Բաժիններ՝

Ինչ նպատակ են հետապնդում ոստիկանական «ռեյդերը»

Վերջին շրջանում ոստիկանությունն ուժեղացված ծառայություն է իրականացնում Հայաստանի ողջ տարածքում և հատկապես մարզերում՝ Տավուշում, Կոտայքում, Գեղարքունիքում, Սյունիքում, Արարատում և այլուր: Այդ ծառայությունների ընթացքում տասնյակներով անձինք բերման են ենթարկվում ոստիկանական բաժանմունքներ: Ոստիկանությունը կոչ է անում քաղաքացիներին պահպանել համակեցության ու երթևեկության կանոնները և զգուշացնում է, որ ուժեղացված ծառայությունները մշտական են։ Սակայն քաղաքացիներից ոմանք դիմել են «168 Ժամի» խմբագրություն՝ բողոքելով, որ ոստիկաններն «ասֆալտին են փռում» անգամ փոքր զանցանքի համար, օրինակ՝ հոծ գիծ հատելու, որի համար տուգանք է սահմանված ընդամենը 5 հազար դրամ։

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը մեզ հետ զրույցում նշեց, որ իրեն էլ են տեղեկացրել ոստիկանական «ռեյդերի» մասին, սակայն դրա հիմքերի ու նպատակի մասին տեղյակ չէ: Ըստ նրա՝ սա նախկինում էլ է եղել, բայց կարևոր է դրա պատճառը:

«Տվյալներ կան, որ ռեյդեր են արվում, բայց ինչ մակարդակի, ինչ ծավալի, ինչ նպատակով, ինչ ժամանակի համար… Վերջը պետք է հասկանալ՝ ինչի համար է դա արվում: Պետք է հարցում անենք, հասկանանք՝ որն է խնդիրը: Գուցե հանցագործություն է կատարվել, էդ փնտրտուքով են զբաղված»,- ասաց Ս.Բագրատյանը:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ՃՈ պետի նախկին տեղակալ Արմեն Խաչատրյանը մեզ հետ զրույցում տեսակետ հայտնեց, որ ոստիկանական գործողություններն իրավաչափ են:

«Բացի այդ, եթե հանրային կարծիքին ուշադրություն դարձնենք, բազմաթիվ են նաև քաղաքացիները, որոնք կարծիք են հայտնում, որ ոստիկանությունն անհարկի հանդուրժող է դարձել, ինչը մի խումբ քաղաքացիների, հատկապես՝ վարորդների մոտ անպատժելիության զգացողություն է առաջացել, և առիթից օգտվում ու բազմաթիվ խախտումներ են կատարում: Իհարկե, նման ուժեղացված ծառայություններ պետք է երբեմն իրականացնել, դրանք միշտ եղել են ու կլինեն: Այնպես չէ, որ այդ ուժեղացված ծառայություններն անարդյունք են անցնում: Եթե նայենք արդյունքները, կհամոզվենք, որ դրանք իրականացվել են բավականին տեղին»,- ասաց Ա.Խաչատրյանը:

Ըստ նրա՝ նման ուժեղացված ծառայությունները նաև նախականխիչ ազդեցություն ունեն, և կանխվում են հետագա հանցագործություններն ու իրավախախտումները:

Դիտարկմանը, որ ոստիկանության հանդուրժողականության ֆոնին նման հատուկ գործողությունները կարծես առավել ցուցադրական բնույթ են կրում, պատգամավորը պատասխանեց, որ որոշ գործողությունները նաև ցուցադրելն ու հրապարակայնացնելն արդեն իսկ կանխարգելիչ նշանակություն ունի, հակառակ դեպքում՝ դրանց կանխարգելիչ ազդեցությունը կկորի:

Ա.Խաչատրյանը մտահոգ չէ, որ ոստիկանական այս գործողությունները կարող են հարուցել քաղաքացիների դժգոհությունը. «Ոստիկանությունը բարեգործական կազմակերպություն չէ, այն ուժ կիրառող, հարկադրանքի միջոցներ կիրառող հաստատություն է, և ամենևին պարտադիր չէ, որ ոստիկանների բոլոր գործողությունները լինեն ընդունված ժողովրդի կողմի: Իհարկե, իրավախախտումներ կատարողների կողմից չեն ողջունվելու դրանք, բայց ոստիկանությունը պետք է անի այն, ինչ պետք է անի՝ առանց հաշվի առնելու մարդկանց առանձին խմբի կարծիքներ, և այլն: Դրանք պլանավորված միջոցառումներ են, այնպես չէ, որ դրանք այս տարի են սկսվել, կամ այս տարի են ավարտվելու: Դրանք տասնամյակներ մշակված միջոցառումներ են, որ կիրառվում են ամբողջ աշխարհում»:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս