
Տարվա ընթացքում Կոնգոյի ԴՀ-ում ավելի քան 1,5 հազար մարդ է մահացել էբոլա վիրուսից

Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում էբոլա հեմոռագիկ տենդի վիրուսի պատճառով մահացածների թիվն անցյալ տարվա հուլիսից ի վեր գերազանցել է 1500-ը: Այդ մասին հայտնել է երկրի առողջապահության նախարարությունը:
Ավելի վաղ հաղորդվել էր 1390 մահացածի մասին: «Իրադրությունը 2019 թվականի հունիսի 23-ի դրությամբ հետեւյալն է. ընդամենը վարակման 2 հազար 239 դեպք՝ 2 հազար 145-ը՝ հաստատված եւ 94-ը՝ հնարավոր, 1506 մահացած եւ 621 ապաքինված»,-ասված է նախարարության՝ Twitter-ում զետեղված հաղորդագրության մեջ:
Էբոլա վիրուսով պայմանավորված հիվանդությունը սուր վիրուսային վարակ է, որն ախտահարում է մարդկանց եւ կենդանիների առանձին տեսակների: Էբոլայի համաճարակն Արեւմտյան Աֆրիկայում բռնկել է 2015 թվականին եւ հիմնականում ընդգրկել երեք երկիր՝ Գվինեան, Սիեռա-Լեոնեն եւ Լիբերիան:
ԱՀԿ-ի տվյալներով՝ վերջին խոշոր համաճարակի ժամանակ էբոլայով վարակվել է 28,6 հազար մարդ, ավելի քան 11,3 հազարը մահացել են: Կոնգոյի ԴՀ-ում էբոլայի ներկայիս բռնկումն սկսվել է 2018 թվականի հուլիսի վերջին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: