Բորիս Ջոնսոնը ԵՄ-ին կառաջարկի բանակցություններ վարել ազատ առեւտրի շուրջը
Մեծ Բրիտանիայի Պահպանողական կուսակցության ռաջնորդի և վարչապետի պաշտոնների ընտրարշավի ֆավորիտ Բորիս Ջոնսոնը հանդես կգա Brexit-ից հետո Միացյալ Թագավորության և Եվրամիության երկրների միջև ազատ առեւտրի ռեժիմի սահմանման շուրջը բանակցություններ վարելու առաջարկությամբ: Բայց եթե Բրյուսելը մերժի այդ նախաձեռնությունը, ապա հոկտեմբերի 31-ին Մեծ Բրիտանիան ԵՄ-ից կհեռանա առանց կողմերի «ապահարզանի» պայմանների մասին գործարքի: Հուլիսի 2-ին այդ մասին Sky News հեռուստաալիքի եթերում հայտնել է Ջոնսոնի ընտրական շտաբի ղեկավար, թորիների նախկին առաջնորդ (2001 – 2003) Իեն Դանքան Սմիթը:
«Մենք պատրաստվում ենք նրանց անել այլ առաջարկություն (ի տարբերություն գործող վարչապետ Թերեզա Մեյի կնքած գործարքի) և ասել. «Տեսեք, մենք ցանկանում ենք մուտք ունենալ դեպի ազատ առևտուր: Եվ մենք կարող ենք այդ թեմայով բանակցություններ սկսել հենց հիմա»,- ասել է նա: «Բայց եթե ամենն, ինչ դուք ցանկանում եք,- հավելել է Դանքան Սմիթը,- մեզ ասելն է, թե, իբր, ամենն, ինչ դուք ունեք, արդեն առկա համաձանյագիրն է, ապա այդ դեպքում պատասխանը կլինի այսպես. (հոկտեմբերի) 31-ին մենք պատրաստ կլինենք (առանց գործարքի) դուրս գալուն»: Հունիսի 20-ին Բորիս Ջոնսոնը և Ջերեմի Հանթը դուրս են եկել վարչապետական աթոռի համար պայքարի եզրափակիչ փուլ: Հենց Ջոնսոնն է, որին Հանթն անցյալ ամառ փոխարինել է Մեծ Բրիտանիայի արտգործախարարության ղեկավարի պաշտոնում, շարունակում մնալ մրցավազքի ֆավորիտ: Կառավարության ղեկավարի ևս 11 հավակնորդներ դուրս են մնացել պայքարից դրա տարբեր փուլերում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: