«Ակնհայտ է, որ այդ հայտարարությունը համաձայնեցված է եղել հայկական և ադրբեջանական կողմի հետ». Քաղաքագետը՝ Մինսկի խմբի հայտարարության մասին

Հունիսի 20-ին Վաշինգտոնում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը, որին հաջորդել է Մինսկի խմբի տարածած պաշտոնական հայտարարությունը։

Ցավով արձանագրելով վերջին կորուստները՝ համանախագահները հորդորել են կողմերին անհապաղ միջոցներ ձեռնարկել վերականգնելու խաղաղության և առարկայական բանակցությունների համար նպաստավոր մթնոլորտը։ Նրանք կոչ են արել կողմերին վերահաստատել իրենց հանձնառությունը խստորեն պահպանելու հրադադարը և ձեռնպահ մնալու որևէ սադրիչ գործողությունից՝ ներառյալ դիպուկահարների կիրառումից և շփման գծում ու սահմանում ինժեներական աշխատանքներից:

Համանախագահները և արտգործնախարարները համաձայնության են եկել ներկայումս առկա ուղիղ կապի միջոցից լիարժեք օգտվելու կարևորության շուրջ, որպեսզի կարողանան արագ արձագանքել և նվազեցնել լարվածության վտանգը։

168.am-ն արտգործնախարարների հանդիպման և Մինսկի խմբի տարածած հայտարարության շուրջ զրուցել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանի հետ։

– Պարոն Դանիելյան, Մինսկի խմբի տարածած հայտարարության մեջ այս անգամ ևս որևէ հիշատակում չկար Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների մասին, ինչո՞ւ դրանց մասին Մինսկի խումբը չի խոսում։

– Ակնհայտ է, որ այդ հայտարարությունը համաձայնեցված է եղել հայկական և ադրբեջանական կողմի հետ, այլապես նման հայտարարություն չէր արվի։ Այսինքն՝ հայկական կողմը համաձայնել է, որպեսզի Սանկտ Պետերբուրգի և Վիեննայի պայմանավորվածությունները չհիշատակվեն։ Ըստ երևույթին դրա փոխարեն՝ Ադրբեջանն էլ որոշակի զիջման է գնացել, և, թերևս, նման ոչ բովանդակային բանակցություններին մասնակցելն էլ Ադրբեջանի զիջումն էր։ Հիշենք, որ Ադրբեջանը «բովանդակային բանակցության» մասին նախապայմանն էր դրել մինչ հանդիպումը։

– Այս դեպքում հայկական կողմն ինչո՞ւ է խուսափում Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների մասին հիշատակելուց։

– Չեմ կարծում, որ հայկական կողմը խուսափում է՝ դատելով այս մեկ տարվա զարգացումներից, ըստ երևույթին, դրա դիմաց գնացել է ինչ-որ գործարքի։ Թե գործարքը ո՞րն է եղել, սա արդեն կարող են միայն իրենք ասել։

– Նկատի ունեք՝ ոչ հայկական կողմի համար շահեկան գործարքի՞։

– Չգիտեմ՝ շահեկա՞ն է, թե՞ ոչ, սա արդեն գնահատման խնդիր է։ Կարող եմ ուղղակի փաստը նշել, որ ակնհայտորեն ինչ-որ գործարք է եղել։

– Մինսկի խումբը կոչ է արել կողմերին զերծ մնալ դիպուկահարների կիրառումից և շփման գծում ու սահմանում ինժեներական աշխատանքներից։ Հաշվի առնելով, որ Ադրբեջանն ինժեներական մեծ ծավալի աշխատանքներ է իրականացրել սահմանում, այս առումով նրանց հայտարարությունն ուշացած չէ՞։

– Բնականաբար, հայտարարությունն ուշացած է, և ուշացած է հայկական կողմի մեղքով, որովհետև, եթե Բիշքեկի վերելակում ինչ-որ պայմանավորվածություն են ձեռք բերել կամ այդ պայմանավորվածությունն այլ տեղ են ձեռք բերել, բայց այն ամրագրվել է վերելակում, չգիտեմ, գուցե ստվերային հանդիպումներ են եղել, ապա այստեղ հայկական կողմը սահմանում, կրակի դադարեցման հետ միասին, ինժեներական աշխատանքների դադարեցման վերաբերյալ որևէ պահանջ չի դրել։

Եվ արդեն հետին թվով հասկանալով, թե ինչ է կատարվում, ըստ երևույթին հայկական կողմի պահանջով, այդ կետը նույնպես ներառվել է հայտարարության մեջ։ Սակայն բավականին ուշ է, որովհետև ըստ տվյալների՝ Ադրբեջանը շփման գծում մեծ ծավալի ինժեներական աշխատանքներ է կատարել, իհարկե, սրա մեղքը հայկական կողմի կամ ներկայիս իշխանության վրա է։

– Մինսկի խումբը ողջունել է նաև ուղիղ կապի առկայությունը՝ հորդորելով, որ այն օգտագործեն լարվածության վտանգը նվազեցնելու համար։ Ձեր կարծիքով՝ Ադրբեջանի հետ ուղիղի կապի միջոցով հնարավո՞ր է սահմանում լարվածության վտանգը նվազեցնել, և ընդանրապես այդ ուղիղ կապն Ադրբեջանն ինչպե՞ս է օգտագործում։

– Մենք պետք է հասկանանք, թե «ուղիղ կապն» ընդհանրապես ինչի համար է, քանի որ շփման գծում լինում են պլանավորված խախտումներ, այսինքն՝ դա ռազմական քաղաքականություն է, և կարող են լինել պատահական դեպքեր, երբ ինչ-որ պատահական իրավիճակը բերում է նրան, որ սահմանի այս կամ այն մասում  իրավիճակ է ստեղծվում։ Ուղիղ կապն առաջին հերթին՝ օգնում է չպլանավորված դեպքերը մարելու համար, իսկ եթե այն պլանավորված է լինում, ապա այդ կապը որևէ դեր չի կարող ունենալ։ Նման դեպքերի ժամանակ, բնականաբար, այդ կապը դրական է, և դա կարելի է միայն ողջունել։

– Ձեր դիտարկմամբ՝ Արցախի հարցի շուրջ բանակցություննե՞ր են ընթանում, թե՞ ընդամենը հանդիպումներ են։

– Ադրբեջանը ձգտում է, որպեսզի լինեն բովանդակային բանակցություններ, որը  նրանց կողմից ընկալվում է՝ որպես զիջումներ, քանի որ պարզ է, որ Ադրբեջանը զիջելու բան չունի, և տվյալ պահին զիջողը կարող է լինել հայկական կողմը։ Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա իրավիճակն այնպիսին է, որ բովանդակային քննարկումները Հայաստանին բացարձակապես պետք չեն, և բովանդակային քննարկում կարող է լինել այն ժամանակ, երբ պարզ լինի, թե Ադրբեջանն ինչ է պատրաստ զիջելու, իսկ նրա զիջումը կարող է լինել միայն Արցախի կարգավիճակը։ Այսինքն՝ ադրբեջանական կողմը բովանդակային քննարկում է պահանջում, որից, բնականաբար, պետք  է խուսափի հայկական կողմը։

Զվարթ Խաչատրյան 

Տեսանյութեր

Լրահոս