Մարսելոն խնդրել է վաճառել իրեն
«Ռեալ Մադրիդի» պաշտպան Մարսելոն կարող է ամռանը հեռանալ թիմից:
Sport.es-ի փոխանցմամբ, 31-ամյա ֆուտբոլիստը դիմել է ակումբին՝ խնդրելով վաճառել իրեն: Գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը համաձայնել է բրազիլացու առաջարկին:
Ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրվում են Պրեմիեր Լիգայի, Ա Սերիայի և Չինաստանի առաջնության թիմերը: Տեղափոխությունը կարող է տեղի ունենալ առաջիկա շաբաթների ընթացքում:
Մարսելոն 2007 թվականից խաղում է «Ռեալի» կազում: Անցյալ մրցաշրջանում Լա Լիգայում նա անցկացրեց 23 խաղ, 2 գոլ խփեց և 2 գոլային փոխանցում կատարեց:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Մարսելոն համաձայնեցրել է «Յուվենթուսի» հետ նախնական պայմանագիրը: Դեռ Սանտյագո Սոլարիի գլխավորած թիմում ֆուտբոլիստը կորցրել էր իր տեղը մեկնարկային կազմում՝ զիջելով այն Սերխիո Ռեգիլոնին:
Սակայն ֆուտբոլիստը նշել էր, որ չի ցանկանում հեռանալ մադրիդյան ակումբից:
«Իհարկե, սա հարուստ պատմություն ունեցող գրավիչ ակումբ է: Ես հիշում եմ, որ ես հետևում էի նրանց, երբ Նեդվեդն այնտեղ էր խաղում: Ես անգամ փոխանակել եմ շապիկներ ֆուտբոլիստների հետ:
Բայց հիմա ես պայմանագիր ունեմ «Ռեալի» հետ և ես ուրախ և երջանիկ եմ Մադրիդում: Ես չգիտեմ, թե որտեղից են գալիս այս բոլոր լուրերը: Ես կիմանայի, եթե լինեին բանակցություններ:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Մարսելոյին թուրինյան ակումբ տեղափոխվել համոզում է Կրիշտիանու Ռոնալդուն: Իտալացիները Մարսելոյի համար ցանկանում են առաջարկել 45 միլիոն:
A Bola Brasil-ի տվյալներով՝ բրազիլացին գոհ է Զինեդին Զիդանի՝ գլխավոր մարզչի պաշտոնին վերադառնալու փաստից և այլևս չի ցանկանում հեռանալ «Ռեալից»:
Վերադարձից առաջ Զինեդին Զիդանը մի քանի պահանջ է ներկայացրել մադրիդյան ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսին: Դրանցից մեկը Մարսելոյին թիմում պահելն էր:
Նշվում է, որ ֆրանսիացի մասնագետը վերադարձից հետո անձամբ հանդիպել է Մարսելոյին և քննարկել է նրա հետ իր ապագան մադրիդյան ակումբում:
Սիրարփի Աղաբաբյան



