Բաժիններ՝

Վրաստանի գլխավոր դատախազությունը խնդրում է բոլոր քաղաքացիներին, որոնք ակցիայի ցրման պահին գտնվում էին խորհրդարանի շենքի մոտ, իրենց տրամադրել ֆոտո կամ տեսանյութեր

Վրաստանի գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել Թբիլիսիում հունիսի 20-21-ին երկրի խորհրդարանի շենքի մերձակայքում հանրահավաքը ցրելիս ոստիկանների կողմից ծառայողական լիազորությունների հնարավոր վերազանցման կապակցությամբ: Այդ մասին ճեպազրույցում հայտարարել է դատախազ Կոկա Կացիտաձեն:

«Վրաստանի գլխավոր դատախազությունը հետաքննություն է սկսել Վրաստանի ՔՕ-ի 333-րդ հոդվածի երրորդ մասի «բ» ենթակետով (Ծառայողական լիազորությունների վերազանցում բռնության կամ ուժի կիրառման կապակցությամբ)` 2019 թվականի հունիսի 20-21-ին Ռուսթավելու պողոտայում խորհրդարանի շենքի մերձակայքում անցկացված ակցիայի առնչությամբ»,-ասել է Կացիտաձեն:

Գլխավոր դատախազությունը նաեւ խնդրում է բոլոր քաղաքացիներին, որոնք ակցիայի ցրման պահին գտնվում էին խորհրդարանի շենքի մոտ, իրենց տրամադրել ֆոտո- կամ տեսանյութեր, որոնք քննիչներին կօգնեն պարզելու տեղի ունեցածի օբյեկտիվ պատկերը:

Դրա հետ մեկտեղ դատախազությունը հանդես է գալիս գործին Վրաստանի մարդու իրավունքների պաշտպան Նինո Լոմջարիային միանալու նախաձեռնությամբ՝ առավել օբյեկտիվություն ապահովելու համար, հավելել է Կացիտաձեն: Խորհրդարանի շենքի մոտ հանրահավաքը ցրելիս տուժել է 240 մարդ, որոնցից 19-ը դեռեւս գտնվում են հիվանդանոցներում: Ոստիկանությունը ցուցարարներին ցրելու համար օգտագործել Է արցունքաբեր գազ, ռետինե գնդակներ եւ ջրանետներ:

Այդ իրադարձությունների մասնակիցները պնդում են, որ ոստիկանները կրակել են իրենց վրա՝ նշան բռնելով աչքերին: Առողջապահության նախարարության տվյալներով՝ առնվազն հինգ մարդ աչքերի լուրջ վնասվածքներ է ստացել: Բժիշկներն այժմ պայքարում են տուժածների տեսողությունը պահպանելու համար, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս