Քաղաքապետարանը՝ թանկ գնով աղբամաններ ու նստարաններ գնելու մասին
«Հրապարակ» թերթն անցած շաբաթ գրել էր, որ Քաղաքապետարանը պատրաստվում է մեծ քանակով ու բավականին թանկ աղբամաններ ու նստարաններ գնել։
Ավագանու «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանի փոխանցմամբ՝ գնումը հայտարարվել է, մրցույթը շահողն արդեն կա:
«Ո՞վ է։ «Նույն այն կազմակերպությունը, որը շահել էր նաև նախկինում»: Տարոնի «վա՞խտ»։ «Այո, ընդ որում՝ վերջինս ներկայացրել է նույն գինը` 160 հազար դրամ, ինչի առնչությամբ, այո, ժամանակին քաղաքապետի մեր թեկնածու Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ խիստ կասկածելի են։ Ի դեպ, գնման տեխնիկական բնութագրերն այսօր ևս նույնն են»:
Խնդրի առնչությամբ հարցում ուղարկեցինք Երևանի քաղաքապետարանի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն՝ հետաքրքրվելով՝ ճի՞շտ են այն տեղեկությունները, որ մրցույթը շահել է նույն այն կազմակերպությունը, որը շահել էր նաև նախկինում, և արդյո՞ք նստարանները ձեռք են բերվելու նախկին՝ 160 հազար դրամ արժեքով:
Երևանի քաղաքապետարանի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից պատասխանեցին, որ Երևանի քաղաքապետարանը 15.05.2019 թվականին հայտարարել է նստարանների, աղբամանների և աղբամանների ներդիրների ձեռքբերման նպատակով բաց մրցույթ:
1-ին չափաբաժին՝ նստարան /Երևան/ – 500 հատ (մեկ միավորի նախահաշվային արժեքը՝ 165000 ՀՀ դրամ)
2-րդ չափաբաժին՝ աղբաման մեծ /ձուլվածքով/ – 600 հատ (մեկ միավորի նախահաշվային արժեքը՝ 78000 ՀՀ դրամ)
3-րդ չափաբաժին՝ ձուլվածքով մեծ աղբամանի ներդիր – 200 հատ (մեկ միավորի նախահաշվային արժեքը՝ 5000 ՀՀ դրամ)
Վերը նշված գնման ընթացակարգի հայտերի բացումը տեղի է ունեցել 27.06.2019 թվականին ժամը 12:00-ին, որը օրենքով սահմանված կարգով հրապարակվել է պաշտոնական տեղեկագրում:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ 26.06.2019 թվականին ՀՀ քաղաքացի Սասուն Աբրահամյանի կողմից վերը նշված գնման ընթացակարգի վերաբերյալ ներկայացվել է բողոք՝ գնումների հետ կապված բողոքներ քննող անձ՝ Գ. Ներսիսյանի ԳԲՔԱ-ՆԳ-2019/45 որոշմամբ՝ օրենքի ուժով գնման գործընթացը կասեցվել է, մինչև բողոքի քննության արդյունքներով ընդունված որոշման՝ ուժի մեջ մտնելու օրը ներառյալ, ուստի հայտերի գնահատումը կիրականացվի համապատասխան որոշման կայացումից հետո:
Գնման ընթացակարգին հայտեր ներկայացրած մասնակիցներ.
հ/հ | Մասնակիցների անվանումը |
1 | «Մետաղամանեղեն գործարան» ԲԲԸ |
2 | «ԲԵԼՄԵՏ» ՍՊԸ |
3 | «Նիկոլ Դուման» ԱԿ |
4 | «Արտաշես Մեծ» ՍՊԸ |
5 | «ՍԱՊ» ՍՊԸ |
6 | Էրիկ Սահակյան Ա/Ձ |
Միաժամանակ՝ 2016 թվականի համար կազմակերպված մրցույթում
1-ին և 2-րդ չափաբաժիններ՝ նստարան /Երևան/ և աղբաման մեծ /ձուլվածքով/ Պայմանագիրը կնքվել է «Նոր Էներջի» ՍՊԸ և «ՍԱՄ» ՍՊԸ (Կոնսորցիում)-ի հետ
2017 թվականի համար կազմակերպված մրցույթում
1-ին և 2-րդ չափաբաժիններ՝ նստարան /Երևան/ և աղբաման մեծ /ձուլվածքով/ Պայմանագիրը կնքվել է «Նիկոլ Դուման» ԱԿ-ի հետ
2018 թվականի համար կազմակերպված մրցույթում
1-ին չափաբաժին՝ նստարան /Երևան/, Պայմանագիրը կնքվել է «Նիկոլ Դուման» ԱԿ-ի հետ
2-րդ չափաբաժին՝ աղբաման մեծ /ձուլվածքով/ Պայմանագիրը կնքվել է «ԴԱՆ ՄՈՆ» ՍՊԸ և «ԱՏԼԱՆՏ» ՍՊԸ (Կոնսորցիում)-ի հետ
3-րդ չափաբաժին՝ ձուլվածքով մեծ աղբամանի ներդիր, Պայմանագիրը կնքվել է «Մետաղամանեղեն գործարան» ԲԲԸ-ի հետ:
Անի Կարապետյան