխալվում, 2021 թվականից բոլոր բացառությունները սպառվելու են, մեքենաների հերթը հասել է 2020 թվականի հունվարի 1-ը։ Այսինքն՝ մենք նախապես բանակցել ենք և 5 տարով հետաձգել ենք, հիմա նորից պետք է բանակցենք հետաձգելու համար։ Նման տրամադրվածություն Կառավարության կողմից կա, սակայն չգիտեմդա հաջողությամբ կպսակվի՞, թե՞ ոչ, քանի որ բանակցություններին կամ քննարկումներին ինքս չեմ մասնակցում»,- եզրափակեց ՊԵԿ նախագահը։

Զվարթ Խաչատրյան

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս