Կաթողիկոսն ընդունել է «Շարժվելով դեպի ազատություն և խաղաղություն» քայլերթի կազմակերպիչներին
Ամենայն Հայոց Գարեգին Բ Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Մահաթմա Գանդիի հիշատակին նվիրված «Շարժվելով դեպի ազատություն և խաղաղություն» խորագրով քայլերթի կազմակերպիչներին: Ամենայն Հայոց Կաթողիկոսը ողջունել է խաղաղության և ազատության գաղափարների տարածմանը նվիրված քայլերթի նախաձեռնությունը:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է քայլերթի կազմակերպիչներ Փութան Վեեթիլ Ռաջագոփալանին, Աշոկ Սաջանհարին և Ջիկ Քար-Հարրիսին՝ «Գանդի» հիմնադրամի հայաստանյան ներկայացուցիչ Արսեն Խառատյանի ուղեկցությամբ:
Հյուրերը Հայոց Հայրապետին ներկայացրել են քայլարշավի հիմնական գաղափարները և նպատակները՝ կարևորելով կրոնների գործակցությունը մարդկության առջև ծառացած մարտահրավերների հաղթահարման և խաղաղ ու բարօր աշխարհի կերտման գործում: Աշոկ Սաջանհարին Նորին Սրբությանը տեղեկացրել է, որ Դելիից մինչև Ժնև կազմակերպվող մեկամյա քայլերթն անցնելու է նաև Հայաստանով ու Արցախով:
Զրույցի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսը ողջունել է խաղաղության և ազատության գաղափարների տարածմանը նվիրված քայլերթի նախաձեռնությունը՝ արձանագրելով, որ այդ գաղափարները դարեր շարունակ ուղեկցել են հայ ժողովրդին, Հայոց Եկեղեցու կողմից հնչեցվել` իբրև ամենօրյա աղոթք ու մաղթանք:
Նորին Սրբությունը ընդգծել է նաև, որ համամարդկային այդ արժեքները առանձնահատուկ կարևորություն ունեն հայոց ազգի համար, քանի որ ինչպես պատմության ընթացքում, այնպես և այսօր հայ ժողովուրդը պայքարում է խաղաղ և ազատ ապրելու իր իրավունքի պաշտպանության համար: Այս առնչությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսը, մասնավորապես, անդրադարձ է կատարել ղարաբաղյան հակամարտությանը և դրա խաղաղ կարգավորմանն ուղղված՝ հոգևոր առաջնորդների և միջազգային հանրության ջանքերին` հույս հայտնելով, որ նման խաղաղասիրական նախաձեռնությունները ևս իրենց նպաստը կբերեն աշխարհում և, հատկապես, մեր տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատմանը:
Հանդիպմանը անդրադարձ է կատարվել Հնդկաստանի հայ համայնքին, հնդկահայոց հոգևոր ժառանգությանը և դրա կարևոր ներդրմանը երկրի կյանքում և հայ-հնդկական կապերի ամրապնդման գործում:
Վերջում Նորից Սրբությունը բարեհաջող առաքելության իր բարեմաղթանքներն ու զորակցությունը փոխանցել է քայլարշավի կազմակերպիչներին: