Բաժիններ՝

Վիվալդի, «Մոդերն Թոքինգ», Արա Գևորգյան, գնչուական մոտիվներ. ռուս ջութակահարը Հյուսիսային պողոտան համերգասրահի էր վերածել

Երեկ՝ սահմանադրության օրը, հուլիսի 4-5-ը կայացած փողոցային երաժիշտների միջազգային փառատոնի շրջանակներում, Հյուսիսային պողոտայում ելույթ էր ունենում ռուս ջութակահար Վլադիմիր Սեմիբրադովը։

«Tricolor» Yerevan International Street Music Festival երաժշտական խմբերի, նվագախմբերի և անհատ երաժիշների բացօթյա փառատոնը կազմակերպվել էր  Հայաստանի Հանրապետության սահմանադրության և պետական խորհրդանշանների տոնակատարության շրջանակում: Փառատոնը միտված է զարգացնելու Հայաստանում քայլերթային նվագախմբերի, փողոցային անհատ երաժիշտների մշակույթն ու նպաստելու երկրների միջև մշակութային երկխոսությանը:

Քիչ այն կողմ ի դեպ հանդես էր գալիս մի կիթառիստ, ով նույնպես հանդես էր գալիս փառատոնի շրջանակներում։

Դասական գործիքի էլեկտրոնային վարիացիաները մեծ խանդավառություն էին առաջացրել, և Մոսկվայից ժամանած երաժշտի կատարումները բազմաթիվ երաժշտասերներ էին ունկնդրում։ Գրեթե ոչ մի անցորդ՝ տեղացի թե զբոսաշրջիկ, մի պահ գոնե կանգ էր առնում, լսում ջութակահարին։

Երաժշտի նվագացանկը բազմազան էր՝ սկսած դասական գործերից մինչև էստրադային հիթերի նորաոճ ներկայացումներ։

Վիվալդի, «Մոդերն Թոքինգ», Արա Գևորգյան, գնչուական մոտիվներ…Ռուս ջութակահարը կատարում էր ցանկացած ճաշակին հարմար գործեր։

Մոսկվայից ժամանած երաժիշտների խմբից Օլեսյա Միխայլովա անունով մի աղջիկ 168.am-ի հետ զրույցում ասաց, որ փառատոնին իրենք ներկայացնում են Մոսկվայի մետրոպոլիտենի «Երաժշտությունը՝ մետրոյում» նախագիծը։ Եկել են՝ հատուկ այս փառատոնին մասնակցելու համար։ Հրավերը ստացել են «Մենք» պետական և ազգային արժեքների հանրահռչակման հիմնադրամի  հիմնադրամից։

Վերջինս նշեց, որ հիմնականում նվագում են մոսկովյան մետրոյում, սակայն լինում են նաև հյուրախաղեր։

«Շատ գեղեցիկ քաղաք է Երևանը։ Երկու օր է, որ այստեղ ենք, հասցրել ենք հիանալ քաղաքի կենտրոնով, Երևանի շատրվաններով։ Հուսամ՝ սա մեր վերջին այցը չէ Երևան»,-մեր մայրաքաղաքի մասին իր տպավորությունները կիսեց Օլեսյա Միխայլովան։

Իր հերթին Վլադիմիր Սեմիբրադովն էլ նշեց, որ հիացած է Երևանի ճարտարապետությամբ, բարեհամբույր մարդկանցով, ու առհասարակ Երևանն իր համար բացահայտում էր։ Փառատոնին մասնակցության հրավերն իրենց փոխանցել է Մոսկվայի մետրոպոլիտենի ղեկավարությունը։

«Շատ ուրախ էի Երևան այցելու հնարավորության համար։ Սա և փորձի փոխանակում է, և նոր մարդկանց հետ շփվելու հնարավորություն, և նոր քաղաք տեսնելու հիանալի առիթ»,-ասաց Մոսկվայից ժամանած երաժիշտը՝ հավելելով, որ տեղյակ է, որ հուլիսի 5-ին Հայաստանում նշում են Սահմանադրության օրը, և փառատոնը հենց այդ առիթով էլ կազմակերպվել էր։

Մեր այն հարցին, թե իր երգացանկում ինչ երաժշտություն է նախընտրում ներառել, ռուս ջութակահարը նշեց.

«Շատ տարբեր գործեր…Ես կատարում եմ վերջին 400 տարվա վոկալային, ջութակի ու նվագախմբային արվեստի ամենատարբեր գործեր։ Դրանց հետ կարելի է աշխատել։ Սա մեր անհատակ հարստությունն է, որը կարելի է վերարտադրել թե ջութակով և թե այլ երաժշտական գործիքներով»։

Նշենք, որ շուրջ մեկ ժամ տևած բացօթյա մենահամերգից հետո ռուս երաժշտին էին մոտենում մեր համաքաղաքացիներն ու քաղաքի հյուրերը, գոհունակության խոսքեր փոխանցում ու լուսանկարվում նրա հետ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս