Բաժիններ՝

Առաջարկվում է մետաղի ջարդոնի արտահանումը տուրքով հարկել՝ անկախ սերտիֆիկատից

Ազգային ժողովի յոթերորդ գումարման արտահերթ նստաշրջանի օրակարգում ընդգրկված մի շարք նախագծերի առաջին ընթերցումից առաջ նախնական քննարկման և եզրակացություն ներկայացնելու համար Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովն արտահերթ նիստ էր գումարել:

Քննարկման հարցերից էր նաև «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը՝ մասնավորապես՝ մետաղաջարդոնի արտահանման վրա սահմանափակումներ կիրառելու նպատակով տուրք սահմանելու խնդիրը:

«Քանի որ Հայաստանում դեռ 2012 թ.-ին Պետական տուրքի մասին օրենքում կատարվել էին փոփոխություններ, որով  մետաղի ջարդոնի արտահանման նկատմամբ սահմանվել էր 80 հազար դրամ պետական տուրք՝ տեղական արտադրողների համար հումքն անխափան ապահովելու նպատակով, այնտեղ օրենքում տեղ էր գտել մի այսպիսի հնարավորություն՝ եթե մետաղական ջարդոն  արտահանողները կարողանում էին տեղում հայկական ծագման սերտիֆիկատ ձեռք բերել-դա ներկայացնել որպես հայկական արտադրանք,  իրենք կարողանում էին այդ ջարդոնն առանց  պետտուրքի Հայաստանից հանել»,- տեղեկացրեց հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը՝ հավելելով, որ անցյալ տարվա վերջից սկսած՝ Հայաստանը սկսել է մեծ քանակի մետաղի ջարդոն արտահանել,  և Կառավարությունը ցանկանում է այդ բացը փակել, այսինքն՝ մետաղի ջարդոնի արտահանումը տուրքով հարկել՝ անկախ այդ սերտիֆիկատից:

Բ. Թունյանը նշեց նաև, որ հանդիպել են այն կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, ովքեր զբաղվում են թեթև մետաղի ջարդոնի արտահանմամբ  և ովքեր վերջին շրջանում բողոքի ակցիաներ էին իրականացրել այս որոշման դեմ:

«Նրանք ասում են՝ այն, ինչ իրենք արտահանում են, թեթև մետաղական աղբ է, արագ կուտակվող. խոսքը վերաբերում է մեքենաների թափքերին, ներկերի բանկաներին, և ասում են՝ իրենց հնարավորություն պետք է տրվի, որ իրենք դա առանց տուրքի արտահանեն, որովհետև ինչ-որ առումով բնապահպանական խնդիր են լուծում»,- ասաց Թունյանը՝ տեղեկացնելով, որ հարցը քննարկել են, լուծման որոշակի տարբերակի են հանգել, որ ո՛չ մետաղաձուլական ընկերությունները, ո՛չ էլ այս փոքրիկ ընկերությունները չտուժեն:

Նախագիծը ներկայացրեց էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը, ով նկատեց, որ, եթե ոչինչ չփոխեն, վտանգված կլինի ջարդոնն օգտագործող տեղական առնվազն 5 մեծ ձեռնարկությունների, նաև այն ձեռնարկությունների աշխատանքը, որոնք ունեն 1000-ը գերազանցող գրանցված աշխատակիցներ:

Նա հավելեց, որ այդ ընկերությունները, ջարդոնը տեղական շուկայում գնելով, կառուցելով 10-15 տարվա  արտադրական պլաններ, դրանց համապատասխան կատարած լինելով զգալի ներդրումներ, կազմակերպել են արտադրություններ, մինչդեռ 2019 թվականի մայիս ամսին արդեն արտահանվել է 3700 տոննա մետաղական ջարդոն մեկ ամսվա ընթացքում. «Հանրագումարով միայն վերջին  7-8 ամիսների ընթացքում արտահանվել է 10 հազար տոննան գերազանցող մետաղական ջարդոն: Եվ եթե այսպես շարունակվի, ապա կարճ ժամանակում այն պաշարը, որ կա Հայաստանում, գնահատվում է  700 հազար տոննա և կարող է  ծառայել առնվազն 10-15 տարի տեղական կայուն արտադրություններ սպասարկելու համար, կարող է վտանգվել»:

Հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը նախագիծն առաջին ընթերցման  ներկայացնելը համարեց պրոցեսի սկիզբը:

Նշենք՝ նախագծով առաջարկվում է պետական տուրք սահմանել նաև  ԱՏԳ ԱԱ 7201, 7204 ծածկագրերին դասվող ապրանքների համար, նույնիսկ հայկական ծագում ունենալու դեպքում (ԱՏԳ ԱԱ 7201 – թուջ՝ վերամշակելի և հայելային՝ ձուլակոճղերով, մետաղակոճղերով կամ այլ առաջնային ձևերով, ԱՏԳ ԱԱ 7204  սև մետաղների մնացորդներ և ջարդոն. վերաձուլման համար սև մետաղների ձուլակտորներ (բովախառնուրդի ձուլակտորներ):

Առաջարկվող փոփոխությունները հնարավորություն կտան տեղական արդյունաբերական ընկերություններին օգտագործել տեղում առաջացած մետաղի ջարդոնը որպես հումք` ապահովելով իրենց կողմից արտադրվող վերջնական արտադրանքի համար մրցակցային գներ:

Զարուհի Դիլանյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս