
Boeing 737 MAX-ի թռիչքները կվերսկսվեն հոկտեմբերից ոչ շուտ նոր անսարքության պատճառով. Reuters

Boeing ավիաշինական կոնցեռնը 737 MAX ընտանիքի ինքնաթիռների կառուցվածքում ռիսկի նոր պոտենցիալ աղբյուրը կվերացնի այս տարվա հոկտեմբերից ոչ շուտ: Այդ մասին հայտնել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով Boeing-ի ղեկավարության մի աղբյուր:
Նրա տվյալներով՝ անսարքության վերացումից հետո ԱՄՆ-ի Դաշնային ավիացիոն վարչությունը պետք է կատարի նորացված Boeing 737 MAX-ի մի շարք ստուգումներ եւ հավաստագրման փորձարկումային թռիչք: Այդ գործընթացը կարող է զբաղեցնել «առնվազն երկուսից մինչեւ երեք շաբաթ»:
Այսպիսով, հանրանավի թռիչքները կարող են վերսկսվել հոկտեմբերից ոչ շուտ, ինչն զգալիորեն ավելի ուշ է այն ավիաընկերությունների նշած ժամկետներից, որոնց օդանավակազմում այդ մոդելի ինքնաթիռ կա:
Ավելի վաղ տեղեկացվել է, որ անցյալ շաբաթ վարժասարքի վրա փորձարկումների անցկացման ընթացքում Դաշնային ավիացիոն վարչության փորձագետները ռիսկի նոր պոտենցիալ աղբյուր են բացահայտել Boeing 737 MAX ընտանիքի ինքնաթիռների կառուցվածքում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: