Տարբեր ճշմարտություններ, կամ՝ դու սև ես, ես՝ սպիտակ
Օրեր առաջ 168.am-ն արդեն իսկ գրել էր այն մասին, որ «Ադեկվադ» հ/կ ղեկավար Արթուր Դանիելյանը՝ որպես վկա, ՀՀ Քննչական կոմիտեի Արաբկիրի բաժին հարցաքննության է հրավիրվել Քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի հատկանիշներով նախատեսված քրեական գործի շրջանակներում։
«Որպեսզի ավելի պարզ լինի, ասեմ, որ Արթուր Դանիելյանին՝ որպես վկա, հրավիրել են հարցաքննության ԱԺ պատգամավոր Գայանե Աբրահամյանի հասցեին սոցիալական ցանցում սպառնալիքներ հնչեցնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում»,- մանրամասնել էր ՔԿ խոսնակը։
Ավելի ուշ՝ արդեն հարցաքննվելուց հետո, Ա. Դանիելյանը մեզ ասաց, որ մանրամասներ հարցաքննությունից չի կարող հայտնել. իրավունք չունի։
Սակայն ինքը՝ ԱԺ պատգամավոր Գայանե Աբրահամյանը, իր ֆեյսբուքյան էջում խոսել էր հարուցված քրեական գործի շարժառիթի մասին՝ մասնավորապես գրելով.
«Դեռևս մարտի 23-ին ամենալկտի բառապաշարով հայտնի ֆեյք Ռոբերտ Ավագյանն իմ մասին գրառում էր կատարել (նկարները կից), որում առկա է ոչ միայն վիրավորանք, այլև` մահվան սպառնալիք և, բնականաբար, դիմել էի ոստիկանություն։
Գործը քննվում է արդեն մի քանի ամիս, այլ գործ չկա հարուցված, հետևաբար, կարող եմ ենթադրել, որ հենց այս գործի շրջանակներում է նախաքննական մարմինը տվյալ անձանց կանչել հարցաքննության։ Թե ինչո՞ւ, ի՞նչ կապ ունեն քաղաքացիներ Նարեկ Մալյանը և Արթուր Դանիելյանը, ի՞նչ կարգավիճակով են ներգրավվել, բացառապես նախաքննական մարմնի իրավասության ներքո է, ինքս տեղեկություններ չունեմ և չեմ կարող ունենալ։
Միակ բանն այս պահին, որ կասեմ, այն է, որ այս խմբավորումների հայհոյանքներին, բռնության կոչերին, զրպարտություններին ու սպառնալիքներին պատասխանը բացառապես իրավական դաշտում է լինելու: Շատերդ գիտեք, որ տարիներով պայքարել եմ իրավական պետություն կառուցելու, իրավունքի գերակայություն հաստատելու համար, և որոշ մարդկանց այս սադրանքներին հակազդելու ենք բացառապես օրենքի ուժով։
Իսկ ադեկվաԴային տարածքում տիրող անհանգիստ թպրտոցները խիստ հատկանշական են: Թերևս, անհանգստանալու շատ բան ունեն, ֆեյքերի տակ թաքնված «ուժեղ» տղերքի պայքարը ստվերից դուրս է բերվում»։
Լավ է, իհարկե, որ պատկան կառույցներն այդքան հետևողական են պատգամավորի կյանքի դեմ ուղղված սպառնալիք հասցնողի անձը բացահայտելու գործում։ Ավելին, ցանկացած ատելության խոսք ու սպառնալիք պետք է ի սկզբանե լռեցվի, թույլ չտրվի, որ դրանք ծավալվեն ու զանգվածային բնույթ ստանան։ Այս առումով որևէ խնդիր մենք չենք տեսնում, սակայն, երբ արդարադատությունն ընտրովի է կատարվում, երբ բացարձակապես նույն բողոքով քրեական գործի հարուցումը երկու դեպքով մերժվում է, սկսում ես հասկանալ, որ «բոլոր կենդանիները հավասար են, բայց որոշ կենդանիներ ավելի հավասար են»։
Այսպես, 168.am-ի հետ զրույցում ՀՀ ԱԺ նախկին փոխխոսնակ, «Իրավական կրթություն և վերահսկողություն» հ/կ նախագահ Արփինե Հովհաննիսյանը հիշեց, որ երկու անգամ է եղել իր հետ կատարված դեպքը։
«Ընդ որում, առաջին անգամ իմ ու քրոջս հասցեին ու մեր կյանքի դեմ էին սպառնալիքներ հնչեցվում, իսկ երկրորդ դեպքում՝ միայն իմ։ Առաջին դեպքում Ֆեյսբուք սոցիալական ցանցով ու էլեկտրոնային փոստի միջոցով էին այդ սպառնալիքներն ուղղվել, իսկ երկրորդ դեպքում՝միայն Ֆեյսբուքով։ Ընդ որում, այդ սպառնալիքները հնչեցվել էին ոչ թե հրապարակային կերպով, այլ անձնական նամակագրության միջոցով։ Դիմել եմ Ոստիկանություն։ Խնդիրն ուսումնասիրել են և սպառնալիքը չեն համարել իրական՝ հաշվի առնելով սպառնալիքներ հնչեցնողի անձը և այն հանգամանքը, որ մենք իրար չենք ճանաչում, և երկու դեպքում էլ քրեական գործ չեն հարուցել»,- ասաց Արփինե Հովհաննիսյանը՝ շեշտելով, որ երկու դեպքում էլ սպառնալիքներ հնչեցնողները ոչ թե ֆեյք օգտատերեր են եղել, այլ ակնհայտ իրական օգտատերեր։
Այսինքն՝ Գայանե Աբրահամյանի դիմումին ընթացք է տրվում և քրեական գործ է հարուցվում ակնհայտ ֆեյք օգտատիրոջը հայտնաբերելու համար, իսկ իրական պրոֆիլներով կյանքին սպառնալիք ներկայացնող կոչեր անող օգտատերերի հետ համապատասխան կառույցները խնդիր չեն տեսնում։
Ոստիկանության լրատվական ծառայությունից հարցրինք, թե ինչն է պատճառը, որ նմանատիպ դեպքերից մեկով հարուցվում է քրեական գործ, իսկ մյուսով՝ ոչ։
ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապերի բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը, ի պատասխան մեր հարցի, ասաց, որ դրանք տարբեր անձանց հաղորդումներով հետաքննությունների արդյունքներով կայացված որոշումներ են, որոնք ստուգվում և հաստատվում են դատախազի կողմից։
«Հետաքննությամբ ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա է որոշում կայացվում։ Արփինե Հովհաննիսյանի հաղորդումներով հետաքննությունների արդյունքում որոշում է կայացվել ՀՀ Քր. Դատ. օրենսգրքի 35 հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիմքով մերժել քր. գործի հարուցումը»,- նշեց նա։
Սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետն ասում է՝ քրեական գործ չի կարող հարուցվել և քրեական հետապնդում չի կարող իրականացվել, իսկ հարուցված քրեական գործի վարույթը ենթակա է կարճման, եթե արարքի մեջ հանցակազմ չկա։
Գայանե Աբրահամյանի հաղորդման հիման վրա հարուցված քրեական գործով որպես վկա անցնող «Ադեկվադ» հ/կ նախագահ Արթուր Դանիելյանին 168.am-ը հարցրեց, թե չի՞ կարող արդյոք որոշ բաներ հրապարակել հարցաքննության ընթացքից, ի վերջո, պատգամավորն արդեն ասե՞լ է, թե ինչի հիմա վրա են քրգործ հարուցել։
«Գործից ես ոչինչ ասել չեմ կարող։ Կարող եմ միայն հղում անել Գայանե Աբրահամյանի գրառմանը և ևս մեկ անգամ նշել, որ Ադրբեջանի քարոզիչը փաստացի, ով որ խուլիգանախմբեր է հովանավորել, բառացիորեն կերակրել է նրանց, ովքեր մարդ են առևանգել, հիմա էլ զբաղված է բանսարկություններ անելով, տարատեսակ մեղադրանքներ է տարածում։ Եթե ժամանակին այդ բանսարկությունները Երևանի ավագանու մակարդակով էին կազմակերպվում, այժմ նշաձողը բարձրացրել են ու նույն բանն անում են արդեն պատգամավորի մակարդակով»,- ասաց Արթուր Դանիելյանը։