Բաժիններ՝

Այդ գաղափարն այս պահին չեմ կիսում. «Վարորդի ընկեր»  հ/կ համահիմնադիրը՝ Երևանում երթևեկության արագության շեմը 60-ից  50 կմԺ իջեցնելու մասին

Հունիսի 26-ին Երևանի ավագանու նիստում Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հայտարարեց, որ առաջարկում է քննարկել Երևանում երթևեկության արագության շեմը 60-ից  50 կմԺ նվազեցնելու հարցը:

«Չեմ կարծում, որ արագության իջեցումը կխոչընդոտի երթևեկությանը, որովհետև ես շատ եմ տեսել, որ ոմանք արագ վարելով՝ գնում են, հետո կարմիրի տակ հավասարվում ես իրենց ու մտածում՝ եղբայր, ոնց որ թե շտապում ես, բայց շատ հեռու չես գնա, եթե չես պատրաստվում կարմիրի տակով անցնել: Այսինքն՝ 50-ով ես գնում, թե 80-ով, կարմիրի տակ կանգնելու ես»,- ասաց Մարությանը:

Քաղաքապետը  նշեց, որ ինքը շաբաթ-կիրակի մոնիտորինգ է անում և տեսնում, որ շատ դեպքերում մարդիկ չեն օգտվում վերգետնյա կամ ստորգետնյա անցումներից. «Եթե մենք ամբողջ քաղաքը պատենք վերգետնյա և ստորգետնյա անցումներով, ես ձեզ վստահեցնում եմ, որ խնդիրը չի լուծվի, որովհետև մարդիկ գերադասում են անցնել ուղիղ և արագ: Պետք է լինի մունիցիպալ ոստիկանություն, որը վերգետնյա  և ստորգետնյա անցումների մոտ թույլ չտա փողոցով անցնել»:

«Վարորդի ընկեր» հասարակական կազմակերպության  համահիմնադիր Դավիթ Պեդանյանի կարծիքով՝ առաջին հերթին պետք է կանխարգելիչ միջոցառումները պատշաճ կատարվեն,  որից հաստատ իրավիճակը կփոխվի, ապա նոր մտածեն արագության նվազեցման մասին:

«Այդ գաղափարը, ընդհանուր առմամբ, այս պահին չեմ կիսում՝ ելնելով առկա իրավիճակից ու պայմաններից: Հիմա կոնկրետ երթևեկության հետ կապված՝ շատ հարցեր ունենք լուծելու, որոնք ոչ միայն կարևոր են, այլև նախապայման են՝ հետագայում երթևեկությունը դանդաղեցնելու համար: Ճանապարհների որակի, կահավորման  խնդիրը կա: Մենք այսօր հետիոտնային անցումների լուրջ խնդիր ունենք: Տեղեր կան, որ հետիոտնային անցում բացարձակ գոյություն չունի, տեղեր կան, որ դրանք ընդհանրապես չեն լուսավորվում, տեղեր էլ կան, որ հետիոտնային անցումները մաշված են ու տարիներով անուշադրության են մատնված, և հետիոտնը ոչ միշտ է չարամտորեն  փողոցի մեջտեղով անցնում. իրոք հետիոտնային անցումը չկա: Վերջերս մի քանի դեպք եղավ, որ հենց հետիոտնային անցման վրա էին հետիոտնին վրաերթի ենթարկել,  բայց դա նաև սխալ երթևեկության կազմակերպման  հետևանք է»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Դավիթ Պեդանյանը:

«Վարորդի ընկեր» հասարակական կազմակերպության  համահիմնադիրը  շեշտում է՝  կարևոր է նաև  հետիոտնին կրթելը:

«Նախկին ԿԳ նախարարի հետ գրեթե պայմանավորվել էինք, որ հետիոտնի համար կրթական ծրագիր լինի դպրոցներում, բայց վերջնական եզրահանգման չեկանք, որովհետև անընդհատ խոչընդոտներ էին ի հայտ գալիս, սակայն, եթե միջոցներ չձեռնարկենք՝ մարդիկ որպես հետիոտն՝ անկիրթ են մնալու: Օրենքով, եթե տեսադաշտում հետիոտնային անցում չկա, փողոցն անցելու կարգ գոյություն ունի: Հետիոտնը պետք է համոզված լինի, որ մեքենաներն իրեն տեղ են տալիս, նոր անցնի: Երևանի փողոցներից գրեթե կեսում հետիոտնային անցումը տեսադաշտում չէ,  ու հուշող ոչ մի նշան էլ չկա, որ մոտակայքում հետիոտնի համար անցում կա նախատեսված, և, փաստորեն, մարդիկ փողոցի մեջտեղով են անցնում: Միակ խախտումը, որ այդ պահին կատարում են, դա այն է, որ չեն համբերում մեքենաներն իրենց տեղ տան, մտածում են՝ մեքենաները պետք է իրենց տեղ տան: Հետիոտնը իրավունք ունի հետիոտնային անցման վրա ոտքը դնել միայն այն ժամանակ, երբ մեքենաներն արդեն դանդաղեցնում են արագությունը, որ իրենց տեղ տան: Հանրապետության հրապարակը՝ ձեզ օրինակ: Պիկ ժամերին կարող է մեքենայի ղեկին լինես ու 10 րոպե կանգնես, որովհետև անընդհատ հետիոտներն անցնում են: Լավ է, որ կա հետիոտնին զիջելու մշակույթը, բայց փաստը մնում է փաստ, որ Հանրապետության հրապարակում պետք էր էլեկտրոնային լուսացույց դնել, որը հետիոտնի ցանկությամբ կարգավորվում է: Սակայն  չի արվում սա»,- նշեց Դավիթ Պեդանյանը՝ ընդգծելով, որ աշխարհն այնքան է  զարգացել, որ այսօր տուգանքները մղվել են վերջին պլան:

«Ճիշտ է, շատ բարձր տուգանքներ են, բայց կանխարգելիչ միջոցները գերակա են: Տուգանքը վերջին մեթոդն է, ու առաջինը պետք է լինի կանխարգելելը, իսկ կանխարգելիչ միջոցառումներն այսօր պատշաճ կերպով չեն արվում: Այո՛, երթևեկությունը կարելի է Երևանում դանդաղեցնել, բայց դրան հասնելու համար շատ բաներ  պետք է  արվեն: Վթարների մասին վիճակագրությունն էին առաջ բերում, որը մեծ մասամբ մայրուղիների և ոչ թե հետիոտնի հետ կապված վթարներին էր վերաբերում: Վիճակագրության մեջ թվերը չկային: Մեր քաղաքը փոքր է, մեքենաները շատ են, գերական պետք  է լինի հասարակական տրանսպորտը»,- հավելեց նա:

 

Անի Կարապետյան

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս