«Ի՞նչ կլինի ձեզ հետ, երբ չլինեք իշխանության, և ազատության մեջ լինի Ռոբերտ Քոչարյանը». Լրագրողը՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորին

«Իհարկե, ոչ մի քաղաքական հետապնդում չկա, գործընթացը տեղի է ունենալու օրինականության շրջանակներում: Ի սկզբանե գործի կասեցումը և Սահմանադրական դատարան ուղարկելու մասին որոշման օրինականության վերաբերյալ կասկածներ կային, և թե՛ տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչները և Դատախազությունը բողոքը բերել էին հենց այս հիմքերով: Բայց քանի որ դատական ակտի հիմնավորումներին դեռևս ամբողջությամբ ծանոթ չեմ, զերծ կմնամ մեկնաբանելու դատական ակտը, ծանոթանալուց հետո կխոսենք արդյունքների մասին»,- այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության անդամ Աննա Կարապետյանը՝ անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի երկրորդ անգամ կալանավորմանը և նրա հայտարարությանը, որ երկրում օրենք չկա:

Նույն խմբակցության անդամ Սուրեն Գրիգորյանը կարևորեց իշխանությունների տարանջատման սկզբունքը և ճիշտ չհամարեց, որ ԱԺ-ն մեկնաբանի առանձին դատական գործի հանգամանքներ՝ դրանում կայացվող որոշումների շրջանակում, կապ չունի՝ դա հասարակությանն անհայտ քաղաքացի՞ է, թե՞ երկրի երկրորդ նախագահ:

Գրիգորյանն օրինակ բերեց, որ ինչպես բժիշկը՝ ծանոթ չլինելով հիվանդության մանրամասներին, չի կարող եզրակացություն հայտնել, այնպես էլ իրավաբանը չի կարող գործի հանգամանքների լուսաբանման հիման վրա ամբողջական հետևություններ անել  և գործի իրավաչափության մասին խոսել: Այդ պատճառով, ըստ նրա, իրենք չեն կարող հանգամանալից խոսել Ռոբերտ Քոչարյանի գործի մասին.

«Հատվածական ՀՀ շատ քաղաքացիներ են տիրապետում այս գործին, որովհետև այն օբյեկտիվ պատճառներով հնչեղ է, բայց միևնույն է, բովանդակային ելակետերը բավարար չեն, որպեսզի մասնագիտական կարծիք հայտնվի: Եթե անգամ ելակետերն ինչ-ինչ ձևով բավարար լինեին, ելնելով իշխանությունների տարանջատման սկզբունքից՝ այդ կարծիքն արտահայտելը ճիշտ չէր լինի»:

Ա. Կարապետյանը  հայտարարեց, որ Պետաիրավական հանձնաժողովի գործառույթների մեջ չի մտնում մեղադրական կարդալը, այն արդեն ամենածանրաբեռնված հանձնաժողովներից է, դատական ակտը հրապարակվել է երեկ, և այդ մասով որևէ կարծիք կամ դիտարկում չեն ցանկանում դրա վերաբերյալ անել, որպեսզի թյուրըմբռնում տեղի չունենա:

Ի պատասխան հարցի՝ ի՞նչ կլինի ձեզ հետ, երբ չլինեք իշխանության, և ազատության մեջ լինի Ռ.Քոչարյանը, Ս.Գրիգորյանը հիշեցրեց, որ ժամանակին այս իշխանության ղեկավար Նիկոլ Փաշինյանը և այլ պետական պաշտոնյաներ եղել են քաղբանտարկյալներ.

«Այն մարդիկ, որոնք այդ գործընթացների ետևում կանգնած են եղել, ոնց որ թե ողջ-առողջ են, և ոչ մի գործընթաց, բացի իրավական գործընթացներից, նրանց նկատմամբ չի իրականացվում: Եթե որոշակի բան եք ակնարկում, խնդրում եմ, չակնարկեք, ուղղակի ասեք»:

Նա շեշտեց, որ իշխանությունը չի դատում:

Ա.Կարապետյանի խոսքով՝ նախկինում այդ իշխանությունն իրենք արդեն մեկ անգամ տեսել են, և Մարտի 1-ի դեպքերը և դրանց հետ կապված բոլոր դատավարություններն այդ հարցի պատասխանը հստակ տվել են:

«ՀՀ-ում հիմա իշխանություն կազմող «Իմ քայլը» խմբակցությունը, դաշինքը և կառավարությունը չի առաջնորդվում որևիցե վարույթ հարուցելու և քննչական մարմինները բզբզալու-չբզբզալու, մեր իշխանությունը խանգարելու-չխանգարելու տրամաբանությամբ: Եթե կան որոշակի հանգամանքներ և ելակետային տվյալներ, որոնք հիմք են քրեական գործի հարուցման և այնուհետև մեղադրանք ներկայացնելու համար, քաղաքական կոնյունկտուրան, հնարավոր քաղաքական հետևանքներն այս կամ այն ուժի համար հաշվի չեն առնվում»,- ասաց Ս. Գրիգորյանը:

Ա.Կարապետյանի կարծիքով՝ տասնամյակներ ձգվող հանրության պահանջը «Մարտի 1»-ի գործի բացահայտումն է.

«Մենք բոլորս կսպասենք այդ բացահայտմանը: Թե ովքեր պատասխանատվության կենթարկվեն, ով՝ ոչ, դա մեր տիրույթում չի»:

Թե ինչո՞ւ նախկինում, երբ Ա.Կարապետյանը ԱԺ Պետաիրավական հարցերի հանձնաժողովի փորձագետ էր, դիրքորոշում չի հայտնել Մարտի 1-ի մասին, պատգամավորը մի բացահայտում արեց՝ թեև հանձնաժողովում աշխատանքի տարիներին քաղաքականությամբ չի զբաղվել, բայց մեծացել է քաղաքական ընտանիքում և ներգրավված է եղել քաղաքական գործընթացներին. «Իմ հայրը Մարտի 1-ի գործով քաղբանտարկյալ է եղել: Թույլ տվեք այլևս չշարունակել»:

Տեսանյութեր

Լրահոս