Բաժիններ՝

Ուժեղ մուսոնային անձրևները Հնդկաստանում տասնյակ անձանց մահվան պատճառ են դարձել

Մուսոնային ուժեղ անձրևները պատերի փլուզման պատճառ են դառնում Հնդկաստանի արևմուտքում` սպանելով 27 անձանց: Եղանակային վատ պայմանները հանգեցրել են ճանապարհային, երկաթգծային ու օդային ճանապարհների խափանման` տեղական իշխանություններին ստիպելով փակել դպրոցներն ու պետական հաստատությունները:

Մուսոնային սեզոնի ժամանակ, որը ձգվում է հունիսից սեպտեմբեր, Հնդկաստանում մահացու ելքով դեպքեր են գրանցվում. փլուզվում են շինություններ ու պատեր, որոնց թույլ կառուցված հիմքերը շարքից դուրս են գալիս անձրևների պատճառով:

Ինչպես հաղորդում է Aljazeera-ն, հուլիսի 2-ին`վաղ առավոտյան, հորդառատ անձրևի պատճառով Մումբայի արևմտյան արվարձան Մալադի խրճիթների վրա պատ է փլուզվել: Դեպքի հետևանքով 18 զոհ կա:

Պաշտոնատար անձանցից մեկը նշել է. «Փրկարարական աշխատանքները շարունակվում են. մինչև այժմ մենք 20-ից ավելի տուժածի ենք փրկել»:

3 զոհ է գրանցվել հուլիսի 1-ի ուշ երեկոյան Մումբայից 42 կիլոմետր հեռու գտնվող Քալիա քաղաքի դպրոցներից մեկի պատի փլուզումից:

Պունայում` Մումբայի արևմուտքում գտնվող քաղաքներից մեկում, հուլիսի 2-ի առավոտյան անձրևներից առաջացած փլուզումների հետևանքով 3 մարդ է զոհվել, իսկ ևս 15-ը զոհ են գնացել հունիսի 29-ին տեղի ունեցած նմանատիպ պատահարի հետևանքով:

Մումբայը` Հնդկաստանի ֆինանսատնտեսական մայրաքաղաքը, նպատակ ունի վերածվել համաշխարհային ֆինանսական կենտրոնի, սակայն քաղաքի շատ թաղամասերի համար խիստ դժվար է դիմակայել ամենամյա մուսոնային անձրևներին, իսկ զանգվածային շինարարությունը, խցանված աղբատարերն ու ջրատարերն ավելի են բարդացնում քաղաքի ու քաղաքի մերձակա բնակչության վիճակը քաոսային անձրևների շրջանում:

Օդերևութաբանների` ժամանակ առ ժամանակ դադարող հորդառատ անձրևներ կանխատեսելուց հետո Մումբայի տեղական իշխանությունները կառավարական մարմինների և ուսումնական հաստատությունների համար ոչ աշխատանքային օրեր են սահմանել:

Քաղաքային իշխանությունները Twitter սոցիալական ցանցով հաղորդել են. «Ակնկալվում է, որ անձրևը նույն ուժգնությամբ կշարունակվի անգամ այսօր: Խնդրում ենք մնալ փակ տարածություններում»

Հնդկաստանի նավատորմը մի շարք խմբեր է տեղայնացրել Մումբայում փրկարարական աշխատանքների համար:

2005 թվականին ջրհեղեղը ավելի քան 500 մարդու մահվան պատճառ է դարձել Մումբայում, որոնց հիմնական մասը ապրում էր քաղաքի հետնախորշերում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս