Բաժիններ՝

Թալիբանի իրականացրած պայթյունի ու զինված հարձակման հետևանքով 3 զոհ կա

Թալիբանի զինյալները հուլիսի 1- ին հարձակում են կազմակերպել Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլի կառավարական շենքերից մեկի վրա` սպանելով 3 և վիրավորելով ավելի քան 90 մարդու` ներառյալ երեխաների:

Ինչպես հաղորդում է BBC-ն, մինչև կառավարական շենքի վրա հարձակվելը և անվտանգության աշխատակիցների վրա կրակ բացելը, զինյալները առավոտյան` պիկ ժամին, մեքենա են պայթեցրել:

7 ժամ տևած զինված պայքարը, ըստ Աֆղանստանի պաշտոնատար անձանց հաղորդման, ավարտվել է նրանով, որ բոլոր 5 ապստամբները սպանվել են:

Թալիբանն ասել է, որ թիրախավորել էր պաշտպանության նախարարությանը պատկանող մի հաստատություն:

Հարձակումն իրականացվել է ԱՄՆ հատուկ պատվիրակի`զինված խմբավորման հետ Կատարում սկսված բանակցությունների 7-րդ փուլի մեկնարկից 2 օր անց. բանակցությունները նպատակաուղղված էին վերջ դնել 18 տարի տևած պատերազմին:

Հուլիսի 1-ի պայթյունը ծխի մեծ ալիք է բարձրացրել Քաբուլի Փուլի Մահմուդ Խան թաղամասի շուրջ: Հատուկ ուժերը շրջապատել են թաղամասը, որտեղից, ականատեսների պնդմամբ, հնարավոր էր անկանոն կրակոցների ու պայթյունների ձայներ լսել:

Չնայած որ հաստատվել է 3 հոգու մահվան լուրը, պաշտոնապես հայտարարվել է, որ մահացածների թիվը կարող է ավելանալ: Աֆղանստանի կրթության նախարարը հաղորդել է, որ վիրավորվածների մեջ են մոտակա 2 դպրոցների մոտ 50 աշակերտներ:

Կրթության նախարարության մամլո խոսնակ Նուրիա Նազհաթը նշել է.

«Այդ երեխաները դասասենյակներում էին, երբ պայթյունի պատճառով կոտրվեցին դպրոցի պատուհանները»:

Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանին ասել է, որ քաղաքացիների վրա հարձակվելով` Թալիբանը մեղավոր է մարդկության դեմ հանցանքի մեջ:

Մայիսին Թալիբանը հարձակում էր գործել ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության գրասենյակի վրա` սպանելով 5 և վիրավորելով 24 անձանց:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս