Ո՞ւր մնացին թալանված գումարները. Ինչքա՞ն փող է վերադարձվել մեկ տարում
Իշխանափոխությունից անմիջապես հետո կառավարությունն ամբողջ թափով լծվեց նախկին իշխանությունների կողմից տարիներ շարունակ պետությունից գողացված գումարները վերադարձնելու գործին։ Հարուցվեցին բազմաթիվ քրեական գործեր։ Թվում էր, թե ուր որ է՝ միլիոնները հետ են գալու և լուծելու են երկրի առջև ծառացած սոցիալական խնդիրները։
Թավշյա հեղափոխության օրերին այս առումով հասարակության շրջանում այնպիսի բարձր սպասումներ էին ձևավորվել, որ մարդիկ սկսել էին միամտաբար կարծել, որ շուտով բյուջեում փողի տեղ ու դադար չի լինելու։ Ավելին, այնքան գումար է հետ գալու, որ փակվելու է անգամ պետական պարտքը։
Սակայն իշխանափոխությունից ուղիղ մեկ տարի հետո պետությանը վերադարձվել է ընդամենը 32 մլրդ դրամ կամ 66-67 մլն դոլար։ Այն կազմում է բացահայտված չարաշահումների 35-36 տոկոսը։ Ի դեպ, այս տարվա սկզբին բացահայտումների համեմատ՝ վերականգնումներն ավելի քիչ են` 22 մլրդ դրամից հետ է բերվել 1,9 միլիարդը կամ ընդամենը 8,5 տոկոսը։
«2018թ. մինչև օրս բացահայտված կոռուպցիոն բնույթի և հարկերը վճարելուց խուսափելու դեպքերով իրավասու մարմինների կողմից հարուցվել է 1446 քրեական գործ, որտեղ պետության հասցված վնասը կազմել է 89,3 մլրդ դրամ, որից 32 մլրդ դրամը վերականգնվել է»,- կառավարության մեկ տարվա գործունեության ամփոփիչ ասուլիսում սա Նիկոլ Փաշինյանի բերած 100 փաստերից մեկն է։
Վերականգնված 32 մլրդ դրամը շա՞տ է, թե՞ քիչ։ Այս հարցի պատասխանը թող որոշեն Հայաստանի այն հպարտ քաղաքացիները, ովքեր մեծ հույսեր էին կապում կառավարության սկսած աղմկոտ բացահայտումների հետ։
Մի բան միանշանակ է, որ դա այն գումարը չէ, որը կարող է ինչ-որ կերպ թեթևացնել երկրի ֆինանսական բեռն ու սոցիալական վիճակը։ Վկայություններից մեկն էլ բոլորի աչքի առաջ է. իշխանափոխությանը հաջորդած մեկ տարում կառավարությանը չի հաջողվել որևէ լուրջ սոցիալական խնդիր լուծել երկրում` անգամ նվազագույն աշխատավարձի կամ կենսաթոշակների բարձրացման տեսքով։ Բնականաբար, անիմաստ է նույնիսկ խոսել դրա հաշվին պետական պարտքի մարման մասին։
Կոռուպցիոն բացահայտումներից վերադարձված գումարի մեծությունն առայժմ շատ հեռու է նախկինում եղած ակնկալիքներից։ Եվ դա ակնհայտորեն սկսել է ոչ միայն հիսաթափեցնել հասարակությանը, այլև հունից հանել Նիկոլ Փաշինյանին։ Նա իրավապահ մարմիններին պարբերաբար հիշեցնում է այդ մասին, բայց հորդորները կարծես տեղ չեն հասնում։ Ու քանի որ զուտ իրավական հարթության մեջ շատ բան չի ստացվում, քաղաքական իշխանությունը փորձում է գործընթացները տեղափոխել անցումային արդարադատության դաշտ։
Ի՞նչ կստացվի այդ հարթության մեջ, դեռ պարզ չէ։ Շատ վաղ է հեռուն գնացող հետևություններ անել։ Նայած, թե իշխանությունը մինչև ուր է մտադիր գնալ անցումային արդարադատություն իրականացնելու ժամանակ։
Մի բան ամեն դեպքում միանշանակ է` այն գործիքը, որը կառավարությունը հակված է կիրառել պետության հասցված վնասները վերականգնելու ճանապարհին, միաժամանակ լուրջ ռիսկեր է պարունակում տնտեսության համար։ Ու դեռ մեծ հարց է, թե ո՞րն է այս դեպքում առավել կարևորը` տնտեսությո՞ւնը, թե՞ ֆինանսական միջոցների վերադարձը։
Մինչ կառավարությունը ծանր ու թեթև կանի, ակնհայտ է, որ անցած մեկ տարում, այն էլ՝ նման մեծ-մեծ խոստումներից հետո, հետ բերված 66-67 մլն դոլարը մեծ ձեռքբերում չէ։ Առավել ևս, այնպես չէ, որ նախկինում նման բացահայտումներ և վերականգնումներ չկային։ Գուցե ծավալներն այնպիսին չէին, ինչպիսին հիմա է, բայց որ այդպիսիք կային, փաստ է։
Առաջիկայում կոռուպցիոն կամ հարկային բացահայտումներից հավանաբար վերականգնվող գումարները դեռ կավելանան։ Բայց հույս ունենալ, որ այդ ճանապարհով կարելի է ֆինանսական մեծ մուտքեր ապահովել և լուրջ սոցիալական ու տնտեսական խնդիրներ լուծել, պարզապես միամտություն է։
Անիմաստ է կարծել նաև, որ կոռուպցիոն բացահայտումների շրջանակներում հարուցված քրեական գործերով առաջադրված 89 մլրդ դրամ վնասն ամբողջությամբ կվերականգնվի։ Կասկած չկա, որ բազմաթիվ գործեր ուղղակի ջուր են, և դրանց հետ կապված չպետք է մեծ ակնկալիքներ ունենալ։
Հավանաբար դա է պատճառը, որ վերջին շրջանում կառավարությունը հազվադեպ է խոսում աղմկոտ բացահայտումների արդյունքում վերադարձվող գումարների մասին։ Չեն արդարանում դրանց հետ կապված խոստումներն ու ակնկալիքները։ Թեև այլ բան դժվար էր սպասել։ Դրանք բեմադրվում էին, առաջին հերթին՝ հասարակության շրջանում նախկինների նկատմամբ բացասական տրամադրություններ առաջացնելու և նոր իշխանության հեղինակությունը բարձրացնելու նպատակով։
Պատահական չէ, որ բազմաթիվ հնչեղ գործեր մնացել են կեսճանապարհին և ոչ մի կերպ դատարան չեն հասնում։ Մինչդեռ դժվար չէ հիշել, թե իշխանափոխությունից անմիջապես հետո ինչպես էր ամբողջ պետական կառավարման համակարգը լծվել նախկինների, այսպես ասած, կոռուպցիոն սխեմաների բացահայտման գործին։ Նախարարները բան ու գործ թողած` օրերով զբաղված էին հների ֆինանսական գործունեությունը քրքրելով։ Իրար հերթ չտալով՝ իրավապահ մարմինները հայտարարում էին աղմկոտ և մեծածավալ բացահայտումների մասին։ Թեև ի սկզբանե էլ պարզ էր, որ աղմկահարույց բացահայտումներից շատերն իրականում այդպիսին չէին։ Բայց ոչինչ չէր խանգարում, որպեսզի դրանք ներկայացվեն՝ որպես վերին աստիճանի ճշմարտություն։
Թե երկրի տնտեսությունն ինչ վնասներ էր կրում նման շոուներից` կառավարությանը չէր էլ հետաքրքրում։ Այն, ինչ ունենք այսօր տնտեսության մեջ, նաև դրա հետևանք է։
Ժամանակին կառավարությունը հետապնդում էր մեկ նպատակ և հետևողականորեն գնում էր դրա հետևից. այն էր` հնարավորինս վարկաբեկել նախկիներին` անկախ նրանից, թե ինչպիսի կլինի դրա ազդեցությունը հետագա տնտեսական զարգացումների վրա։
Այնպես չէ, որ հիմա շատ բան է փոխվել։ Այժմ էլ կառավարությունն առիթը բաց չի թողնում հեղափոխական էյֆորիան պահելու համար։ Ոչ վաղ անցյալում նման մի ներկայացում կազմակերպվեց «Սպայկա» ընկերության նկատմամբ։ Եվ միայն այն բանից հետո, երբ հասկացան, որ դրա հետևանքները մթերումների իրականացման սեզոնին ընդառաջ՝ կարող են անդառնալի լինել, հրաժարվեցին ընկերության տնօրենին փակի տակ պահելու «հանճարեղ» գաղափարից։
Ու սա վերջը չէ։ Շատ բան դեռ առջևում է։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ