«Արցախի խնդիրը դառնում է աշխարհաքաղաքական խնդիր Ռուսաստանի և Արևմուտքի միջև». Ստեփան Դանիելյան
Հուլիսի 4-8-ը Լյուքսեմբուրգում ընթացող ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի տարեկան ամառային 28-րդ նստաշրջանին Քաղաքական և անվտանգության հարցերի հանձնաժողովում քննարկվել է Ալան Փարելի՝ «Անվտանգության ապահովման հարցում կայուն զարգացման ապահովում, խորհրդարանների դերակատարությունը» խորագրով զեկույցը, որը մտահոգություն է հայտնում «կառուցողական երկխոսության հաստատման համար կայուն զարգացման բացակայության հետ կապված ԵԱՀԿ տարածքում հակամարտող կողմերի միջև, մասնավորապես՝ Վրաստանում Աբխազիայի, Ցխինվալիի, Հարավային Օսիայի շրջաններում, Դոնեցկում, Լոպանսկում, Ղրիմի Ինքնավար Հանրապետությունում, Անաստոպոլում և Լեռնային Ղարաբաղում ու Ադրբեջանի 7 շրջաններում»: Զեկույցի 19-րդ դրույթը կոչ է անում, ի թիվս Վրաստանի, Ուկրաինայի և Մոլդովայի՝ հարգել նաև Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը:
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը 168.am-ի հետ զրույցում նշեց, որ նման զեկույցների ազդեցությունը չի կարելի թերագնահատել:
«Մինսկի խումբը ԵԱՀԿ-ի դաշտում է ստեղծված և, բնականաբար, ԵԱՀԿ հայտարարությունները, հատկապես՝ Արցախի հարցով, ուղղակիորեն ազդում են իրավիճակի վրա: Եթե այդ բոլոր կոնֆլիկտները մեկ տրամաբանության մեջ են դրվում, և այդ մեկ տրամաբանությունն Արևմուտք-Արևելք, այսինքն՝ Ռուսաստան-Արևմուտք հարաբերությունների մեջ կոնկրետ երանգ ունի, հատկապես՝ Վրաստանի և Ուկրաինայի հետ կապված, և դրա հետևանքով նաև Արցախի խնդիրը նման տրամաբանություն է ձեռք բերում, ինչը մինչ այդ գոյություն չուներ: Այսինքն՝ այն դառնում է աշխարհաքաղաքական խնդիր Ռուսաստանի և Արևմուտքի միջև: Մինչ այս նման ձևով Արցախի հարցին չէին վերաբերվում, Արցախը հատուկ կարգավիճակ ուներ այդ առումով»,- ասաց Ս.Դանիելյանը:
Անդրադառնալով Ռուսաստանի հայտարարությանը, որ հուլիսի 7-ին Թուրքիա կհասնի Ս-400 ՀՕՊ համակարգերի առաջին խմբաքանակը, այս գործարքի արդյունքում՝ Թուրքիա-ԱՄՆ և ՆԱՏՕ հարաբերությունների սրմանը և տարածաշրջանային, մասնավորապես՝ Արցախի հարցում հնարավոր ռիսկերին, Ս.Դանիելյանը նշեց, որ որոշ դեպքեր պետք է նայել դրանց պատմական համատեքստում «Թուրքիայի հետ կապված միշտ մի հետաքրքիր երևույթ է եղել՝ կա՛մ ժամանակին բրիտանացիներն են ցանկացել գրավել Թուրքիայի, հատկապես՝ արևմտյան հատվածը՝ նեղուցները, դրանով ազդել Ռուսաստանի վրա, որովհետև Ռուսաստանն այդ նեղուցներով էր դուրս գալիս դեպի բաց ծովեր, և այդ դեպքում Ռուսաստանը միշտ օգնում էր Թուրքիային, իսկ երբ Ռուսաստանն էր փորձում գրավել Կոստանդնուպոլիսը և վերահսկել նեղուցը, անգլիացիները և արևմտյան երկրներն էին պաշտպանում Թուրքիային: Ես կարծում եմ՝ այսօր նման կոնտեքստ նույնպես կա, և հատկապես՝ Էրդողանի դեմ հայտնի դեպքերը, որ հեղաշրջում էր պատրաստվում, ու Ռուսաստանի օգնությամբ Էրդողանը կարողացավ այդ ճգնաժամը հաղթահարել, նույն պատմական տրամաբանության մեջ է, և Ռուսաստանն է այս անգամ Թուրքիայի հետ ավելի մերձենում: Կոնտեքստում կրկին նեղուցների խնդիրն է, ու դա աշխարհաքաղաքական նշանակություն ունի: Ինչ վերաբերում է մեր տարածաշրջանին, ես կարծում եմ՝ Թուրքիայի և Ռուսաստանի ոչ ստրատեգիական, բայց տակտիկական սերտ համագործակցությունը կարող է ինչ-որ առումով ժամանակավորապես ավելի հանդարտեցնել մեր տարածաշրջանում իրավիճակը, որովհետև Թուրքիան ուղղակի ազդեցություն ունի Ադրբեջանի վրա, Ռուսաստանը՝ Հայաստանի վրա՝ զենք և հետախուզական տվյալներ մատակարարելով, և այլն, այսինքն՝ նրանց սերտ համագործակցությունը որոշակի հավասարակշռության վիճակ է ստեղծում մեր տարածաշրջանում»:
Ս.Դանիելյանի խոսքով՝ Ադրբեջանի պաշտպանության նախարարի հայտարարությունը, որ միջազգային իրավիճակը թույլ չի տալիս իրենց, որ պատերազմ սկսեն, այդ միջազգային իրավիճակի մեջ նաև այս էլեմենտն է ազդեցություն ունեցել:
Թե, այնուամենայնիվ, ի՞նչ դերակատարում կարող է ունենալ ՀԱՊԿ-ը Թուրքիայի կողմից սպառնալիքի դեպքում, հատկապես, եթե հաշվի առնենք այն, որ Նիկոլ Փաշինյան-Վլադիմիր Պուտին հեռախոսազրույցից հետո Կրեմլի հաղորդագրության մեջ նշվում էր, որ քննարկվել է ՀԱՊԿ գծով գործակցության խնդիրը՝ «проблематика сотрудничества» ձևակերպմամբ, Ս.Դանիելյանը նշեց, որ այստեղ երկու հարթություն կա. «Համագործակցությունը ՌԴ-ՀՀ իշխանությունների միջև մի բան է, համագործակցությունը ՀՀ-ի-ՌԴ-ի միջև՝ այլ բան: Գործող իշխանություններն այսօր կան, վաղը չկան, բայց գլոբալ շահերը մնում են: Հնարավոր է՝ ՀՀ և ՌԴ ղեկավարների միջև այսօր խնդիրներ կան, բայց այդ գլոբալ շահերը, որոնք ղեկավարություններից դուրս են, մնում են և կարող են զսպել այդ հարաբերությունները, և մենք դա տեսնում ենք: Իշխանություններն այսօր կան, վաղը չկան, շահերն ավելի հեռանկարային են»: