«Ռուս պատգամավորը ճիշտ տեղում և ճիշտ ժամանակին չհայտնվեց». Վրացագետը՝ Վրաստանում տեղի ունեցող իրադարձությունների մասին
Վրաստանում ընթացող բողոքի ակցիաների պատճառը ոչ թե ռուս պատգամավոր Սերգեյ Գավրիլովի ելույթն էր, այլ դրա պատճառն ավելի խորն է։ Պատճառը ներքաղաքական զարգացումներն են, որոնք տեղի են ունենում այս տարիների ընթացքում։ Այս մասին 168.am-ի հետ զրույցում նշեց վրացագետ Ջոնի Մելիքյանը՝ անդրադառնալով Վրաստանում տեղի ունեցող բողոքի ակցիաներին։
Հիշեցնենք, որ Վրաստանում ընթացող Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովը, որը պետք է ավարտվեր հունիսի 23-ին՝ ընդհատվել է բողոքի ակցիաներով։ Պատճառն այնտեղ Ռուսաստանի պատվիրակության ներկայությունն է եղել և ռուս պատգամավոր Սերգեյ Գավրիլովի ելույթը, որը համաժողովի նախագահն է եղել։
Ռուս պատգամավորների ներկայությունը միանշանակ չի ընդունվել, քանի որ պատվիրակությանը Թբիլիսիում ակտիվիստները բողոքի ցույցով են դիմավորել՝ վանկարկելով «Ռուսաստանն օկուպանտ է», որին հաջորդել են բողոքի ակցիաները։
Ըստ վրացագետի, տեղի ունեցող իրադարձությունները կարող են իշխող թիմում բերել վերադասավորումների, քանի որ խորհրդարանի նախագահն արդեն հրաժարական է ներկայացրել, և ըննդիմությունն օգտվելով բնակչության շրջանում եղած դժգոհություններից, բարձրացրեց բողոքի ալիքը, որի համար էլ օգտագործեց արտաքին տարրը։
«Ռուս պատգամավորը ճիշտ տեղում և ճիշտ ժամանակին չհայտնվեց։ Չեմ կարծում, որ այս ամենը լուրջ ազդեցություն կարող է թողնել Ռուսաստան-Վրաստան հարաբերությունների վրա։ Ի վերջո, Մոսկվայում ևս հասկանում են, որ այս ամենը ներքին գործընթացների մի մաս է, և այստեղ կարևոր է, թե ինչ արձագանք է լինելու իշխանությունների կողմից։ Մի կողմից՝ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին արդեն հակառուսական հայտարարություն է արել, ինչը, իմ կարծիքով՝ բացասական կընկալվի Մոսկվայում, սակայն իշխող թիմը դեռևս այսպիսի հակառուսական հայտարարություններով հանդես չի եկել։ Չմոռանանք, որ Ռուսաստանի և Վրաստանի հարաբերությունները բարձր մակարդակի վրա չեն գտնվում»,- ասաց Ջոնի Մելիքյանը։
Նրա խոսքով՝ մի կողմից Վրաստանի խորհրդարանի խոսնակը հրաժարական տվեց, բայց մյուս կողմից՝ իշխող թիմը թույլ չի տալու, որպեսզի ռադիկալ ուժերը դիմեն հակաօրինական քայլերի, որի փորձը եղավ հունիսի 20-ին, երբ ակտիվիստները փորձեցին գրավել խորհրդարանի շենքը։
Հարցին՝ իրադարձությունները կարո՞ղ են տարածաշրջանում հանգեցնել որոշակի լարվածության, վրացագետը պատասխանեց.
«Չեմ կարծում՝ ամեն ինչ կախված է նրանից, թե ինչ զարգացումներ տեղի կունենան Վրաստանում։ Եթե այս օրերին ընդդիմադիրների ակտիվությունը մարի, ապա ամեն ինչ հունի մեջ կընկնի, և պայքարը կընթանա օրենքի շրջանակներում։ Եթե ակցիաները ստանան ավելի լայնամասշտաբ բնույթ, և Վրաստանում ստեղծվի անկայուն վիճակ, ապա կարող է նաև ազդել հարևան երկրների վրա, քանի որ այնտեղով անցնում են որոշակի ենթակառուցվածքներ, որոնք ուղիղ կապ ունեն հարևան երկրների հետ։ Սակայն չեմ կարծում, որ իրավիճակը կշարունակվի վերջին սցենարով, քանի որ իշխանությունները երկրում լիարժեք հսկում են դրությունը։ Այս ամենի մեջ իշխանության ադեկվատ քայլերից շատ բան է կախված»։
Զվարթ Խաչատրյան