Միջնադարյան գտածոն աճուրդում վաճառվել է 735 հազար ֆունտ ստերլինգով
Լոնդոնյան մի ընտանիքի 5 ֆունտ ստերլինգով (6 դոլար) կատարած գնումը հուլիսի 2-ի Սոթբիսում աճուրդի ժամանակ անսպասելի հաջողություն է բերել: Ծովացլի ժանիքից պատրաստված միջնադարյան արժեքավոր շախմատի հավաքածուի խաղաքարերից մեկը Սոթբիսում վաճառվել է 735,000 ֆունտ ստերլինգով (929,000 դոլար):
Հանդիսանալով աշխարհահռչակ Լյուիս կղզու շախմատի հավաքածուի մի մասը`այն 1964 թվականին 5 ֆունտով ձեռք էր բերել հնաոճ իրերի առևտրով զբաղվող մի վաճառական :
Հավանաբար տեղյակ չլինելով խաղաքարի միջնադարյան ծագման մասին`խաղաքարի նախկին տերն այն մոտ 55 տարի պահում էր տան դարակներից մեկում: Ապա արդեն մահացած տիրոջ ընտանիքը որոշում է խաղաքարի արժեքը ստուգել աշխարհի ամենահին աճուրդային տներից մեկում` Սոթբիսում, որից հետո ընտանիքը որոշում է վաճառել խաղաքարը. սա առաջին անգամն էր, որ Լյուիս կղզու շախմատի հավաքածուից որևէ մի խաղաքար աճուրդի էր հանվում:
Ինչպես տեղեկացնում է CNN-ը, մոտ 9 սանտիմետրանոց խաղաքարը իրենից ներկայացնում է մորուքավոր տղամարդ, որի աջ ձեռքին սուր կա, իսկ ձախին` վահան: Արդի շախմատում այն կհամապատասխաներ նավակին:
Միջնադարյան խաղաքարերը հայտնաբերվել են Շոտլանդիայի Հեբրիդյան կղզիախմբի Լյուիս կղզում 1831 թվականին, սակայն դրանց հայտնաբերման մանրամասները ցայսօր առեղծված են մնում: Լյուիս կղզում հայտնաբերվել են հիմնականում ծովացուլի ժանիքից պատրաստված 93 գտածոներ, որոնց պակասում էր 1 ձիու և 4 նավակի խաղաքար:
Շախմատի հավաքածուի ծագման ամենահավանական տեսությունն այն է, որ այն ստեղծվել է Նորվեգիայի Թրոնհեյմ քաղաքում 12-րդ դարի վերջի ու 13-րդ դարի սկզբի միջակայքում:
Լյուիս կղզու շախմատի հավաքածուի խաղաքարերը առկա են առասպելների, ժողովրդական հավատալիքների ու հարուստ բանահյուսության մեջ. դրանք եվրոպական քաղաքակրթության կարևոր մասն են: