Բաժիններ՝

Instagram-ը կհրաժարվի լուսանկարների հավանումների ցուցադրումից

Սոցիալական ցանցի ղեկավար Ադամ Մոսերին հայտարարել է, որ իրենք փնտրում են լուսանկարների հավանումների քանակը թաքցնելու միջոց:

Դա պետք է օգտատերերին ազատի լրացուցիչ սթրեսից:

CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում Ադամ Մոսերին հաստատել է, որ սոցիալական ցանցը տարբեր փորձարկումներ է անում՝ թաքցնելու համար լուսանկարների հավանումների քանակը:

Տարբերակներից մեկը հավանումների քանակի անձնական հաշվիչն է: Ըստ այդ տարբերակի՝ հավանումների քանակը կտեսնեն միայն լուսանկարը հրապարակողները: Մյուս օգտատերերը չեն կարողանա հասկանալ՝ ինչքան հավանումներ ունեն լուսանկարները: Մյուս օգտատերերը կտեսնեն միայն իրենց այն ընկերների անունները, ովքեր հավանել են լուսանկարը:

Ըստ այս նախագծի հեղինակների՝ հավանումների քանակը թաքցնելը թույլ կտա, որ մարդիկ ավելի շատ կենտրոնանան շփման վրա, այլ ոչ թե ավելորդ ժամանակ և նյարդեր ծախսեն հավանումների քանակի պատճառով:

Մասնագետները նշում են, որ մարդիկ անընդհատ համեմատում են իրենց լուսանկարների հավանումների քանակը մյուսների հետ, և դրա պատճառով սթրես են ապրում, ինչպես նաև սկսում են հրապարակել անորակ բովանդակություն՝ շատ դիտումներ ունենալու համար:

Սոցիալական ցանցն արդեն մի քանի ամիս սկսել է իր փորձարկումները: Համացանցում հայտնվել են լուսանկարներ, թե ինչպիսին կլինի Instagram-ը նոր գործառույթի կիրառումից հետո:

Դեռևս շաբաթներ առաջ Instagram-ում շատ հայտնի Ջեյն Մանչուն Վոնգը ցույց էր տվել, որ սոցիալական ցանցը նախատեսում է ավելացնել նոր առանձնահատկություն, որի միջոցով հավանումների քանակը չի երևալու:

Դեռևս հայտնի չէ, թե երբ այս գործառույթը հասանելի կլինի բոլորի համար: Այն դեռևս փորձարկման սկզբնական փուլում է և գուցե նաև չհաստատվի:

Նոր գործառույթը կարող է լրջորեն վնասել այն բլոգերներին, ովքեր գումար են աշխատում գովազդների միջոցով:

Նշվում է, որ հետագայում սոցցանցը կարող է անել այնպես, որ մյուսների համար հասանելի չլինի նաև անձնական հաշվի հետևորդների քանակը:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս