«Արցախի ժողովուրդը ունի նույն այն իրավունքները, ինչ-որ այստեղ նստած մեզանից յուրաքանչյուրը». Նաիրա Զոհրաբյանը՝ ԵԽԽՎ-ում 

ԵԽԽՎ-ում ընթացող քննարկումների ժամանակ Նաիրա Զոհրաբյանը այսօր բարձրացրել է չճանաչված պետությունների եւ մասնավորապես Արցախի ժողովրդի կրթական եւ առողջապահական իրավունքի իրացման խնդիրը։ «Եվրոպայի ցանկացած  տարածքում ապրող քաղաքացին  ունի կյանքի, առողջության եւ կրթության նույն իրավունքները, եւ այդ իրավունքները երկրի քաղաքական կարգավիճակով պայմանավորելը  անթույլատրելի եւ աններելի է։ UNESCO-ի կողմից 1960թ. դեկտեմբերի 14-ին ընդունված՝ «Կրթական ոլորտում խտրականությունների դեմ» կոնվենցիան հստակ արձանագրում է, որ պետության չճանաչված լինելը չի կարող հիմք լինել՝ զրկելու այնտեղ ապրող մարդկանց եվրոպական կրթական ծրագրերին մասնակցելուց»,- ասել է Զոհրաբյանը։

Հարգելի գործընկերներ,

Այսօր ես կրկին ցանկանում եմ խոսել այնպիսի մի հրատապ ու կարեւոր խնդրի մասին,  ինչպիսին չճանաչված պետությունների բնակչության կրթության եւ առողջության  իրավունքն է՝ որպես մարդու իրավունքների անխախտելի մաս:

Այսօր լրջագույն խնդիր է, որ չճանաչված պետությունների բնակչությունը զրկված է եվրոպական կրթական ծրագրերում ներգրավվելուց և այդ գործընթացի մասնակիցը լինելուց։

Հիմք ընդունելով UNESCO-ի կողմից 1960թ. դեկտեմբերի 14-ին ընդունված՝ «Կրթական ոլորտում խտրականությունների դեմ» կոնվենցիան, մեկ անգամ ևս ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել Արցախի Հանրապետության բնակչության համար անչափ կարեւոր՝  կրթական որակավորման չճանաչվածության խնդրի վրա։  Արցախում  ապրող մասնագետները, ուսանողներն ու աշակերտները զրկված են միջազգային ստանդարտներին համապատասխան կրթություն ստանալու իրավունքից:  Իհարկե, Արցախի  իշխանությունները գործադրել են լրջագույն ջանքեր՝ իրենց քաղաքացիների համար ստեղծելով բոլոր  պայմանները կրթական իրավունքի լիարժեք իրագործման համար, եւ այսօր Արցախում գործում է 219 դպրոց, 6 միջին մասնագիտական և 5 բարձրագույն ուսումնական հաստատություն, սակայն Արցախի քաղաքացիների համար երկրի  սահմաններից դուրս մշտապես առաջանում են անլուծելի խնդիրներ և խոչընդոտներ:

Մասնավորապես`

  • Կրթական ավարտական վկայականների չճանաչվածությունը հետագա մասնագիտական զարգացման լուրջ խոչընդոտներ է ստեղծում  Արցախի բուհերում սովորող հազարավոր ուսանողների համար:
  • Արցախի ուսանողները դուրս են մնում Եվրոպական բարձրագույն կրթական տարածքից, չեն օգտվում Բոլոնիայի գործընթացով երաշխավորված ծրագրերից:

Մինչդեռ, UNESCO-ի կոնվենցիայի առանցքային  դրույթներից մեկը մարդու կրթության իրավունքն է՝ անկախ նրանից, թե որտեղ է  նա բնակվում։ Նույնը վերաբերում է նաեւ Արցախում ապրող ժողովրդի  առողջության իրավունքի հարցին, որի իրացումը, դուք շատ լավ հասկանում եք, չպետք է պայմանավորված լինի Արցախի կարգավիճակով։

Ուստի, ես ակնկալում եմ Եվրոպայի Խորհրդի աջակցությունը այս լրջագույն  հարցերի  լուծման գործում։ Եվրոպայի ցանկացած  տարածքում ապրող քաղաքացին  ունի կյանքի, առողջության եւ կրթության նույն իրավունքները, եւ այդ իրավունքները երկրի քաղաքական կարգավիճակով պայմանավորելը  անթույլատրելի եւ աններելի է։

Տեսանյութեր

Լրահոս