«Եթե ՍԴ նոր դատավորներ ընտրեն, ապա դա միանշանակ լինելու է Սահմանադրության և օրենքների խախտումով». Սահմանադրագետ

«Հրապարակ» թերթն այսօր անդրադարձել էր Սադմանադրական դատարանի շուրջ տեղի ունեցող իրադարձություններին, մասնավորապես՝ ՍԴ դատավորների ընտրության հարցին՝ նշելով, որ  Դատավորների ընդհանուր ժողովը, որը հուլիսի 11-ին արտահերթ նիստ է հրավիրել և այդ նիստում պետք է ԲԴԽ 3 անդամ առաջադրի ու ընտրի, քննարկելու է նաեւ խնդրո առարկա նամակը.

«Իշխանության շրջանում կասկած չունեն, որ Դատավորների ընդհանուր ժողովը հայտարարությամբ կաջակցի Վահե Գրիգորյանի՝ ՍԴ-ում ճգնաժամի մասին հայտարարությանը, քանի որ իշխանությունն այդ ուղղությամբ ձեռքերը ծալած չի նստում։ Աշխատում են ՍԴ դատավորի թեկնածու առաջադրելու իրավունք ունեցող իրավասու բոլոր մարմինների հետ կոնսենսուս հաստատելու ուղղությամբ, որ լուծումը լինի նոր ՍԴ դատավորների ընտրությունը»,- գրել էր թերթը։

Հիշեցնենք, որ հունիսի 20-ին Ազգային ժողովում ՍԴ դատավոր նորընտիր դատավոր Վահե Գրիգորյանն իր  երդման ընթացքում ասաց, որ ստանձնում է ոչ թե ՍԴ դատավորի, այլ ՍԴ նախագահի լիազորությունները, որից հետո Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծվեց անորոշ իրավիճակ։

168.am-ի հետ զրույցում սահմանադրագետ Վարդան Այվազյանը, անդրադառնալով ՍԴ դատավորների հնարավոր ընտրությանը, նկատեց, եթե որոշեն, որ պետք է Սահմանադրական դատարանի համար նոր դատավորներ պետք է ընտրեն, ապա դա միանշանակ լինելու է Սահմանադրության և օրենքների խախտումով։
Նրա դիտարկմամբ, եթե նման ընտրություն կայանա, ապա չկա այն զսպող կառույցը, որը կարող է թույլ չտալ գնալու Սահմանադրության խախտման։

«Ըստ էության, այս ամենը քաղաքական որոշում է, իսկ եթե քաղաքական որոշում է, նշանակում է՝ դրան աջակցում են Ազգային ժողովը, Արդարադատության նախարարությունը, որի ղեկավարն իշխանության ներկայացուցիչն է, բացի այդ, Բարձրագույն դատական խորհրդի ձևավորումից հետո այն նույնպես կսատարի այդ քայլին։  Որպես կարոն՝ սահմանադրական և օրենսդրական խախտումներն ի հայտ են գալիս, երբ իշխանությունը փոխվում է, և այդ ժամանակ իշխանության ղեկին կանգնած մարդիկ կարող են մեկնաբանել, թե ինչ անում են, օրենքով են անում, սակայն Սահմանադրության տրամաբանությամբ առաջնորդվելիս այդ ամենն ակնհայտ ու կոպիտ խախտում կլինի»,-ասաց Վ. Այվազյանը։

Հարցին, եթե ՍԴ դատավորների ընտրություն կայանա, ապա նախադեպ չի՞ ստեղծվի նման խախտումները կրկնելու համար, սահմանադրագետը պատասխանեց, որ միանշանակ այդպես է լինելու։

Հիշեցմանը, որ իշխանության տարբեր ներկայացուցիչներ նշում են, որ ՍԴ նախագահը և դատավորները ընտրվել են ոչ լեգիտիմ իշխանության կողմից, ուստի չպետք է մնան իրենց պաշտոններին, Վարդան Այվազյանն ընդգծեց, որ նման մեկնաբանություններն ու արդարացումները սոցիալ-կենցաղային մակարդակի վրա գտնվող, անգրագետ ու մասնավոր մեկնաբանություններ են։

«Որևէ մեկն իրավունք չունի Սահմանադրությունը մեկնաբանել իր ուզած ձևով և ընդհանրապես Սահմանադրությունը նման իրավունք որևէ պետական ու իշխանական մարմնի չի վերապահել։ Միայն բացառիկ դեպքերում, կոնկրետ գործեր քննելու ժամանակ ՍԴ-ն արտահայտում է դիրքորոշում, այլ ոչ թե պաշտոնական մեկնաբանություն, որը օրենքի ուժ կունենա։ Նմանատիպ ցանկացած սուբյեկտիվ մեկնաբանություն ինքնահռչակ անհեթեթություններ են»,-եզրափակեց Վարդան Այվազյանը։

Զվարթ Խաչատրյան

 

Տեսանյութեր

Լրահոս