Բնակչությանը հորդորում ենք զերծ մնալ փողոցում՝ արևի ճառագայթների տակ վաճառվող ձմերուկ գնելուց. ՍԱՊԾ պետ

Հաշվի առնելով շոգ եղանակները և սեզոնի ռիսկայնությունը՝ ԱՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը (ՍԱՊԾ) կոչ է անում բնակչությանը՝ հնարավորինս խուսափել փողոցային առևտրից օգտվելուց, մասնավորապես՝ չգնել արևի տակ վաճառվող կրեմային հրուշակեղեն, ձմերուկ, ձու և ձկնամթերք:

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԱՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Արթուր Ներսիսյանը:

Ըստ ոլորտի պատասխանատուի՝ կրեմային արտադրանքի պահման համար անհրաժեշտ է -2–ից +4°C ջերմաստիճան: Ձվի պահման համար անհրաժեշտ է 0-ից +20°C աստիճան: Անհրաժեշտ է խուսափել անհայտ ծագման, առանց մակնշման և առանց անվտանգությունը հավաստող փաստաթղթի առկայության հավկիթ գնելուց:

Խոսելով ձկնամթերքի մասին՝ Ա. Ներսիսյանն ասել է, որ ձուկը համարվում է շուտ փչացող սննդամթերք, և այն պետք է պահել ու վաճառել սառնարանային պայմաններում: Պաղեցրած ձկնամթերքը պահվում է -2-ից 0°C ջերմաստիճանում՝ առավելագույնը 48 ժամ: Պաղեցրած, ինչպես նաև պահածոյացված ձկնամթերքի վաճառքը փողոցում արգելվում է:

«Բնակչությանը հորդորում ենք նաև զերծ մնալ փողոցում՝ արևի ճառագայթների տակ վաճառվող ձմերուկ գնելուց: Ձմերուկը վաճառակետերում պետք է պահել հարթակների կամ բրեզենտի վրա: Խախտելով պահման պայմանները՝ փողոցում արևի ճառագայթների տակ ասֆալտի վրա դրված վաճառվող սնյնդամթերքի մեջ կարող են ներթափանցել թունավոր նյութեր, որն էլ օգտագործելիս կառաջանա թունավորումներ: Վերոնշյալ ռիսկերից խուսափելու համար ծառայության կողմից պարբերաբար իրականացվում են վերահսկողական գործառույթներ, որը սկսվել է ոչ միայն արդեն իսկ շուկայահանված ապրանքների մասով, այլև մինչև վաճառք իրականացնելը: Հատկապես՝ ձմերուկի և սեխի մշակությամբ զբաղվող հողօգտագործողներին ծառայության մասնագետների կողմից տրվել են ցուցումներ դրանց աճեցման և իրացման պայմանների վերաբերյալ»,-մասնավորապես ասել է Ա. Ներսիսյանը:

Տեսանյութեր

Լրահոս