«Մարտահրավերներով լի շրջան է տարածաշրջանի և ԼՂ հակամարտության գոտում տիրող իրավիճակի տեսանկյունից»․ Լուկիանով

«Վաշինգտոնում կայացավ նախարարական հերթական հանդիպումը՝ առանց որևէ տեսակի առաջընթացի»,- այս մասին մեզ հետ զրույցում ասաց ռուս քաղաքական վերլուծաբան Ֆյոդոր Լուկիանովը՝ անդրադառնալով Վաշինգտոնում կայացած նախարարական հանդիպման արդյունքներին։

Հիշեցնենք, որ օրերս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդես  եկան Վաշինգտոնում ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի հանդիպման արդյունքների մասին հայտարարությամբ։

Հանդիպման մասնակիցները քննարկել են ԼՂ հակամարտության կարգավորման հարցով վերջին զարգացումներն ու հիմնական հարցերը։

ԱԳՆ ղեկավարները ներկայացրել են իրենց դիրքորոշումները և ակնկալիքները տարածաշրջան կատարած վերջին այցի ժամանակ համանախագահների կողմից առաջարկված հումանիտար և անվտագության միջոցառումների առնչությամբ։

Ցավով նշելով վերջին զոհերի մասին՝ համանախագահները կոչ են արել կողմերին հրատապ միջոցներ ձեռնարկել՝ խաղաղության և բանակցություններին նպաստող մթնոլորտի վերականգնման ուղղությամբ։

Նրանք կոչ են արել կողմերին վերահաստատել իրենց հանձնառությունը՝ խստորեն պահպանելու հրադադարը և ձեռնպահ մնալու որևէ սադրիչ գործողությունից, ներառյալ՝ դիպուկահարների կիրառումից և շփման գծում ու սահմանում ինժեներական աշխատանքներից:

Ըստ հաղորդագրության՝ համանախագահները և արտգործնախարարները համաձայնության են եկել ներկայումս առկա ուղիղ կապի միջոցից լիարժեք օգտվելու կարևորության շուրջ, որպեսզի կարողանան արագ արձագանքել և նվազեցնել լարվածության վտանգը։ Արտգործնախարարները համաձայնել են մոտ ապագայում կրկին հանդիպել համանախագահների հովանու ներքո:

Լուկիանովն արձանագրեց, որ համանախագահների տարածած հայտարարությունը լիովին համապատասխանում էր ԵԱՀԿ ՄԽ գործունեության տրամաբանությանը, այն հնարավորինս չեզոք էր այս լարված իրավիճակում, չէր արտացոլում նախարարական հանդիպման ընթացքում որևէ առաջընթաց։ Այսինքն, նրա խոսքով՝ տպավորություն է, որ նախարարական հերթական հանդիպումն էր, թեև շփման գծում ու սահմանին իրավիճակն այնքան էլ խաղաղ չէր վերջին շրջանում, իսկ ավելի մեծ տարածաշրջանում լուրջ զարգացումներ են տեղի ունենում։

«Նորությունն  այս անգամ այն էր, որ կար անդրադարձ դիրքերի ինժեներական աշխատանքներին, ինչը կողմերի համար շարունակական աշխատանք է չկարգավորված հակամարտության պարագայում։ Համանախագահների հույսը հետագա լարվածությունից խուսափելու ուղիղ կապն է, ավելի համակարգային լուծումների մասին խոսք չի գնացել Վաշինգտոնում կայացած հանդիպման ընթացքում։ Կողմերը, արձանագրենք, որ փոքր-ինչ հեռացել են նաև հումանիտար միջոցառումներ իրականացնելու նախկին պայմանավորվածություններից, որոնք խոսվել էին Մոսկվայում կայացած նախարարական հանդիպման ընթացքում։

Կարծում եմ՝ այս հանդիպումը չի օգնել ինչ-որ կերպ թուլացնել առաջացած էսկալացիան շփման գծում, բայց կարևոր է, որ նախարարները և ղեկավարները շարունակեն խոսել մի իրավիճակում, երբ տարածաշրջանային զարգացումները կարող են դրամատիկ ընթացք ստանալ ժամերի ընթացքում: Խոսքն այս հակամարտության գոտու հարևանության մասին է՝ ԱՄՆ-Իրան հարաբերություններ, զարգացումներ Վրաստանում և վրաց-ռուսական հարաբերություններ։ Սա մարտահրավերներով լի շրջան է տարածաշրջանի, այդ թվում՝ ԼՂ հակամարտության համար, քանի որ կոնֆլիկտները կարող են շղթայի տրամաբանությամբ ազդել մեկը մյուսի վրա։

Հայտնի է, որ ԼՂ հակամարտությունը սեփական դինամիկան ունեցող կոնֆլիկտ է, բայց քիչ չեն եղել դեպքերը, երբ այդ հակամարտությունն ազդվել է այլ միջազգային զարգացումներից, հատկապես, երբ չկան սպասելի արդյունավետ և կառուցողական բանակցությունները կողմերի միջև։ Կարծում եմ՝ երկրների անվտանգությունն ու դիվանագիտությունն այս օրերին ավելի ծանրաբեռնված ռեժիմով պետք է գործի՝ հասկանալով այն վտանգները, որոնք կան տարածաշրջանում և ԼՂ հակամարտության գոտում»,- ասաց նա։

Տեսանյութեր

Լրահոս