Ո՞ր չինովնիկներն են Արցախի հետ լարված փուլում կամրջի ֆունկցիա կատարում

Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի իշխանությունների միջև վերջերս ծավալվող ինտրիգային հարաբերությունները, սահմանային լարվածությանը զուգընթաց՝ նոր երանգներ են ստանում: Նկատենք, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Արցախի նախագահ Բակո Սահակյանի միջև ձևական բնույթ կրող հարաբերություններն էլ ավելի սրվեցին հատկապես այն բանից հետո, երբ Բակո Սահակյանը նախագահ Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու միջնորդությանն իր երաշխավորությունն ապահովելու համար եկավ Երևանի դատարան: Այս կապակցությամբ ՀՀ իշխանությունները, մասնավորապես՝ Նիկոլ Փաշինյանը և իշխող ուժի բազմաթիվ ներկայացուցիչներ, հրապարակային ելույթներում և ֆեյսբուքյան գրառումներում բավական կոշտ արտահայտվեցին Արցախի իշխանությունների հանդեպ։ Այսօրինակ սառը պատերազմի դրվագներից կարելի է համարել գեներալիտետին Արցախի կառավարման համակարգի առանցքային պաշտոններին վերադարձնելու՝ Բակո Սահակյանի ընդգծված քայլերը:

Արցախի նախկին ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանին Բակո Սահակյանը նշանակեց Արցախի ոստիկանապետ, Արցախի հերոս, նախկին ԱԱԾ պետ, գեներալ-լեյտենանտ Արշավիր Ղարամյանին նշանակեց Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար: Մինչ այդ՝ Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Վիտալի Բալասանյանը Հայաստանի իշխանության պահանջով ազատվել էր Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից, նույն կերպ, ամիսներ առաջ, վարչապետ Փաշինյանի «հատուկ վերաբերմունքին» արժանանալու պատճառով ՊԲ հրամանատարի պաշտոնը ստիպված եղավ լքել Լևոն Մնացականյանը, Արշավիր Ղարամյանն ազատվեց Արցախի ԱԱԾ պետի պաշտոնից:

Եվ այս լարված մթնոլորտում հետաքրքիր է դիտարկել, թե ի՞նչ մակարդակի են, այդուհանդերձ, Հայաստան և Արցախ համագործակցային կապերը՝ կառավարման մյուս օղակներում, որքանո՞վ են արդյունավետ աշխատում նախարարական կապերն առանձին ոլորտներում:

168.am-ի թղթակցի հետ մասնավոր զրույցներում Արցախի պաշտոնյաներից ոմանք խոստովանել են, որ ոչ բոլոր ոլորտներում է կամուրջը կայուն աշխատում:
Խզված կապը հիմնականում նախագահ Բակո Սահակյանի կուրացիայի տակ գտնվող ոլորտներին է առնչվում: Եվ եթե բանակի ու արտաքին հարաբերությունների մասով քննարկումներն ու աշխատանքները՝ լավ թե վատ, փոխանակվում են երկու հայկական պետությունների առաջին դեմքերի միջոցով, ապա լրիվ բացակա կարելի է դնել Անվտանգության խորհրդի երկու գրասենյակների գործակցության մակարդակում:

Ակնհայտ է, որ հեղափոխությունից հետո Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար (ԱԽՔ) նշանակված Արմեն Գրիգորյանին ոչ մի կերպ լուրջ չէր ընկալում Արցախի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, Արցախի հերոս, գեներալ-մայոր Վիտալի Բալասանյանը: Պարզվում է՝ այս երկու պաշտոնատար անձանց միջև կոնտակտը խիստ չափավոր է եղել, ինչը դժվար է համագործակցություն որակել: Նրանք շփվել են մեկ-երկու անգամ, նույնիսկ գործընկերներն այդ բացառիկ ու կարճատև շփումները հումորով պատմական դրվագ են համարում:

Եվ սա լուրջ կիքս է պատերազմական դրության մեջ գտնվող պետությունների դեպքում, հույս կա, որ Արշավիր Ղարամյանն իր պաշտոնավարման շրջանում այս վտանգավոր խզվածքն ավելի չի խորացնի:

Արցախցի պաշտոնյաները քիչ թե շատ գոհ են ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հետ աշխատանքից, նա է համարվում այն առանցքային դեմքը, ում վրա դրված է Արցախի և Հայաստանի կառավարությունների միջև ֆինանսատնտեսական ոլորտներում կամուրջ լինելու դերակատարումը:

Տիգրան Ավինյանն ինտենսիվ կապի մեջ է Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանի հետ՝ համատեղ աշխատում են Գյուղատնտեսական, ՊԵԿ, ֆինանսներ և էկոլոգիական ոլորտներում: Սոցիալական պաշտպանության ոլորտում կապեր չկան, կենդանի շփումները բացակայում են երկու նախարարների միջև, բացառված չէ, որ Հայաստանի նորեկներին արցախցիները չեն էլ ճանաչում:

Ասում են՝ այս ոլորտում խզված կապը նաև օբյեկտիվ պատճառներ ունի: Արցախում սոցիալական պաշտպանության ոլորտը չի զիջում Հայաստանի համանուն ոլորտի փոփոխություններին: Արցախում ևս ներդրված են ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիական լուծումներ, էլեկտրոնային կենսաթոշակի ու նպաստների բաշխման համակարգ, գործընթացը լրիվ ավտոմատացված է, մարդկային գործոնը հավասարեցվել է մինիմալի: Իսկ օրենսդրական մակարդակում այս ոլորտում որոշումները լրիվ նույնանում են:

Հայաստան-Արցախ կապերի մյուս կամուրջը խորհրդարանական մակարդակում է, այստեղ համագործակցությունը երաշխավորված է, քանի որ Արարատ Միրզոյանին հաջողվում է պահպանել Աշոտ Ղուլյանի հետ նախկինների ձևավորած ավանդույթները: Մյուս կամուրջը Հայաստան-Արցախ չինովնիկական կորպուսի միջև հավակնում էր դառնալ Արցախի նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը, սակայն չհաջողեց: Արցախից՝ հեղափոխությունն առաջինը ողջունած Բակո Սահակյանի նախկին խորհրդական Արայիկ Հարությունյանն այսօր էլ տարբեր ֆորմատներում փորձում է կապեր ստեղծել Արցախ-Հայաստան ներդրումային ընդհանուր միջավայրի դաշտում:

Ավելին, Արայիկ Հարությունյանն այս մեկ տարվա ընթացքում հասցրեց Արարատ Միրզոյանի ձեռքը բռնած, նրան մի քանի խոշոր ներդրողների մոտ՝ հանդիպումների ուղեկցել: Փորձեց աջակցել Հայաստանի հեղափոխական կառավարությանը՝ տնտեսական գաղափարներ տալով, դրսի կապերում ներդրումներ որոնելով, որպեսզի օգնած լինի Փաշինյանին՝ խոստացած տնտեսական հեղափոխությունը կյանքի կոչելու համար: Եվ այս ճկուն քաղաքականությունն իր գինն ունի, Արցախում ընտրական պրոցեսների ժամանակ նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանին, ակնկալվում է, որ Փաշինյանը կսատարի:

Նկատենք, Արայիկ Հարությունյանն Արցախից առաջինն էր, որ քայլ կատարեց ՝ սատարելու Հայաստանում հեղափոխություն իրականացրած ուժին, ինչն էլ գնահատվել է Փաշինյանի կողմից, մինչդեռ Արցախում այս մոտեցումն այնքան էլ չի խրախուսվում:

Արցախի նախկին վարչապետի ակտիվությունը, ասում են, մինչ օրս տարաբնույթ քննարկումների թեմա է և՛ Արցախի, և՛ Հայաստանի իշխանական օղակներում:

Նաև կարծիք կա, որ Բակո Սահակյանի վրա Հայաստանից ակնհայտ ճնշումների ֆոնին՝ արցախցիները ժամանակ առ ժամանակ թարմացնում են հիշողությունը, թե ինչպես էր Արայիկ Հարությունյանը հեղափոխական հանրահավաքին միանալու նպատակով թվով 1000 ցուցարարների 2018-ի դեպքերի օրերին բերում Երևան:

Սյուզի Բադոյան

Տեսանյութեր

Լրահոս