Բաժիններ՝

«Նորագավիթի ավտոմաքսատան շենքի  սեփականատերը Շողեր Ալեքսանյանն է». ՊԵԿ նախագահ 

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադառնալով վարչապետի հանձնարարականին՝ ավտոմաքսատունը Գյումրի տեղափոխելու վերաբերյալ, նշեց, որ հանձնարարականը կատարվում է։

«Վարչապետն այդ հարցի պատասխանը հնչեցրել է Ազգային ժողովում, որ ավելի համապարփակ լուծում է տրվել, և Գյումրիում կառուցվելու է արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոն, որն իրականացնելու է ոչ միայն ավտոմաքսատան ֆունկցիան, այլև շատ ավելի ընդգրկուն գործառույթներ։ Մեկնարկն արդեն տրվել է, և պրոցես է գնում։ Եթե պատկերացնում եք, որ դա պետք է լիներ մի քանի ամիսների ընթացքում, ապա այդպես չի լինում, դա կլինի տարիների ընթացքում»,- ասաց ՊԵԿ նախագահը։

Ըստ նրա՝ Գյումրիում ավտոմաքսատան կառուցումից հետո, ժամանակի ընթացքում Երևանից կհանվեն մաքսային ձևակերպումները և կլինեն հյուսիսային ու հարավային արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոններ։

«Շիրակում այդ կենտրոնի վայրն արդեն ընտրվել է, ֆինանսական միջոցները հավանաբար կլինեն դոնորների, գրանտների և վարկային միջոցների հաշվին, նախնական հաշվարկով անհրաժեշտ կլինի 19-21 մլն դոլար»,- շեշտեց Դ. Անանյանը։

Ինչ վերաբերում է մայրաքաղաքում գտնվող ավտոմաքսատան հետագա ճակատագրին, ՊԵԿ նախագահն ասաց, որ այն իրենց չի պատկանում, վարձակալել են և կվերադարձնեն։
Հարցին՝ այն վարձակալել են գործարար Սամվել Ալեքսանյանի՞ց, Դավիթ Անանյանը բացասական պատասխան տվեց և նշեց, որ տարածքի սեփականատիրոջ ազգանունը չի հիշում։

Հաջորդ հարցին՝ տարածքը պատկանում է Շողեր Ալեքսանյանի՞ն, Դավիթ Անանյանը պատասխանեց, որ բոլորի ազգանուններն անգիր չի հիշում. «Կարծեմ՝ այո, Շողերինն է»,- ընդգծեց Դ. Անանյանը։

Անդրադառնալով ավտոմաքսատան հերթերին՝ Դավիթ Անանյանը վստահեցրեց, որ հերթերը կառավարվում են, պարզապես մեքենաների ծավալներն աստիճանաբար շատանում են։

Զվարթ Խաչատրյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս